Մահացել է ռեժիսոր Սերգեյ Սոլովյովը

77 տարեկան հասակում մահացել է Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր և մանկավարժ, «Ասա» ֆիլմի հեղինակ Սերգեյ Սոլովյովը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հայտնելով, որ աղբյուրը ռեժիսորի շրջապատից է։

«Սերգեյ Ալեքսանդրովիչը մահացել է այսօր, դա տեղի է ունեցել իր տանը»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Մահվան պատճառը չի նշվում։ Տեղեկատվությունը պաշտոնապես հաստատել է ВГИК-ը։

Սերգեյ Սոլովյովը նկարահանել է «Մանկությունից հարյուր օր անց» (1975 թ.), «Փրկիչը» (1980 թ.), «Անմիջական ժառանգուհին » (1982 թ.), «Ասա» եռերգությունը (1987 թ.), «Սև վարդը տխրության խորհրդանիշն է, կարմիր վարդը՝ սիրո» (1989), «Տուն աստղային երկնքի տակ» (1991) և այլ ֆիլմեր։

1985թ.-ից դասավանդել է ВГИК -ում։ Եղել է ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր (1977, «Մանկությունից հարյուր օր անց» ֆիլմի համար)։ Ստացել՝ Լենինյան կոմսոմոլի մրցանակ (1976), Կինոտավր մրցանակ (1992): Պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» IV աստիճանի շքանշանով (2005 թ.):