«Իշխանությունները տեղյակ չեն եղել ոչ երկրից դուրս բերված գումարից, ոչ դրա ծագումից, ոչ էլ Վիգեն Սարգսյանի ձեռք բերած առանձնատնից». Արման Բաբաջանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը

– Պարո՛ն Բաբաջանյան, պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին առնչվող փաստաթուղթ հրապարակեցիք երեկ ձեր ֆեյսբուքյան էջում, որի համաձայն ԱՄՆ-ում նախկին նախարարը 2 մլն դոլարով առանձնատուն է գնել: Կխնդրեմ մի փոքր մանրամասնեք, որտեղի՞ց է այդ փաստաթուղթը ձեր ձեռքին հայտնվել։

Մանրամասների մեջ չեմ ուզում մտնել։ Կարող եմ միայն ասել, որ օրերս՝ ԱՄՆ-ում գտնվելուս ընթացքում, պատկան մարմինների ներկայացուցիչները, որոնք զբաղվում են Հայաստանից ԱՄՆ տեղափոխված կապիտալով կատարված ներդրումների ուսումնասիրմամբ, հանդիպել են ինձ հետ։ Այլ մանրամասներ չեմ կարող փոխանցել։

– Ինչպե՞ս է կարողացել Վիգեն Սարգսյանն այդ գումարը առանց խոչընդոտների դուրս բերել Հայաստանից: Պետական մակարդակով օժանդակությո՞ւն է եղել։

– Ենթադրում եմ, որ առանց համապատասխան աջակցության, ոչ անպայման պետական մակարդակով, դժվար կլիներ այդչափ մեծ գումար փոխանցել ԱՄՆ։ Վիգեն Սարգսյանի դեպքը, սակայն, իմ ունեցած նախկին այլ պաշտոնյաների շարքում ամենաանմեղն է։ Ժամանակին ահռելի համակարգեր են աշխատել, որոնք անարգել թույլ են տվել ապօրինի ծագմամբ մեծ գումարներ դուրս բերել երկրից։

– Այս հանգամանքն ինչի՞ մասին է վկայում: Նախկին բարձրաստիճան պաշտոնյային որտեղի՞ց այդքան գումար:

– Կարծում եմ՝ այդ հարցով պետք է արդեն զբաղված լինեին համապատասխան գերատեսչությունները։ Որքան հասկացա, միայն իմ վերջին հրապարակումն է հիմք հանդիսացել, որ Վիգեն Սարգսյանին վերագրվող գույքը և միջոցները դառնան քննության առարկա։

– Պարո՛ն Բաբաջանյան, ձեր այս հրապարակման վերաբերյալ եղան տարբեր արձագանքներ, ոմանք այն կեղծիք որակեցին, դրան արձագանքեց նախկին նախարարը՝ պնդելով, թե գործող իշխանությունները տեղյակ են եղել այդ տան մասին։ Պնդո՞ւմ եք, որ ձեր հրապարակած թուղթը կեղծիք չէ։ Հնչած մեկնաբանություններին ինչպե՞ս եք վերաբերվում։

– Ճիշտն ասած, ՀՀԿ-ական մի քանի ոռնոցի մասին են ինձ տեղեկացրել, բայց Վիգեն Սարգսյանն անձամբ հաստատել է, որ առանձնատունը Մասաչուսեթսում ինքն է ձեռք բերել։

Ինչ վերաբերում է Սարգսյանի պնդմանը, թե ինքը տեղյակ է պահել Հայաստանի իշխանություններին ձեռքբերման մասին. համենայնդեպս, հաստատապես կարող եմ ասել, որ գործող իշխանությունները տեղյակ չեն եղել ոչ երկրից դուրս բերված գումարից, ոչ դրա ծագումից, ոչ իսկ ձեռք բերված առանձնատնից։

– Ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում այս հարցի առնչությամբ։ Դատախազությունը, ի դեպ, ուսումնասիրություն է սկսել ձեր հրապարակման հիման վրա։

– Հույս ունեմ, որ ուսումնասիրության առարկա կդառնա Վիգեն Սարգսյանի ոչ միայն այս, այլև Հայաստանում նրա անվամբ այլ ապօրինի գույքը և միջոցները։

– Ընդհանրապես, ապօրինի գույքի բռնագանձման գործընթացն ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում 2018 թվականից հետո:

– Շոշափելի արդյունք դեռևս չենք տեսել։ Համապատասխան կամք լինելու դեպքում կարելի էր շատ ավելին անել, հասարակության սպասումները իրապես արդարացնել։

– Պարո՛ն Բաբաջանյան, արդեն տեղեկացրել եք, որ ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալ Սրբուհի Գալյանն առաջիկայում աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ, Վաշինգտոն՝ կարևոր հանդիպումների և քննարկումների համար։ Այս այցից ի՞նչ ակնկալիքներ ունեք, լիահո՞ւյս եք, որ շոշափելի արդյունքներ կլինեն։

– Իհարկե լիահույս չեմ։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am