Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքները:
Հիշյալ օրենքներով մասնավորապես արգելվում է ծխելը հանրային փակ տարածքներում, ինչպես նաև հանրային սննդի բոլոր օբյեկտներում: Այս օրենքների ընդունման նպատակն է հասնել Հայաստանի Հանրապետությունում ծխախոտի օգտագործման, սպառման նվազեցմանը, պահպանել բնակչության առողջությունը՝ պաշտպանելով երկրորդային ծխի ազդեցությունից և նվազեցնել ոչ վարակիչ հիվանդությունների հիվանդության ցուցանիշները:
«Երբ ստորագրում էի «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքը և հարակից ևս չորս օրենքներ, ես, որպես Հանրապետության նախագահ և որպես քաղաքացի, խորհում էի՝ մի՞թե անպայման պետք է օրենք լինի, հասկանալու այն վնասը, որը ծխելու միջոցով հասցվում է առողջությանը, ընտանիքին, շրջապատին, միջավայրին,- ասել է նախագահ Արմեն Սարգսյանը:
-Մի՞թե օրենքների իրավական չոր ձևակերպումները մեզ վրա ավելի մեծ ազդեցություն ունեն, քան այն հորդորները, որ լսում ենք ծնողից, հարազատից, ընկերոջից, քան ծխելու վնասի մասին պատմությունները, որ կարդում ենք գրեթե ամեն օր:
Սոկրատեսն ասում էր. «Եթե մարդն ինքը հետևում է իր առողջությանը, ապա դժվար թե գտնվի բժիշկ, որն ավելի օգտակար լինի նրա առողջության համար, քան նա ինքը»:
Կանգ առնելը երբեք ուշ չէ, և դրա համար որևէ պետական մարմնի կարիք չպետք է զգացվի: Չեմ կարծում, թե այնտեղ, որտեղ նախ մեր սթափ մտածելու կարիքը կա, առաջին հերթին օրենսդրական կարգավորում է պետք: Իհարկե, օրենքը գծում է որոշակի սահմաններ, որոնց պետք է ենթարկվել: Սակայն ձեզնից յուրաքանչյուրի որոշումն է՝ մտածե՞լ, թե չմտածել ձեր, ձեր ընտանիքի, մեր ժողովրդի, մեր երկրի առողջության մասին:
Մյուս կողմից՝ թե՛ ծխողները, թե՛ չծխողները մեր քաղաքացիներն են, և օրենսդրական որևէ, թեկուզ հանրօգուտ նպատակով սահմանափակում չպետք է միմյանց հանդեպ որևէ անհանդուրժողականության պատճառ դառնա: Իսկ իշխանությունը պարտականություն ունի համապատասխան քաղաքականությամբ, այդ թվում՝ առողջ ապրելակերպ ունենալու համար հնարավորինս հասանելի պայմաններ ապահովելով, նպաստել իր ծխող քաղաքացու վարքագծում դրական փոփոխությանը»: