«Հիմա ամենածանրը կառավարության գործն է, ես զարմանում եմ, երբ տեսնում եմ՝ համացանցում նրանց շնորհավորում են, նրանց ցավակցել է պետք». Արմեն Մովսիսյան

«Հիմա ամենածանրը կառավարության գործն է, ես զարմանում եմ, երբ տեսնում եմ՝ համացանցում նրանց շնորհավորում են, նրանց ցավակցել է պետք». Արմեն Մովսիսյան
«Հիմա ամենածանրը կառավարության գործն է, ես զարմանում եմ, երբ տեսնում եմ՝ համացանցում նրանց շնորհավորում են, նրանց ցավակցել է պետք». Արմեն Մովսիսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է երգիչ, երգահան Արմեն Մովսիսյանը:

– Պարո՛ն Մովսիսյան, ի՞նչ սպասելիքներ ու ակնկալիքներ կան Հայաստանի նոր կառավարությունից այս փուլում, երբ տեսնում ենք բազմաթիվ բողոքի ակցիաներ։ Նիկոլ Փաշինյանն էլ դրանցում սաբոտաժի տարրեր տեսավ։

– Հեղափոխությունը նոր է եղել, ու, իմ կարծիքով, հիմա ամենածանրը կառավարության գործն է։ Ես անգամ կասեի՝ տղերքը կամիկաձե են, որոնք երկրում առկա տնտեսական, սոցիալական ու բազմաթիվ այլ ոլորտներում խորացած խնդիրները պետք է կարողանան արագ կարգավորել։ Դա շատ դժվար գործ է, ես միշտ զարմանում եմ, երբ տեսնում եմ՝ համացանցում նրանց շնորհավորում են։ Նրանց ցավակցել է պետք, շնորհավորելու բան չկա, նրանք շատ անելիքներ ունեն։

Իհարկե, մարդիկ կան, որ դժգոհ կլինեն, քաղբանտարկյալների հարցով մարդիկ անհամբեր են, ուզում են ժամ առաջ այդ հարցը լուծվի։

Նրանց էլ կարելի է հասկանալ. ամեն դեպքում էդ մարդիկ սանատորիայում չեն, բայց համբերել է պետք։ Մենք տեսնում ենք, որ վարչապետը ոչ միայն խոսքով, այլև գործով քայլ առ քայլ գնում է խնդիրների հնարավոր լուծմանը։ Պետք է նաև հաշվի առնենք, որ երկու շաբաթվա կառավարություն է։ Ես կասեի՝ այս երկու շաբաթում նա ավելի շատ բան է անում, քան մնացած բոլորը տասնամյակների ընթացքում։ Ես լավատես եմ։

– Ձեր կարծիքով՝ ի՞նչ կհաջողի անել այս կառավարությանը, հաշվի առնելով, որ Հայաստանում այս պահին կարծեք թե երկիշխանություն է. կառավարությունում Փաշինյանն է իր թիմակիցներով, Ազգային ժողովում ՀՀԿ-ն է մեծամասնություն, նաև՝ գլխավոր դատախազը, ՀՔԾ պետը, Երևանի քաղաքապետը, այլ ընտրովի պաշտոններում ՀՀԿ-ական կադրերն են։ Մտահոգիչ չէ՞, որ կառավարությանը չեն թողնի աշխատել այնպես, ինչպես նա ցանկանում է։

– Ես էլ այդ մտահոգություններն ունեմ։ Մի քանի օր առաջ Ազգային ժողովի նիստն էի նայում, ու տպավորություն էր, թե ՀՀԿ-ականները սպիտակ թևերով հրեշտակներ են։

Շատ խոհեմ էին իրենց պահում։ Հուսամ՝ կշարունակեն խոհեմ լինել, հուսամ՝ բոլորի համար այս երկրում ինչ-որ բան փոխվել է դեպի լավը։ Ով չունի երկար պոչեր, որոնք եղել են հանրային սեփականության թալանի մեջ, վախենալու բան չունի։

Քանի անգամ շեշտվեց, որ վենդետայի ցանկություն ոչ ոք չունի, ուղղակի ուզում ենք նորմալ երկիր սարքել։ Իսկ ով ունի այդ պոչերն ու վախեր ունի, պարզ է, կփորձեն դիմել սաբոտաժի, դավերի։ Հուսամ՝ կհաղթահարի նոր վարչապետը, իսկ նոր կառավարությունը, թիկունքին ունենալով ժողովրդի համակրանքը, կկարողանա անկորուստ անցնել այս փորձության միջով։

– Նախօրեին զինված ուժերի գլխավոր շտաբի պետ նշանակվեց գեներալ-մայոր Արտակ Դավթյանը։ Հաշվի առնելով ձեր վերաբերմունքը բանակի նկատմամբ՝ ինչպե՞ս եք գնահատում այս նշանակումը։

– Ծանոթ չեմ, ինձ համար բոլորովին նոր անձնավորություն է, տեղեկություն չունեմ։ Հուսամ՝ ի բարօրություն կլինի այդ փոփոխությունը։ Հուսամ՝ մեր զինված ուժերը դրանից ավելի շահած դուրս կգան։ Սպասենք՝ տեսնենք։

