Ադրբեջանը փորձելու է «Զանգեզուրի միջանցքի» հարցում սիրաշահել Հայաստանին ու ճանապարհ ստանալ. Ռոբերտ Ղևոնդյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը

 – Պարո՛ն Ղևոնդյան, Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, որ սեպտեմբերի 20-ից հետո ավելի է հեշտացել խաղաղության պայմանագրի կնքումը: Ալիևի հայտարարության վերաբերյալ ձեր դիտարկումներն եմ խնդրում, և որքանո՞վ եք դուք հավանական համարում այդ պայմանագրի կնքումը:

– Այս հայտարարությունները ցույց են տալիս այն, որ Ադրբեջանը համակերպվել է միջազգային այն իրավիճակի հետ, որը գոյություն ունի կամ գոնե ցույց է տալիս, թե համակերպվել է, ու փորձելու է «Զանգեզուրի միջանցքի» հարցում սիրաշահել Հայաստանին ու իրենց պատկերացումներին հնարավորինս ավելի մոտ ճանապարհ ստանալ: Այսինքն՝ գուցե չլինի արտատարածքային միջանցք, բայց, ասենք, վերահսկման գործընթացն իրականացնեն ոչ թե հայերը, այլ՝ մի երրորդ պետության ներկայացուցիչներ և այլն, ինչը որոշակի առումով մոտեցնում է Հայաստանի ու Ադրբեջանի տեսակետները, թեև չի նույնացնում: 

Սա ցույց է տալիս մեկ բան, որ հետագա աշխատանքի արդյունքում գուցե հասնենք մի այնպիսի իրավիճակի, երբ կլինի որոշակի համաձայնություն: Իհարկե, ես համոզված եմ, որ այդ համաձայնությունը չի լինելու վերջնական ու չի լուծելու խնդիրն այնպես, ինչպես պատկերացնում են՝ տասնամյակների համար, այլ լինելու է հարաբերական անդորր, որը կարող է ձգվել, օրինակ՝ տասնամյակ, բայց դա չի նշանակելու, որ խնդիրներն իրենց լուծմանը հասան: Այնուամենայնիվ, աշխարհաքաղաքական իրավիճակը, որը գոյություն ունի այս պահին, հնարավոր է այդ հարաբերական անդորրը ստանալ, ինչն իհարկե Հայաստանին շատ անհրաժեշտ է վերքերը բուժելու համար:

– Նկատի ունեք, որ Ադրբեջանը հետնահա՞նջ է անում «Զանգեզուրի միջանցքի» հարցով:

– Եթե հետնահանջ չի անում, ապա նաև ճնշումը չի ավելացնում, այսինքն՝ ունենք մի իրավիճակ, երբ Ադրբեջանը տեսնում է, որ սրանից ավելին ստանալ այս պահին ի վիճակի չէ, ու անիմաստ է համարում ռեսուրսներ ու ժամանակ ծախսել ավելին ստանալու համար, դրա փոխարեն սկսում է խաղալ այսպես ասած ավելի բարի ոստիկանի դեր և փորձում է ինչ-որ համաձայնությունների միջոցով խնդիրը լուծել: 

Նման մոտեցման օգտին խոսում է նաև Թուրքիայի նախագահի վերջին հայտարարությունը, որ եթե Հայաստանը չհամաձայնի, իրենք ճանապարհ կստանան Իրանով: Ես, ճիշտն ասած, կցանկանայի, որ Հայաստանի իշխանությունները պատասխանեին, որ մենք էլ կարող ենք որպես փոխադարձաբար ընդունելի տարբերակ ճանապարհ տրամադրել, առավելևս, որ դուք Իրանում արտատարածքային միջանցք որևէ դեպքում չեք կարող ստանալ: Ցավոք, Հայաստանի իշխանությունները նման հայտարարություն չարեցին, ես կարծում եմ, որ նման բան չասացին առաջին հերթին այն պատճառով, որ դա կարող էր ներքին խնդիրների առաջ կանգնեցնել իրենց: 

Այնուամենայնիվ, ռեալ դիվանագիտական ճկունությունը խոսում է այն մասին, որ Հայաստանը պետք է պատրաստ լինի ճանապարհ տրամադրելու՝ ենթակառուցվածքների բացման տրամաբանության մեջ, բնականաբար, ինչի դիմաց Հայաստանը պետք է ստանա թե՛ իր շահը այդ ճանապարհի շահագործման համար, թե՛ ենթակառուցվածքների բացումն այլ ուղղություններով, օրինակ՝ երկաթուղի Նախիջևանով դեպի Իրան և այլն: 

– Պարո՛ն Ղևոնդյան, եթե կնքվի այդ պայմանագիրը, ու եթե Իլհամ Ալիևը ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, Ադրբեջանը պատրաստ կլինի՞ դուրս բերել իր զորքը Հայաստանի սուվերեն տարածքից:

– Ես կարծում եմ, որ նրանք կխոսեն, թե պատրաստ են զորքերը դուրս բերելու և նույնիսկ խաղաղության համաձայնագրի փաստաթղթի տրամաբանության մեջ կխոսեն այդ մասին՝ մինչև պայմանագիրը կնքելը, բայց ամեն կերպ կփորձեն այնպես անել, որ այդ հարցը մնա դեմարկացիայի ու դելիմիտացիայի շրջանակներում, որի ընթացքում, բնականաբար, փորձելու են ինչ-ինչ հատվածներում վիճարկել այդ հատվածների հայկական լինելու փաստը ու ձգձգելու են այդ խնդիրը: 

Ադրբեջանը կքննարկի նաև այսպես կոչված բռնի տեղահանված ադրբեջանցիների վերադարձի հարցը, բայց այստեղ Հայաստանը ևս ունի հաղթաթուղթ, առավելևս, որ Հայաստանից հեռացած ադրբեջանցիները հիմնականում վաճառել են իրենց տները, այսինքն՝ դրա դիմաց ինչ-որ բան ստացել են: Այդ փաստաթղթերը գոյություն ունեն, ու այստեղ Հայաստանն առավելություններ ունի, այստեղ կարելի է նաև Ադրբեջանին պահանջներ ներկայացնել բռնի տեղահանված հայերի ու արդեն նաև Արցախից տեղահանված փախստականների մասով: 

– Ի՞նչ է տալու մեզ հոկտեմբերի 5-ին կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպումը, ի՞նչ ակնկալել:

– Կարծում եմ՝ դա լինելու է այն իրավիճակի նոր սկիզբ, որն այսօր արդեն գոյություն ունի: Իսկ իրավիճակն այն է, որ Ադրբեջանը բոլոր այն տարածքները, որոնք իրենն էր համարում, ու Հայաստանը փաստացի դրանք արդեն ճանաչել է Ադրբեջանի տարածք՝ Պրահայից սկսած, ունի դրանց նկատմամբ վերահսկողություն և չի կարող Հայաստանին մեղադրել որևէ տեղում զինվոր ունենալու համար: Սա կլինի նոր ստատուս քվոյի դեպքում մոտեցումների ճշգրտման հանդիպում, ինչը նշանակում է, որ որևէ վերջնական փաստաթղթի նկատմամբ համաձայնություն սպասելի չէ:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am