ՊԲ ստորաբաժանումները մղում են պաշտպանական համառ մարտեր՝ կասեցնելով հակառակորդի գերազանցող ուժերին․ ՊԲ հրամանատարի տեղակալ

Այս պահի դրությամբ շարունակվում են մարտական գործողությունները Արցախի հյուսիսային, հարավային և հարավարևելյան ուղղություններով։ Այդ մասին այսօր Արցախի օպերատիվ շտաբում կայացած ասուլիսում հայտարարել է Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը։

Նա նաւ ընդգծել է, որ մարտական գործողությունների վարման ինտենսիվությունն ու բարձր դինամիկան պահպանվում են ժամանակակից համազորային մարտին բնորոշ, ավելին՝ տեղ-տեղ ժամ առ ժամ ավելանում և աճում է։

«Այդ ուղղություններում ՊԲ ստորաբաժանումները մղում են պաշտպանական համառ մարտեր՝ կասեցնելով հակառակորդի գերազանցող ուժերին, այդ թվում նաեւ մեծաքանակ խոշոր զրահատանկային խմբավորումների շարունակական առաջխաղացման փորձերը կասեցնելով՝ պատճառելով նրան կենդանի ուժի  և զրահատեխնիկայի զգալի կորուստներ»,-ասել է Սարգսյանը:

Ըստ ՊԲ պաշտոնյայի, այսօրվա դրությամբ, ժամը 17-ի սահմաններում արձանագրվել է հակառակորդի հետեւյալ կորուստները՝ շուրջ 36 ԱԹՍ, 47 զրահատեխնիկա և 400-ից ավել անվերադարձ կորուստ անձնակազմի մոտ

Նրա խոսքով, նախնական տվյալներով, պաշտպանության բանակի ստորաբաժանումներն ունեն 48 զոհ (միայն Արցախի ՊԲ զոհերի մասին է խոսքը-խմբ․), 200-ից ավելի վիրավոր զինծառայողներ:

«2-օրյա համառ մարտերը բնավ չեն ընկճել մեր անձնակազմին, ընդհակառակը, դրանով Արցախի բանակի երիտասարդ սպաներն ու զինվորները ձեռք են բերում մարտական գործողությունների վարման հարուստ փորձ: Անձնակազմի մարտական ոգին բարձր է և պատրաստ է կատարելու հետագա առաջադրված բոլոր խնդիրները»,-շեշտել է Արթուր Սարգսյանը: