«Սկզբում բողոքը փայտերով էր, հետո՝ խաղալիք ատրճանակով, հիմա՝ կալաշնիկներով: Եթե սա էլ ցրեն, վաղը մարդիկ կարող են տանկերով ելնել». Արա Պապյան

«Սկզբում բողոքը փայտերով էր, հետո՝ խաղալիք ատրճանակով, հիմա՝ կալաշնիկներով: Եթե սա էլ ցրեն, վաղը մարդիկ կարող են տանկերով  ելնել». Արա Պապյան
«Սկզբում բողոքը փայտերով էր, հետո՝ խաղալիք ատրճանակով, հիմա՝ կալաշնիկներով: Եթե սա էլ ցրեն, վաղը մարդիկ կարող են տանկերով ելնել». Արա Պապյան

Այս օրերին տեղի ունեցող զարգացումների շուրջ «Մեդիալաբը» զրուցել է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանի հետ:

-Պարոն Պապյան, Երևանում զինված ընդվզում արձանագրվեց, և արդեն մի քանի օր է՝ արտակարգ իրավիճակ է ստեղծվել երկրում: Ինչի՞ հետևանք է սա:

-Այսօրվա ստեղծված իրավիճակը տարիների, գուցե և տասնամյակների սխալ քաղաքականության հետևանք է: Մենք տեսնում ենք մի հանգույց՝ տնտեսական, քաղաքական, սոցիալական թերացումների: Այսինքն՝ սա այդ ամբողջի դրսևորում է: Ժողովուրդը դժգոհ է սոցիալական վիճակից, անհավասարությունից, պաշտոնական թվերով արձանագրված 35 տոկոսանոց աղքատությունից, օրի օրի վատացող իրավիճակից, 10 հազար փակված փոքր ու միջին ձեռնարկություններից, Ղարաբաղի հարցով խիստ մտահոգիչ լուրերից, ոչ միայն լուրերից, այլ հավաստի տեղեկություններից: Սրան գումարվում է ապրիլյան պատերազմից հետո փոփոխությունների վերաբերյալ ժողովրդի չբավարարված ակնկալիքները: Այս ամենը հանգեցրեց նրան, որ մի խումբ մարդիկ, այլևս չտեսնելով պայքարի այլ ձև ու հնարավորություն, դիմեցին զենքի գործադրման: Հիմա խնդիրն այն է, որ պետք է այնպես անել, որ խուսափենք արյունահեղությունից:

-Այս օրերին իշխանությունները տարօրինակ կերպով լռում են, ինչո՞ւ:

-Որովհետև իշխանությունը չգիտի, թե ինչ ասի: Բայց այսպես շատ վատ է, իշխանությունը պետք է միշտ պատրաստ լինի նման իրավիճակների և ժողովրդի հետ պետք է խոսի: Երկխոսությունն ընդհանրապես մեղմացնում է լարվածությունը, բայց քանի որ իրենք վստահ չեն իրենց կարողությունների վրա, վախենում են, որ կարող է սխալ բաներ խոսեն:

-Այսինքն՝ ինչ-որ չափով իշխանություններն անելանելի վիճակո՞ւմ են հայտնվել:

-Ինչ-որ չափով՝ այո, որովհետև եթե իրենք զինված ընդդիմության վրա հարձակում կազմակերպեն, երկուստեք կլինեն մեծաթիվ զոհեր: Այդ զոհերը, բնականաբար, ունեն բարեկամներ, ազգականներ, համախոհներ, իրավիճակը կբարդանա: Այսինքն՝ իրենց տեսակետից այս ապակայունացումը կտարածվի ամբողջ Հայաստանով մեկ, որովհետև այս մարդիկ նաև տարբեր մարզերից են: Մյուս կողմից էլ, եթե իշխանությունը ոչինչ չձեռնարկի, իրենք վախենում են, որ հանկարծ ժողովուրդը կարող է սկսել հավատալ իր ուժերին և փորձել ինչ-որ բան անել:

-Իսկ այս պայմաններում կա՞ ինչ-որ քայլ, որ կարող է անել իշխանությունը:

-Իշխանության համար ճիշտ քայլն այս պահին սպասելն է: Սպասելն ու ոչինչ չանելն է ճիշտ, Սերժ Սարգսյանի կողմից կոչով ժողովրդին դիմելը: Այ հիմա շատ ճիշտ կլինի, որ մի քանի լուրջ փոփոխություններ անեն: Օրինակ՝ պետք է պաշտպանության նախարարն ու Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետը հեռացվեն իրենց պաշտոններից: Պետք է մի շարք զորահրամանատարներ ուղղակի դատվեն, պետք է ստեղծվեն անկախ հանձնաժողովներ, պետք է հետաքննեն բանակի միջի այդ կոռուպցիոն և այլ դեպքերը: 2006 թվականին, երբ իսրայելա-լիբանանյան երկրորդ պատերազմը ոչ այդքան բարեհաջող գնաց, 55 անկախ հանձնաժողով ստեղծվեց: Մեզ մոտ ոչ մի բան չարվեց, փորձեցին հերոսության ճառախոսությամբ ամբողջ փակել: Բայց զորացրվել են հիմա այդ կռվի մասնակիցները և դեռևս զորացրվում են, և օր օրի մենք նորանոր տեղեկություններ ենք ստանում իսկապես անհավատալի ու սարսափելի բաների, բանակում տիրող իրականության մասին: Իհարկե, մի քանի քայլով դժվար է արմատական փոփոխություն անել, բայց շատ կարևոր է ուղղվածությունը, դինամիկան: Ժողովուրդը պետք է հավատա, որ այս ուղղությունը ճիշտ է գնում: Այսինքն՝ այն նախարարները, ովքեր կաշառակեր են, հարյուրավոր ու միլինավոր դոլարներ ունեն, պետք է գնան բանտ, ուրիշ ճար չկա: Դրանից բյուջեն էլ կլցվի: Եթե իշխանությունը հավաքվի, բոլորիս ջարդի, հավաքները ցրի, նրանց էլ բոլորին սպանի, հետո՞: Կարո՞ղ է հինգ ամիս հետո նույնը չկրկնվի:

-Այսինքն՝ կարող է նույնը կրկնվել, սա նախադե՞պ է դառնում:

-Մենք տեսնում ենք, որ ընդհանրապես ամբողջ աշխարհում միտինգային տրամաբանությունը հարաճուն ինչ-որ միտում ունի: Մենք տեսանք, որ սկզբում բողոքը փայտերով էր՝ Շանթ Հարությունյան, հետո խաղալիք ատրճանակներով էր՝ Հայկ Կյուրեղյան, հիմա կալաշնիկովներով: Եթե սա էլ ցրեն, վաղը կարող է մարդիկ տանկերով ելնեն: Այսինքն՝ եթե դուք խնդրի արմատները չեք լուծում, բնականաբար վերքը չի բուժվի: Շատ լուրջ խնդիրներ ունենք այսօր:

-Դուք իշխանությունների կողմից գրոհ կանխատեսո՞ւմ եք, նման մտավախություններ կան:

-Ես հույս ունեմ, որ իշխանությունն այդքան խոհեմություն կունենա, երկիրը քաղաքացիական պատերազմի մեջ չի ներքաշի:

Էմմա Մանուկյան

MediaLab.am