Դպրոցի տնօրենը կաշառք է պահանջել ու ստացել. ոստիկանության բացահայտումը

Ոստիկանության ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա վարչություն հրավիրված մի կնոջ սեպտեմբերի 1-ին ներկայացված բանավոր հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Երևանի Ալեքսանդր Բլոկի անվան թիվ 122 հիմնական դպրոցի տնօրենը, նույն դպրոցում որպես դասվար աշխատանքի ընդունելու և այդ կապակցությամբ հայտարարված մրցույթում հաղթող ճանաչելու գործընթացը կազմակերպելու համար,

2019 թվականի օգոստոսին իր աշխատասենյակում ոստիկանություն հրավիրված կնոջից որպես կաշառք պահանջել է 1500 դոլարին համարժեք 716 հազար դրամ, որից 1000 դոլարին համարժեք 478 հազար դրամը կինը տնօրենին է փոխանցել իրենց պայմանավորվածության մասին տեղեկացված, նույն դպրոցի ուսումնական աշխատանքների գծով փոխտնօրենի միջոցով, իսկ 500 դոլարին համարժեք 238 հազար դրամն անձամբ տվել է տնօրենին:


Առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում
հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է քննչական կոմիտե՝ նախաքննություն կատարելու համար:`

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: