«Երազում եմ՝ մի վայրկյան իրա ժպիտը տեսնեմ, ձենը ընկնի ականջս, չեմ կարում հավատամ, որ երեխես չկա»․ որդեկորույս ծնողներ

2 տարի է անցել այն օրից, որ Արագածոտնի մարզի Թալին խոշորացված համայնքի Կաթնաղբյուր գյուղում բնակվող Բաղդասարյաններն իմացել են՝ պատերազմում իրենց ավագ որդին՝ Պողոսը, զոհվել է։ Որդեկորույս ծնողները սակայն ասում են, որ ժամանակը չի կարող ամոքել կորստյան ցավը, այն ավելի է խորացել, ամրացել իրենց սրտերում: 

«Մեր ապրելը հավասար է չապրելուն, ապրում ենք՝ հանուն մեր մյուս երեխաների: Ծնողը ո՛նց կարող ա ապրի, եթե օրվա մեծ մասդ անցնի երեխուդ մոտ՝ գերեզմանում։ Երազում եմ՝ մի վայրկյան իրա ժպիտը տեսնեմ, ձենն ընկնի ականջս։ Նկարները նայում եմ, տեղս չեմ գտնում, չեմ կարում հավատամ, որ երեխես չկա»,- հուզվում է որդուն կորցրած մայրը՝ Քրիստինե Ասատրյանը։

Պողոս Բաղդասարյանը պատերազմի առաջին օրերից առաջնագծում է եղել։ Ասկերանից, որտեղ ծառայել է «Ես եմ» ծրագրով, պատերազմի ժամանակ տեղափոխվել է Մարտունի, այնուհետև՝ Հադրութ ու մասնակցել թեժ մարտերի: 

Պողոսը ծնողներին չի ասել, որ պատերազմի դաշտում է, ընդհակառակը, երբ ծնողները հարցեր են տվել, պատասխանել է՝ ամեն ինչ լավ է, ինքը կռվին չի մասնակցում։ «Ասում էր՝ մեր մոտ խաղաղ ա, ես քարի վրա նստած եմ»։

Բաղդասարյանները, հոկտեմբերի 15-ից հետո որդուց զանգ չստանալով, սկսել են անհանգստանալ, մայրն ասում է՝ չնայած երբեք չէր մտածի, որ որդուն կկորցնի, բայց երկու օր նրա զանգը չստանալով՝ սկսել է խուճապի մատնվել։

«Ինքն ամեն օր զանգում էր, որ երկու օր չզանգեց, ես շատ անհանգստացա, սիրտս արդեն զգաց։

Հոկտեմբերի 18-ին զանգեցինք իրա զանգած բոլոր համարներով։ Տղաներից մեկը վերցրեց, ասեց՝ Պողոսը զոհվել ա»,- հուզմունքով պատմում է Քրիստինեն։

Ավելի ուշ Բաղդասարյաններն իմացել են, որ որդին հոկտեմբերի 16-ին Հադրութում շրջափակման մեջ է հայտնվել։ 65 զինվոր են եղել, 5-ը միասին զոհվել են դիպուկահարի կրակոցից Հադրութի շրջանի մարտական գործողությունների Թութակներ տեղամասից:

Բաղդասարյանները երկու ամիս որդուն փնտրել են, սակայն չեն գտել։ 2020 թ. դեկտեմբերի 27-ին որոնողական աշխատանքների արդյունքում որդու աճյունը հայտնաբերվել է։

Մայրը հիշում է ծանր օրերը․ «Դեկտեմբերի 30-ին սրտումս ծանր ցավ զգացի, ոնց որ սպասեի՝ էսօր-վաղը լուր կլսեմ, նոր տարվան՝ դեկտեմբերի 31-ի բերեցին երեխուս»,- ասում է ու հուզվում մայրը։

Պողոս Բաղդասարյանը հուղարկավորվել է ծննդավայրում՝ Կաթնաղբյուր գյուղի ընտանեկան գերեզմանատանը։

Հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով։

Քրիստինեն ասում է՝ համակերպվել չեն կարողանում, որ որդուն կորցրել են, նշում է՝ Պողոսը յուրահատուկ էր, բոլորին հասնող-օգնող․ «Ինքը մի հատ յուրահատուկ Պողոս էր, որ եկավ ու գնաց։ Մտեք գյուղը, հարցրեք՝ Պողոս ու վերջ, կտեսնեք մարդկանց վերաբերմունքը։ Բոլորը շատ էին սիրում իրեն, շատ ցավում են իր համար»։

Մայրն ասում է՝ որդին միշտ ամեն հարցում, ամեն գործում օգնում էր ընկերներին թե ընտանիքի անդամներին։ Այդպես է վարվել նաև պատերազմի ժամանակ։ «Թեժ մարտի ժամանակ մի ընկերը զոհվել է, ինքը գնացել է օգնության»։

Պողոսը շատ երազանքներ ուներ, մինչև բանակ զորակոչվելը ընդունվել և մեկ տարի սովորել է Արագածոտնի տարածաշրջանային պետական քոլեջում՝ հաշվողական տեխնիկայի միջոցների և համակարգչային ցանցերի տեխնիկական սպասարկում բաժնում։ Որոշել էր բանակից գալ, կրթությունը շարունակել։ Շատ էր ցանկանում Երևանում տուն գնել, քրոջ հետ այնտեղ տեղափոխվել , քույր և եղբայր միասին սովորեին այնտեղ։

«Քրոջն ասեց՝ գնամ-գամ, ուսանող կլինես, լավ կսովորես, քաղաքում տուն կառնենք, իրար հետ կմնանք, քաղաքում կապրենք, էն էլ երեխեքիս երազանքները մնացին կիսատ։ Բայց աղջիկս ընդունվել ա Մանկավարժական համալսարան, ախպոր երազանքը կատարում ա, արդեն տեղափոխվել է 2-րդ կուրս»։

Քրիստինեն երկու տարի է՝ ապրում է որդու նկարներով, ասում է՝ լավ է, որ որդին նկարվել շատ էր սիրում, շատ նկարներ ունի, որոնք տեղափոխում են անցյալ՝ երանելի ժամանակներ, երբ ընտանիքը երջանիկ էր, կյանքը՝ իմաստավորված։

«Հիմա մեր օրերը չեղածի հաշիվ են»,- դառնությամբ ասում է մայրը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am