«Ես ընտրեցի Բերձոր ու վերջացավ, այստեղ ապրելու եմ». Քաշաթաղի շրջանում սիրիահայերը հուսով են, որ ամեն ինչ «լավ կըլլա»

«Ես ընտրեցի Բերձոր ու վերջացավ, այստեղ ապրելու եմ». Քաշաթաղի շրջանում սիրիահայերը հուսով են, որ ամեն ինչ «լավ կըլլա»
«Ես ընտրեցի Բերձոր ու վերջացավ, այստեղ ապրելու եմ». Քաշաթաղի շրջանում սիրիահայերը հուսով են, որ ամեն ինչ «լավ կըլլա»

Սիրիահայ Վարդան Պողոսյանն արդեն մեկ ամիս է, ինչ ընտանիքի հետ Սիրիայից գաղթել է ԼՂՀ բնակություն հաստատել Քաշաթաղի շրջանի, Բերձոր քաղաքում:
Շուրջ մեկ տարի ծավալվող Սիրիայի ներքաղաքական պատերազմական թեժ իրավիճակը ստիպել է ոչ միայն նրան, այլեւ եղբորը, կնոջ ծնողներին եւ մյուս հարազատներին բնակություն հաստատել Քաշաթաղի շրջանում:
«Ես միտք էի դրել, որ Ղարաբաղ պետք է գամ: Հայաստանի, Ղարաբաղի ընկերներիս հետ խոսեցի, ճշտեցի ամեն փան ու միանգամից եկա Ղարաբաղ: Մտածեցի կգամ աշխատանք կգտնեմ, կապրեմ»,-ասում է 29-ամյա Վարդանը:
Քաշաթաղի շրջանում վերաբնակեցված 21 սիրահայ ընտանիքները մեծամասամբ գաղթել են Թուրքիայի սահմանի մոտակայքում գտնվող սիրիական Ղամիշլի քաղաքից: Վարդանը նույնպես Ղամիշլիից է:
«Իհարկե այստեղ դժվարությոններ կան, բայց կհարմարվինք, այլ հարցեր չկան: Բերձոր դպրոց կա, էլեկտրականություն կա, ինտերնետ կա, դե փոքր քաղաք է: Միայն առաջին բանը գործ փնտրելն է, ով որ կգա այստեղ: Ես էլ աշխատանք կփնտրիմ»,-«Մեդիալաբին» ասում է Պողոսյանը: Նա ասում է, որ Սիրիայի հայտնի խոշոր բջջային օպերատորներ համարվող ընկերություններից մեկում մինչ պատերազմական իրավիճակը, հաշվապահ է աշխատել:

Վարդանի կինը`Լուսվարդ Վադանյանը, նույնպես մասնագիտությամբ հաշվապահ է, նա նույնպես աշխատանք չունի: Պողոսյաններին Քաշաթաղի վարչական շրջանից խոստացել են, որ կօգնեն աշխատանք գտնել` ինչպես մյուս սիրիահայերին:

«Առաջիկայում հնարավոր է` կինս այստեղի մանկապարտեզում հաշվապահ աշխատի, ճիշտ է աղջիկսը`Տարիքը, փոքր է՝ մեկ տարեկան, բայց ամեն պարագաներում պետք է աշխատի»,-ասում է Պողոսյանը եւ հավելում, որ իր աներն արդեն զբաղվում է հողագործությամբ, իսկ մյուս բարեկամի տղաները աշխատում են որպես «տրակտորի մեխանիկ»:

Մեկ տարեկան դստեր եւ կնոջ հետ Վարդանը ապրում է Բերձորի ժամակավոր կացարաններից մեկում: Նա ասում է, որ չգիտի, թե դեռ երբ կստանա բնակարան:

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Քաշաթաղի շրջանում հաստատված սիրիահայերի բնակարանաշինական կարիքները հոգալու նպատակով «Օգնիր եղբորդ» նախաձեռնող խումբը 5 միլիոն դրամի փոխանցում է կատարել «Քաշաթաղ» հիմնադրամին:

«5 մլն. դրամի օգնությունից արդեն հատկացրել են շենքի կառուցման համար Կովսականում (քաղաք Քաշաթաղի շրջանում), որ շուտ ավարտեն եւ հանձնեն այն սիրիահայերին, ովքեր այդտեղ պիտի ապրեն, իսկ Կովսականում հիմնականում հողագործներն են ապրում»,-հավելում է Պողոսյանը:

Նա կարծում է, որ եթե Հայաստանի տնտեսությունը զարգանա, ապա ավելի շատ մարդ կգա հայրենիքում ապրելու:

«Հայաստանը պետք է ավելի շատ առաջ գնա, ամեն տեղ զարգանա ու մենակ մայրաքաղաքը չէ, այլ բոլոր գյուղերը: Ես հուսամ ամեն ինչ լավ կըլլա»,-ասում է նա:

Ցանկություն հայտնելով մշտապես բնակություն հաստատել Քաշաթաղում, Վարդանը նշում է, որ մտադրություն չունի անգամ որոշ ժամանակ անց Երեւան տեղափոխվելու:

«Ես ընտրեցի Բերձոր ու վերջացավ, այստեղ ապրելու եմ, այստեղ աշխատեմ ինչքան Աստված կամենա: Ես այստեղից ուրիշ տեղ չեմ ուզում գնալ»,-հավելում է Պողոսյանը:

Քաշաթաղի վարչական շրջանի վերաբնակեցման վարչության պետ Ռոբերտ Մաթեւոսյան նշում է, որ իրենք ամեն կերպ փորձում են օգնել վերբանակեցված սիրիահայերին բնակարան ունենալու, աշխատանք գտնելու հարցում:

Նա ասում է, որ գաղթած սիրահայերի մեծ մասը հողագործությամբ է զբաղվում, քանի որ Սիրիայի Ղամիշլի քաղաքից գաղթածները հիմնականում հենց հողագործներ են եղել:

«Վերջին մեկ երկու ամիսն է, որ սիրահայերը հաստատվել են Քաշաթաղում: Բոլորն էլ իրենց որոշմամբ են եկել, մեկը մյուսի բարեկամն է կամ ընկերը, իրար լսելով եկել են»,-ասում է Մաթեւոսյանը՝ նշելով, որ Քաշաթաղի Կովսական քաղաքում բնակեցվել են հիմնականում հողագործները, իսկ Իշխանաձոր գյուղում տրակտորի մեխանիկները:

Ինչ վերաբերում է բնակարաններին, ապա ըստ Մաթեւոսյանի, մի մասը ժամանակավոր կացարաններում է ապրում, մի մասը վերանորոգված բնակարաններում: «Օգնիր եղբորդ» նախաձեռնող խմբի տրամադրած 5 մլն. դրամի օգնությամբ առաջին հեթին բնակարանների վերանորոգման հարցն են լուծելու:

«Չեմ կարող ասել, թե այժմ բնակարանների հարմարությունները ապրելու համար գերազանց են, բայց նախնական պայմաններ կան, իսկ այդ գումարով ընթացքում կվերանորոգենք: Մոտ 10-12 բնակարան կա, որ վերանորգված է, մնացածը դեռ ժամանակավոր կացարաններում են ապրում»,-ասում է Մաթեւոսյանը:

Նա հավելում է, որ բնակարանները անվճար են տրամադրվում սիրիահայերին, իսկ առաջիկա 3 տարին նրանք չեն վճարելու հողի վարձի, ինչպես նաեւ կոմունալ ծառայությունների համար:

«Բոլոր սիրիահայ ընտանինքներին էլ փորձում ենք օգնել եւ ամեն ինչով հնարավորինս ապահովել»,-հավելում է Մաթեւոսյանը:

Լիլիթ Առաքելյան

© Medialab.am