Գրեթե քսան օր առաջ ձախ ոտքի խնձորակի կոտրվածք ստացած և տան պայմաններում անշարժ ցավերի մեջ տառապող 76-ամյա Ջիվան Խազարյանի մասին պատմող «Մեդիալաբի» հոդվածի հրապարակումից երկու օր անց ծերունուն արդեն տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, ուր նա ներկա պահին ամբողջական հետազոտություն է անցնում, որին էլ կհետևի անհրաժեշտ վիրահատությունը:
Այս հարցում դժբախտության մեջ հայտնված միայնակ ծերունիների հուզիչ պատմությանը գործնական արձագանքել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը` պատրաստակամություն հայտնելով աջակցել Ջիվան Խազարյանին և նրա կնոջը` Անժելա Գարանյանին:
Հիշեցնենք, որ կիրակի «Մեդիալաբում» հրապարակված պատմությունը հուզել էր բազմաթիվ ընթերցողների:
Անելանելի իրավիճակում հայտնված ընտանիքին երեքշաբթի այցելել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մայրը՝ Ռոզա Ծառուկյանը` իր հետ նաև թոշակառուներին սննդամթերք և ձմռան պահուստ բերելով, որից հետո «Էրեբունի» բժշկական կենտրոնի շտապօգնության մեքենայով Խազարյանին` Անժելայի ուղեկցությամբ տեղափոխել են հիվանդանոց:
«Մենք հույսներս լրիվ կորցրել էինք, երեկ` անհույս, այսօր արդեն` այսքան ուշադրություն ու ջերմություն,- հուզվում է Անժելա Գարանյանը: – Շնորհակալ ենք տիկին Ռոզա Ծառուկյանին, «Մեդիալաբի» լրագրողներին, որոնց ուշադրությամբ էլ ամեն ինչ սկսվեց»:
«Բժիշկների հետ խորհրդակցություն է տեղի ունեցել և ասվել է, որ վիրահատություն պետք է իրականացվի, որն այս դեպքում շատ անհրաժեշտ է: Բոլոր անհրաժեշտ բժշկական հետազոտությունները կանցկացվեն, և կորոշվի վիրահատության օրը»,-«Մեդիալաբին» ասել է Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը: Նա նաև ասել է, որ տիկին Ռոզա Ծառուկյանն անձամբ է հետևելու ողջ ընթացքին և կրկին հանդիպելու է թոշակառու ամուսիններին` Ջիվան Խազարյանի վիրահատությունից և ապաքինվելուց հետո:
Հիշեցնենք, որ արդեն 20 օր ձգվող ցավերի ու անքնության մեջ տնային պայմաններում պարզագույն ցավազրկող դեղորայքով Խազարյանին խնամում է կինը՝ 75-ամյա Անժելա Գարանյանը:
Միայնակ թոշակառուների համար գոյատևման միակ միջոցը ամսական մոտ 70 հազար դրամ թոշակն է, որը նրանց վատառողջ և միայնակ լինելու պարագայում չի էլ բավականացնում ամսվա ընթացքում սնվելուն և դեղորայք գնելուն:
Խազարյանը 2000-ից ի վեր երկու անգամ կաթված է տարել, տառապում է շաքարային դիաբետով, ունի պրոստատիտ և լեղապարկի քարեր, իսկ տիկին Անժելան` խպիպ (զոբ), նստանյարդի բորբոքում, որից նաև կարճացել է մեկ ոտքը:
Բժիշկները դեռ 15 օր առաջ Ջիվան Խազարյանի կոտրվածքը հետազոտելիս ասել էին, որ նման դեպքերում վիրահատությունը պարտադիր է` նշելով վիրահատության համար անհրաժեշտ գումարը`առնվազն 2500 դոլար:
Սակայն միայնակ ծերունիների համար, որոնք կյանքից բազում դաժան հարվածներ են ստացել, վիրահատության մասին մտածելը նույնիսկ ավելորդ էր, իսկ պահանջվող գումարը` անիրական մեծ:
«Մենք էլ չգիտենք` ինչ անենք»,- «Մեդիալաբին» ասել էր ստեղծված իրավիճակում արժանապատիվ համեստություն ունեցող տիկին Անժելան:
Չնայած ճակատագրի դաժան հարվածներին` ամուսնուն հիվանդանոց տեղափոխելուց հետո Անժելան հույս ունի, որ ամեն ինչ կխաղաղվի:
Նրանց մինուճար դուստրը` Մարիամ Խազարյանը, 34 տարեկանում զոհվել է 2006-ի մայիսի 3-ին Երևանից Սոչի թռչող Ա-320 օդանավի վթարի ժամանակ:
«Մեր ամուսնությունից 10 տարի հետո էր ծնվել աղջիկս՝ Մարիամս, որ 34 տարեկանում էդ ինքնաթիռով գնաց գործուղում ու… Ադլեր էր գնում, ինքը հոգեբան էր, աշխատում էր «Առաքելություն Հայաստան» բարեգործական կազմակերպությունում: Սիրտս անհանգիստ էր, չէի ուզում, որ գնար, բայց ասում էր` ի՞նչ պետք է լինի, մամ, ու գնաց: Ինքնաթիռը թռավ ու գնաց ծովն ընկավ: Էդ ժամանակ տղան դեռ 1 տարեկան 10 ամսական էր, հիմա արդեն 8 տարեկան է»,- ասում է տիկին Անժելան:
Մարիամ Խազարյանը ծնողների և որդու միակ խնամակալն էր եւ նրա` ավիաաղետին զոհվելուց հետո, կյանքը ամբողջովին տակնուվրա եղավ այս ընտանիքում: Որդեկորույս ծնողների դժբախտությանն ավելացավ նաև այն, որ Մարիամի որդու հայրը վերցրեց երեխային տատից ու պապից` արգելելով ընդհանրապես շփումը:
Տարիներ շարունակ հոգեբանական, առողջական և սոցիալական բազմաթիվ խնդիրներ ունեցող Խազարյանին օգնեցին հարևանները, ծանոթներն ու սրտացավ մարդիկ` դատարանում վերականգնելու կյանքում իրենց մնացած միակ պայծառ լույսին` թոռանը երբեմն տեսնելու իրավունքը:
«Շնորհակալ եմ Աստծուն, որ էս պահին մենակ չթողեց ու մեր ձայնը լսեց… – հուզվում է Անժելան,- բոլորից անչափ շնորհակալ ենք, ամեն ինչի համար, Աստված ձեզ օգնական»:
Լիլիթ Առաքելյան
© Medialab.am