«Հայ ժողովուրդը երբեք այսքան հուսալքված չի եղել, չնայած, որ տվել է ամեն ինչ՝ սկսած հարազատ զավակից, մինչև վերջին շապիկը…». Հասմիկ Պապյան

Հասմիկ Պապյանը

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է օպերային երգչուհի, սոպրանո, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը

– Տիկի՛ն Պապյան, ինչպե՞ս եք գնահատում հետպատերազմյան զարգացումները:

– Սա կատարյալ աղետ է Հայաստանի և հայ ժողովրդի գլխին, այլ բնութագիր չեմ կարող տալ: Ձյուն եկավ մեր բաց գլխին… Հայ ժողովուրդը երբեք այսքան հուսալքված չի եղել, չնայած այն բանին, որ տվել է ամեն ինչ՝ սկսած հարազատ զավակից, մինչև վերջին շապիկը…

– Ստեղծված իրավիճակում արդյոք արտահերթ ընտրությունների նախադրյալներ կա՞ն, թե՞ ոչ:

– Կա արտահերթ ընտրությունների՝ դրան նախորդող, այսօրվա իշխանության անհապաղ հեռացման պահանջ:

– Դուք նշում եք, որ կա վարչապետի հեռացման պահանջ,Փաշինյանն իր հերթին հայտարարում է, որ ընդդիմության պահանջները բավարար աջակցություն չեն գտնում հանրության շրջանում: Արդյոք դա այդպես չէ՞։

– Վարչապետը չի տիրապետում իրավիճակին: Չգիտեմ, թե իրեն ինչ են զեկուցում, բայց երկրի ռազմական դրության, կորոնավիրուսի աճի պայմաններում, երբ հազարավոր զոհեր, չվերադարձված գերիներ, անթիվ-անհամար վիրավորներ կան, երբ գրեթե ընտանիք չկա, որ կորուստ չունենա, անշուշտ ժողովուրդը չի կարող հեղեղել փողոցները բողոքի ցույցերով: Վստահ եմ, որ վարչապետի հրաժարականի համաժողովրդական պահանջը սարերի հետևում չէ։

– Ի վերջո, ինչո՞ւ պարտվեցինք: 

– Պարզվեց, որ մենք պատրաստ չէինք այս չափերի հասնող լայնամասշտաբ պատերազմի, մեր բանակն ամենամարտունակը չէր, կային բազմաթիվ թերություններ, նորաստեղծ, արդիական զենքի, իրավիճակը լրջագույնս չգնահատելու, թերևս թերագնահատելու պակաս և այլն։

– Ինչպե՞ս պետք է ուղղենք մեր մեջքը

– Շատ դժվար է, բայց պարտավոր ենք: Նախ գիտակցել և փորձել շտկել նախորդ սխալները, ոչ մի վայրկյան հենց այնպես չկորցնել, ինքնամաքրվել, ինքնաքննադատության ենթարկվել և փորձել քայլ առ քայլ առաջ շարժվել:

16 քաղաքական ուժեր պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, սակայն մեծ հաշվով չեն առաջարկում, որ եթե իրենք գան՝ կարողանալո՞ւ են որևէ բան փոխել, թե՞ ոչ:

– Իրավացի եք, կարծեք թե չկա որևէ լուրջ քաղաքական գործընթացների օրակարգ կամ թերևս կա, բայց, այնուամենայնիվ, մենք տեղյակ չենք։

– Որո՞նք պետք է լինեն հասարակության անելիքները այս պայմաններում:

– Հասարակությունը առաջնահերթ պետք է շատ համախմբված լինի, ամենամեծ հոգսը և նպատակները պետք է ուղղված լինեն հայրենապաշտության գործին, ոչ մի դեպքում զոհ չգնա հնարավոր սադրանքների:

– Ինչպե՞ս եք գնահատում, որ արվեստագետները, նաև նախագահ Արմեն Սարգսյանը գերիների հարցով դիմում են Ռուսաստանին: Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ մենք կորցրել ենք մեր ինքնիշխանությունը:

– Սա շատ տխուր փաստ է, դուք արդեն պատասխանեցիք հարցին, եթե դեռևս չենք կորցրել մեր ինքնիշխանությունը, ապա կորցնելու ճանապարհին ենք…

Մանե Հարությունյան

MediaLab.am