– Վտանգներ տեսնո՞ւմ եք, որ հնարավոր չի լինի տրամաբանական ավարտին հասցնել հեղափոխությունը, քանի որ ՀՀԿ-ականները չեն համաձայնի գնալ արտահերթ ընտրությունների, որի արդյունքում կարող են կորցնել մեծամասնությունը խորհրդարանում։

– Վարչապետն ասաց, թե ամեն ինչ անելու են, որ աշնանը տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Դա սկզբունքորեն Ազգային ժողովում լեգիտիմ մեծամասնության ձևավորման հարցն է, որը երկրի կառավարմանը կնպաստի։ Դեպքերը Հայաստանում այնքան արագ են փոխվում 20-ամյա ճահճից հետո, որ հիմա շատ դժվար է կանխատեսում անելը։ Բայց հետևելով վարչապետի քայլերին՝ տեսնում եմ, որ ամեն բան դրական ընթացքով է գնում, ասված խոսքերը դառնում են գործ։

Պարզ է, որ հեղափոխությունից հետո ամեն բան մեկ օրում չի կարող փոխվել, մարդկանց դեմ հաշվեհարդարներ լինեն։ Ընթացքը հուշում է, որ դրական միտում կա։ Նիկոլ Փաշինյանն իր բոլոր ասածները կատարում է՝ և՛ քաղբանտարկյալների հարցերն են լուծվում, և՛ հանցագործություն կատարած անձանց պատասխանատվության հարցերն է բարձրացնում։

Մարդիկ, որոնք դեռևս չեն հասկանում, որ ժամանակները փոխվում են, կամաց-կամաց իրենք էլ կհասկանան, որ ուրիշ ժամանակներ են։ Հիմա ո՛չ Երևանի քաղաքապետը, ո՛չ գլխավոր դատախազը Հայաստանի կառույցների ղեկավարներ չեն և ենթակա են Հայաստանի ժողովրդին։ Եթե անգամ նրանք ուղղակի ենթակա չեն վարչապետին, այդուհանդերձ, երկրի ղեկավարը վարչապետն է, ու չեմ կարծում, որ նրանք կկարողանան իրենց նախկին ստրկամիտ մտածողությամբ երկար շարունակել ազատության նոր շնչին, որը Հայաստանն ստացել է։

– Կարծում եք, որ ինչ-որ կետից գլխավոր դատախազը, քաղաքապետը, մյուս ՀՀԿ-ական կադրերը հրաժարակա՞ն կտան։

– Եթե անգամ հրաժարական չտան, կհասկանան, որ իրենք իրենց տեղում պետք է լինեն, իրենք չեն կարող այլևս քաղաքական պատվեր կատարել, ինչպես նախկինում կատարել են։ Երեկ Կարո Եղնուկյանն ազատ արձակվեց, մինչդեռ գրավի նույն պայմանը մեկ տարի առաջ առաջարկվել էր, սակայն բացահայտ քաղաքական հաշվեհարդարով ու քաղաքական պատվերով նա մեկ տարի ավելի մնաց բանտարկված։

Սա հուշում է, որ այն ժամանակ դատախազությունն ու դատարանը քաղաքական պատվեր էին կատարել։ Հիմա ես չգիտեմ՝ գլխավոր դատախազը կմնա՞ նույնը, թե՞ կհասկանա, որ իր ժամանակն անցել է, ու կհեռանա պաշտոնից, բայց վերջապես իրենք մի բան հասկացան, որ քաղաքական պատվերների ժամանակն անցել է։ Մենք ուրիշ մտածելակերպի երկիր ենք կառուցում։

Վարչապետն էլ հայտարարեց, որ հրահանգներ չի տալու դատավորներին։ Նրանք իրենք պետք է հասկանան, որ կա՛մ իրենք իրենց տեղում չեն, կա՛մ պետք է փոխվեն։ Տեսնենք՝ ո՛ր տարբերակը կլինի։ Իհարկե, լավ կլիներ, եթե հենց սկզբից ունենայինք ազատամիտ մարդիկ, բայց ունենք այն, ինչ ունենք, և փորձում ենք մեր եղածի վրա շարել մեր պատկերացրած հայրենիքի տեսլականը։

– Կարծում եք՝ այս տարի անպայման տեղի կունենա՞ն արտահերթ ընտրություններ, ինչպես հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

– Ընտրությունները, ինձ թվում է՝ կլինեն։ Որքան տեղյակ եմ, արդեն աշխատում են ընտրակեղծիքները բացառող համակարգ ու օրենք ձևավորելու վրա։ Հանրային կարծիքը դրական է տրամադրված այդ ընտրությունների անցկացման հարցում, որովհետև բոլորը հասկանում են, որ այս Ազգային ժողովը լեգիտիմ չէ։ Ի վերջո, այդ էջը պետք է փակվի, որ նոր Հայաստանը կառուցվի։ Ինձ թվում է՝ այս տարի արտահերթ ընտրությունները տեղի կունենան։

Մանե Հարությունյան

MediaLab.am