Երևանում բնակարանների շուկայական միջին գները նվազել են

Երևանում փետրվարին բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայական միջին գները՝ 1 քմ մակերեսի հաշվարկով նվազել են 2020-ի փետրվարի գների նկատմամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:

Հայաստանում փետրվարին գրանցվել է անշարժ գույքի առուվաճառքի 3902 գործարք՝ 2020-ի նույն ժամանակի 4533-ի համեմատ: Սակայն այս տարվա փետրվարի գործարքների քանակը զգալիորեն ավելին է, քան նույն տարվա հունվարինը, երբ գրանցվել էր 2264 առուվաճառքի գործարք: Այս տարվա փետրվարին ամենաշատ առուվաճառքի գործարքներ իրականացվել են Երևանում՝ 1152, ամենաքիչը՝ Վայոց ձորում՝ 63:

Ընդ որում` Երևանում բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայական միջին գները նախորդ տարվա համեմատ զգալիորեն իջել են: Օրինակ Կենտրոնում 1 քառ. մետր մակերեսի հաշվարկով շուկայական միջին գինը փետրվարին կազմել է 605 հազար 200 դրամ՝ 2020 թվականի  փետրվարի 665 հազարի համեմատ: Արաբկիրում այս տարվա փետրվարին այն կազմել է 435 հազար, նախորդ տարվա փետրվարին շուրջ 462 հազար էր, Դավթաշենում 2021-ի փետրվարին կազմել է 314 հազար, 2020-ի փետրվարին՝ 348 հազար դրամ: Այս տարվա փետրվարին Երևանում բնակարանների գները հիմնականում որոշակիորեն նվազել են նաև նույն  տարվա հունվարի նկատմամբ:

Մարզերում, սակայն այլ պատկեր է, որոշներում գները նույնն են, որոշումներ փոքր-ինչ աճել են, որոշներում՝ նվազել: