«Ադրբեջանական կողմում բավական ինտենսիվորեն սկսել է քննարկվել նոր ագրեսիայի գնալու հավանականությունը»․ Տաթևիկ Հայրապետյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ադրբեջանագետ, ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը

– Տիկի՛ն Հայրապետյան, ադրբեջանական կողմն ինչպե՞ս է արձագանքում Միրզոյան-Բայրամով երկկողմ հանդիպմանը։

– Ադրբեջանի հանրային-քաղաքական դաշտում բավականին ինտենսիվորեն սկսել է քննարկվել նոր ագրեսիայի գնալու հավանականությունը։ Խոսքն Ադրբեջանի նախագահի վերջին ելույթից հետո սկսված քննարկումների մասին է, որում նա նշել է, որ «եթե Հայաստանը դուրս չբերի զինված միավորումները, ապա Ադրբեջանն իր անելիքը շատ լավ գիտի»: 

Հասկանալի է, թե ի՛նչ նկատի ունի Ալիևը, ու քանի որ այդ թեզը շրջանառվել է Ադրբեջանի արտգործնախարարի կողմից երկկողմ հանդիպման ժամանակ, ընդ որում՝ դա ոչ միայն հայկական, այլ նաև ռուսական գործոնի հետ կապված հայտարարություն է։ 

Նկատելի է նաև, որ հանդիպման երկկողմ լինելու հանգամանքը շտապել են ողջունել արևմտյան գործընկերները, ինչը խոսում է այն մասին, որ նրանց համար առանձնակի կարևոր է այն հանգամանքը, որ Ռուսաստանը ներկա չլինի այդ բանակցային սեղանի շուրջ, ու հիմնական շեշտադրումները հենց այդպիսին էին: 

Բայց, ասում եմ՝ ադրբեջանական կողմում ինտենսիվորեն քննարկվում է հնարավոր ագրեսիայի գնալու հարցը՝ Արցախից ոչ միայն հայերին, այլ նաև ռուս խաղաղապահներին դուրս բերելու համատեքստում։ 

– Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարությունը, որ սեպտեմբերից Արցախում չեն լինելու հայկական զորքեր, կարո՞ղ ենք կապել այդ ամենի հետ։

– Կարծում եմ, որ այդ հայտարարությունը շատ խնդրահարույց էր, որովհետև հաշվի չի առնվում, որ ինքը խոսել է հենց ադրբեջանական թեզերով: Հայկական զորք՝ որպես այդպիսին, չի եղել Արցախում, այսինքն՝ այդ խնդրի հետ կապված մշտապես տրվել են այլ ձևակերպումներ, ու հետաքրքրականն այն է, որ մի շարք միջազգային զեկույցներում, օրինակ՝ Ճգնաժամային խմբի, հստակ նշված է, որ այնտեղ այլևս հայկական կողմը զինված զորամիավորումներ չունի։ 

Միշտ էլ խոսքն այն զինծառայողների մասին է եղել, որոնք մեկնել են Արցախ, այսինքն՝ շեշտվել է այդ ծառայության կամավորական բնույթը, ու այժմ անվտանգության խորհրդի քարտուղարը խոսում է հենց ադրբեջանական թեզերով՝ փորձելով հակադարձել նրանց ու հերթական անգամ ինչ-որ պաշտպանողական դիրքերից է հանդես գալիս այն պարագայում, երբ անգամ միջազգային զեկույցներն են մեր օգտին խոսում, բայց, ըստ էության, դա էլ օգտագործելու ունակություն չունեն։

– Արձանագրե՞նք, որ Ադրբեջանը, փաստորեն, չի էլ ուզում սպասել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ սահմանված ժամկետներին, որից հետո նոր միայն կորոշվի ռուսական խաղաղապահ զորքերի մնալ-չմնալու հարցն Արցախում, տիկի՛ն Հայրապետյան։

– Վստահ եմ, որ չեն ցանկանա սպասել, բայց, կարծում եմ, հարկադրված կլինեն հաշվի առնել այդ ժամկետները: Գնալով Ադրբեջանում, նաև՝ քաղաքական ղեկավարության շրջանում, հակառուսական տրամադրություններն ու գործողությունները ուժեղանալու են, դա անխուսափելի գործընթաց է։ Այսինքն՝ երբ ասում եմ՝ Ադրբեջանի հասարակական-քաղաքական դաշտում, ապա պետք է նկատի ունենանք, որ այդ ամենն ուղղորդվող ելույթներ ու հայտարարություններ են։ 

– Ադրբեջանը կգնա՞ այդ ագրեսիային, թե՞ սա Հայաստանից նոր զիջումներ կորզելու նպատակով արվող ճնշման փորձ է։

– Առաջնահերթ սպառնալիքի ձև է, գործ ունենք ուժի սպառնալիքի կիրառման հետ շարունակական ու հստակ ձևով, բայց միևնույն ժամանակ պետք է նշել, որ Ադրբեջանը ռազմական սցենարներ ևս դիտարկում է, այսինքն՝ եթե իրավիճակը նպաստավոր լինի՝ իրենք չեն զլանա ռազմական ճանապարհով գնալ։ 

– Տիկի՛ն Հայրապետյան, հայաստանյան վերլուծաբանական դաշտի մի մասը նշում է, որ, անկախ արդյունքներից, միևնույն է՝ Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա երկխոսությունը չեզոքացնում է նոր պատերազմի հնարավորությունը։ Համակարծի՞ք եք այս թեզին, ու արդյոք ադրբեջանական կողմը և՞ս այսպես է մտածում։

– Բնավ ոչ, ընդհակառակը՝ ադրբեջանական կողմն ավելի ագրեսիվ է դառնում այս ամենի արդյունքում։ Բնականաբար միջնորդները, ով էլ դրանք լինեն, իրենց շահերն ունեն ու միշտ փորձում են առաջնորդվել դրանցով, բայց այդ միֆը, որը հիմնականում իշխանամերձ փորձագիտական շրջանակներն են փորձում տարածել, թե դա կանխում է պատերազմի ռիսկը, բնավ չի համապատասխանում իրականությանը, ու ոչ միայն մեր, այլ նաև համաշխարհային պատմությունը դրա մասին բազմաթիվ օրինակներ ունի։ 

Եթե ուզում ենք կանխել ագրեսիան և պատերազմը մեր հակառակորդների հետ, պետք է պատրաստ լինենք դրան դիմագրավելու, երբ հակառակորդն իմանա, որ պատրաստ ես դիմագրավելու, ապա պատերազմ սկսելուց առաջ շատ ավելի երկար կմտածի։ Այսինքն՝ պատերազմը կանխելու միակ ու հիմնական ձևը պատերազմին պատրաստ լինելն է, որ միշտ գերադասեն քեզ հետ բանակցել, ու այդ սեղանի շուրջ դու կարողանաս քո շահերից բխող բովանդակություն առաջ մղել։

Իսկ քանի դեռ չկա այդ անվտանգային համակարգը, այդ կոնցեպտը, որ անկախ ամեն ինչից՝ մենք պատրաստ ենք լինելու Ադրբեջանի ուժին ու ուժի սպառնալիքին արձագանքելու, ապա, վստահեցնում եմ՝ մեզ որևէ բանակցային սեղան չի փրկի։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am