«Փաշինյանի օրոք մարտի 1-ի պատասխանատուներն անհեթեթ ու չհիմնավորված մեղադրանքներով արդարացվեցին». Նորայր Նորիկյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, իրավաբան Նորայր Նորիկյանը

– Պարո՛ն Նորիկյան, այսօր Երևանում բացվեց 2008 թվականի Մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանը: Հուշարձանի և օրվա խորհրդի մասով ձեր դիտարկումներն եմ խնդրում։

– Հուշակոթողի մասով որևէ բան չեմ կարող ասել, որովհետև չեմ հասցրել տեսնել ու նաև չգիտեմ, թե դա ի՛նչ է խորհրդանշում։ Ինչ վերաբերում է օրվա խորհրդին․ մարտի 1-ը ես դիտարկում եմ ժողովրդի վրա կրակելով՝ իշխանությունը զավթելու քայլ, որովհետև ես խորապես համոզված եմ, որ այդ օրը ուղերձ էր հանրությանը, որ որոշակի մարդիկ, տիրապետելով իշխանական լծակների, իրենց իրավունք էին վերապահել կրակել ժողովրդի վրա՝ իրենց իշխանությունը հավերժացնելու համար։ 

Շարունակում եմ մնալ այն համոզման, որ պետք է ամեն ինչ արվի Հայաստանի Հանրապետությունում, որ որևէ մեկի մտքով չանցնի կրակել ժողովրդի վրա, որպեսզի իր իշխանությունը հավերժացնի, այդպիսի մարդիկ որևէ անելիք չունեն Հայաստանի քաղաքական կյանքում, ավելին՝ նրանք պետք է ենթարկվեին քրեական պատասխանատվության, բայց, ցավոք սրտի, պետք է ասենք, որ «Մարտի 1-ի» գործով տեղի է ունեցել կատարյալ ձախողում, տապալվել են այդ գործի բացահայտմանն ուղղված աշխատանքները, ու այս իշխանությունն էլ ի զորու չեղավ իրականացնել այնպիսի քայլեր, որ մարտի 1-ի ոճրագործները ստանային իրենց արժանի պատիժը։ 

– «Մարտի1-ը բացահայտված է, բայց մեղավորները դեռևս պատասխանատվության չեն ենթարկվել», Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունն ինչպե՞ս եք գնահատում։

– Նիկոլ Փաշինյանի ասածը որևէ առնչություն կամ աղերս չունի իրավաբանության հետ, սա հերթական հայտարարություն է, որը ճիշտ բնորոշելու համար ուղղակի բառ չեմ գտնում։ Նման բան չի լինում, որ գործը բացահայտված լինի, բայց մեղավորները պատասխանատվության չենթարկվեն։ 

Իր ու իր իշխանության համար գուցեև շատ բան պարզ է, բայց ակնհայտ է, որ իրենց իշխանության օրոք մարտի 1-ի պատասխանատուները ոչ միայն չպատժվեցին, այլ նաև անհեթեթ ու չհիմնավորված մեղադրանքներով արդարացվեցին, ու, ըստ էության, մենք գործ ունենք մի իրողության հետ, որ մարտի 1-ի ոճրագործները, հրաման տվողներն ու կատարողները լեգալիզացվեցին, ու նրանց արարքներին համապատասխան քրեաիրավական գնահատական չտրվեց։ Թե Նիկոլ Փաշինյանի համար ի՛նչն է բացահայտված, ի՛նչն է պարզ, կներեք, դա սուբյեկտիվ արտացոլանք է, ոչ թե ինչ-որ օբյեկտիվ գնահատական։

– Մարտի 1-ի իրական պատասխանատուներին գտնելու, պատժելու փաստերն իսկապե՞ս այդքան սակավ էին, թե՞ այս իշխանությունը դա անելու ցանկություն ու քաղաքական կամք չուներ։

– Այդ ոճրագործությունը տեղի է ունեցել հասարակության աչքի առաջ, դա տեղի է ունեցել կոնկրետ դերակատարների ներգրավմամբ, ու հիմա փորձ է արվում այդ ամենը սահմանափակել ու պայմանավորել միայն անմիջապես կրակողների չբացահայտմամբ, այն դեպքում, երբ մարտի 1-ի ոճրագործությունն իր մեջ բազմաթիվ այլ հանցագործություններ է ենթադրում, այդ թվում՝ հրաման տվողների, բանակը քաղաքական գործընթացներում ներքաշելու, օլիգարխների ու նրանց թիկնազորի ներգրավումը, ժողովրդին ծեծելը, բռնության ենթարկելը, բա սրանք ինչո՞ւ չեն բացահայտվում։ 

Ես սա համարում եմ և՛ քաղաքական կամքի բացակայության, և՛ ոչ պրոֆեսիոնալիզմի հետևանք։ Իմ համոզմունքն այն է, որ այս իշխանությունը չունի հիմնական ոճրագործներին պատասխանատվության ենթարկելու նպատակ, եթե լիներ, ես ձեզ հավաստիացնում եմ, որ մեկ-երկու տարին բավարար էր օրինական եղանակով բոլոր հանցագործներին հայտնաբերելու ու պատժելու։ Անիմաստ է խոսել հիմա, որ այդ ոճրագործները երբևէ պատասխանատվության կենթարկվեն։

– Կարծում եք՝ ի վերջո պատասխանատվության չե՞ն ենթարկվի, պարո՛ն Նորիկյան։

– Բացառում եմ, որ այս իշխանության օրոք մարտի 1-ի ոճրագործները ենթարկվեն պատասխանատվության։ Հինգ տարին բավարար էր ինձ համար՝ նման եզրահանգման գալու համար։ 

– Իսկ պատասխանատվության չենթարկելն ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ։

– Պետական, դատական իշխանության նկատմամբ ժողովրդի վստահությունը, հավատը մեկ անգամ ևս բռնաբարվեցին, ու երկրորդը՝ որոշ սեգմենտների մոտ կարող է ծագել այն միտքը, որ եթե կարելի է կրակել ժողովրդի վրա ու պատասխանատվությունից խուսափել, ինչո՞ւ իրենք ևս առիթի դեպքում նույնը չանեն։ 

Ինչո՞ւ պետք է բացառենք այս տեսական հնարավորությունը, հենց դրա համար եմ ասում, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի որևէ մոլագարի մտքով չանցնի կրակել ժողովրդի վրա՝ իշխանության մնալու համար։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am