Խաղաղության գինը Ուկրաինայի համար այդ տարածքները Ռուսաստանի մաս ճանաչելն է, այս պահին դա միակ ելքն է. Դավիթ Կարապետյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը

– Պարո՛ն Կարապետյան, կայացավ Թրամփ-Զելենսկի հանդիպումը, ինչպե՞ս կգնահատեք հանդիպումն ընդհանուր առմամբ, և ի՞նչ զարգացումներ են հնարավոր ռուս-ուկրաինական պատերազմում այս հանդիպումից հետո:

– Հանդիպումը չակերտավոր կառուցողական կարելի է համարել, որովհետև, ի տարբերություն նախորդի, որն ավելի շատ էմոցիոնալ հանդիպում էր ու բավականին վատ վերջնարդյունք ունեցավ, այս հանդիպումը երկուստեք ավելի լավ էր այն առումով, որ կողմերը սթափ ու գիտակից էին, հասկանում էին իրավիճակը:

Բնականաբար, Զելենսկին հասկանում էր, որ ինքը հրավիրվել է Վաշինգտոն, որպեսզի լսի Պուտինի մեսիջը և Թրամփի դիրքորոշումը: Մտքերի փոխանակում եղավ պատերազմի դադարեցման վերաբերյալ, բայց դարձյալ՝ վերջնարդյունքը պարզ չէ, որովհետև տպավորություն ստեղծվեց, որ որոշումը պետք է կայացվի Պուտինի հետ հանդիպման ժամանակ: 

Նկատելի էր, որ Զելենսկին, գիտակցելով պահի լրջությունը, այդուամենայնիվ, գնալու է զիջումների, որպեսզի մինիմումը հրադադար տեղի ունենա: Կարծում եմ, որ և՛ եվրոպական լիդերները, և՛ Թրամփը փափուկ ուժի միջոցով հասկացնում են, որ որոշակի զիջումների գնով պետք է կանգնեցնի պատերազմը: Ես կարծում եմ, որ Զելենսկին գիտակցում է, որ ինքը գնալու է զիջումների, ընդ որում՝ տարածքային զիջումները ճանաչելով՝ Ռուսաստանի օկուպացիոն տարածքները, որ պետք է մնան Ռուսաստանի վերահսկողության տակ: 

– Բացի այդ՝ էլ ի՞նչ զիջումների է գնալու Ուկրաինան:

– Տարածքներն արդեն ասացի, բայց հարց է՝ արդյոք այն պահանջները, որ Ռուսաստանն առաջ է քաշում, այսինքն՝ Զապորոժիեի, Խերսոնի մարզերը պե՞տք է ամբողջությամբ իր վերահսկողության տակ մնան, արդյոք այդ պահանջ-պայմանը առաջ կգնա՝ չեմ կարծում: 

Այս պահին, կարծում եմ, որ կբավարարվի միայն օկուպացված տարածքների՝ Ռուսաստանի վերահսկողության տակ մնալը: Այս պահով որոշակիություն կա, իսկ մնացած առումներով դեռ անորոշ է, մինչև տեղի չունենա Պուտին-Զելենսկի հանդիպումը, ինչի մասին ասել է Թրամփը: 

Կարծում եմ նաև, որ եվրոպական առաջնորդները, որոնք մինչ այժմ այլ հռետորաբանություն էին բանեցնում ռուս-ուկրաինական պատերազմի վերաբերյալ, հիմա արդեն «քարը փեշներից թափել են»: 

– Այսինքն՝ հրադադարը հնարավոր համարո՞ւմ եք, պարո՛ն Կարապետյան:

– Հավանական համարում եմ, եթե Զելենսկին համաձայնի տարածքների զիջման մասով, որովհետև Ռուսաստանի հիմնական պահանջը դա է, իսկ մեկ այլ հիմնասյունային պահանջը, որն էր՝ ՆԱՏՕ-ին չանդամակցելը, պաշտոնապես հերքվել է: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը տառացիորեն ժամեր առաջ հայտարարեց, որ անգամ քննարկման առարկա չէ Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ի անդամակցությունը: Այնպես որ, այստեղ հարցը մնում է տարածքների զիջման պահը, որ պետք է Ռուսաստանի այդ պահանջը բավարարվի: 

Խաղաղության գինը այդ տարածքները Ռուսաստանի մաս ճանաչելն է Ուկրաինայի համար, դա այս պահին միակ ելքն է Ուկրաինայի համար: Իհարկե դա ուլտիմատում է, աննորմալ, աբսուրդային է, որովհետև դա խոսում է միջազգային բոլոր նորմերի վրա թքած ունենալու մասին: 

Տեսանելի է, որ ուժը ծնում է իրավունք, թե ինչպես կարող է մեկ սուվերեն պետություն երկու հեգեմոն պետությունների լիդերների կուլիսային պայմանավորվածությունների արդյունքում ստիպված է տարածքներ զիջել, ու որպես խաղաղության գին՝ օկուպացիան ճանաչվի դե ֆակտո և դե յուրե, աբսուրդի ժանրից է, բայց դա է իրականությունը: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am