«Հայաստանը` ԵՏՄ-ում Գիքորն է, Ռուսաստանը` բազազ Արտեմը, ցանկացած պահի կարող է այնքան ծեծել, մինչև սպանի Գիքորին». Ռուբեն Մեհրաբյան

«Հայաստանը` ԵՏՄ-ում  Գիքորն է, Ռուսաստանը` բազազ Արտեմը, ցանկացած պահի կարող է այնքան ծեծել, մինչև սպանի Գիքորին». Ռուբեն Մեհրաբյան
«Հայաստանը` ԵՏՄ-ում Գիքորն է, Ռուսաստանը` բազազ Արտեմը, ցանկացած պահի կարող է այնքան ծեծել, մինչև սպանի Գիքորին». Ռուբեն Մեհրաբյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ,   քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը:

-Պարոն Մեհրաբյան, Հայաստանն ու Ռուսաստանը հակաօդային պաշտպանության միասնական համակարգ են փորձում ստեղծել, առաջիկայում այդ մասին համաձայնագիրը կքննարկվի Ազգային ժողովում: Ի՞նչ վտանգներ եք տեսնում այս համաձայնագրում:

-Ես սա կհամարեմ որպես Հայաստանի կողմից Ռուսաստանի հետ կնքված հերթական խայտառակ ու վտանգավոր պայմանագիրը, որով Հայաստանն իր երկնքի պաշտպանության բանալիները վստահում է մեր պետականության թիվ մեկ սպառնալիք հանդիսացող պետությանը: Դա նույնն է, որ գողին վստահեն սեփական բնակարանի անվտանգությունը: Սրանով Հայաստանը ոչ միայն չի լուծում անվտանգության այն հարցերը, որոնց մասին նշվում է այդ համաձայնագրի պաշտոնական բացատրության մեջ, ավելին, Հայաստանը նաև օդից է դնում հարվածի տակ իր անվտանգությունը:

-Ձեր կարծիքով ինչո՞ւ են Հայաստանի իշխանությունները գնում նմանօրինակ համաձայնագրի վավերացմանը: Ճնշումներ կան ռուսական կողմից, թե՞ այլ խնդիր է:

-Դրա անմիջական պատճառներն առաջիկայում գուցե ի հայտ կգան, բայց ակնհայտ է, որ այստեղ դեր են խաղացել նույն այն երկու գործոնները, որոնցով Ռուսաստանը միշտ առաջ է տարել իր ամենաստորաքարշ ծրագրերը Հայաստանում: Այդ երկու գործոններն են՝ գայթակղությունները և շանտաժը: Ես եղել եմ ու մնում եմ այն համոզմանը, և ժամանակն էլ դա ցույց տվեց, այդ թվում՝ քառօրյա պատերազմի տեսքով, որ եթե Ռուսաստանը մեր դանշակիցն է, մեզ այլևս թշնամի պետք չէ:

-Իսկ ինչո՞ւմ է կայանում նմանօրինակ համաձայնագրերի վտանգը: Կա մտավախություն, որ հակաօդային միասնական համակարգ ստեղծելու դեպքում ռուսական կողմը կարող է սահմանափակել հայկական կողմի քայլերը:

-Դա հարցի մի կողմն է: Մյուս կողմից Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև այսօրվա կոնֆրոնտացիայի պայմաններում դա նշանակում է, որ Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև այս համաձայնագրով լրջագույն կոմունիկացիայի խողովակ կարող է փակվել: Ավելին, Հայաստանը կարող է ՆԱՏՕ-ի կողմից դիտարկվել որպես արդեն թշնամական տարածք: Հայաստանը վստահության առումով կորցնում է իր վարկն ու համբավը՝ որպես սուբյեկտ, որի հետ չարժե ընդհանրապես որևէ բան պայմանավորվել: Արդեն այնպես է ստացվում, որ քո օդը քոնը չէ, հագիդ շորերը քոնը չեն: Հասկանո՞ւմ եք, դա ինչ է նշանակում:

-Այս փուլում նաև քննարկվում է Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի դուրս գալու հարցը: Ի՞նչ եք կարծում՝ Հայաստանը պե՞տք է նման քայլ անի և ինչի դա կհանգեցնի:

-Խոսքը պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի կողմից ներկայացվաած նախագծի մասին է, որով Հայաստանը ԵՏՄ կոչվող զնդանից դուրս գալու գործընթաց պետք է սկսի: Ես անվերապահորեն ու լիովին պաշտպանում եմ այդ առաջարկը և կարծում եմ, որ Հայաստանն օր առաջ պետք է այդ գործընթացն սկսի և հնարավորինս արագ հասցնի իր տրամաբանական վերջաբանին, դրան զուգահեռ անի գործուն քայլեր, որոնք կբերեն Հայաստանի արտաքին տնտեսական  կապերի, էներգետիկ քաղաքականության դիվերսիֆիկացմանը: Դրա համար կան բոլոր նախադրյալները, Իրանը մեր կողքին է: Ի վերջո, մենք պետություն ենք և եթե հռչակում ենք պայքար մոնոպոլիաների դեմ, այդ հռչակումները կոպեկի արժեք չունեն, եթե այդ պայքարը չի սկսվում Հայաստանում ռուսական մոնոպոլիաների կազմաքանդմամբ ու այդ մոնոպոլիաների վտարմամբ: Իսկ եթե դուրս չգանք ԵՏՄ-ից, մենք դառնում ենք ռուսական չուլան, որտեղ ինչքան անպետք աղբ կա, Ռուսաստանը կբերի ու կլցնի:

-Իսկ Հայաստանի իշխանությունների մոտ  վերաբերմունքի փոփոխություն նկատո՞ւմ եք՝ կապված ԵՏՄ-ի հետ:

-Կառավարությունը հիմա նման է մեկի, ով փորձում է ապացուցել, որ երկու անգամ երկու հավասար է հինգի, որովհետև այդպես է գրված Ռուսաստանի հետ համաձայնագրում: Իսկ Ռուսաստանի հետ մեր համաձայնագրերում մոտավորապես նման բաներ են գրված: Ժամանակն է ուղղակի վերջ տալ այս աբսուրդի թատրոնին, վարագույրն իջեցնել այդ թատրոնի վրա և ընդհանրապես փակել այդ թատրոնը: Հայաստանի իշխանությունների կողմից վերաբերմունքի փոփոխություն կա, բայց ես առայժմ ոչինչ չասող ու ոչնչի չպարտավորեցնող հռետորաբանությունից զատ այլ բան չեմ տեսնում: Նաև շատ զգուշավոր մատ թափ տալ ենք նկատում, այնպես, որ ոչ ոք չտեսնի, բացի դրանից, մենք ոչինչ չենք տեսնում: Սա ինձ հիշենցում է նույն  իրավիճակը, որը տիրում էր նախքան ապրիլյան պատերազմը՝ կապված Ադրբեջանին զենք մատակարարելու հետ: Այդ խայտառակ փաստը կոչում էին՝ մեր դաշնակցի բիզնեսն է, ըմբռնումով ենք մոտենում: Իսկ մի քանի հիմարներ ընդհանրապես ասում էին, որ դա լավ է, երբ ռուսներն են տալիս, ավելի վատ կլիներ, եթե տային ուրիշները, չնայած ուրիշ չկա: Ես չեմ ուզենա, որ նաև այս դաշտում մի բան պայթի մեր գլխավերևում, որ որոշ հաստ գլուխներ վերջապես հասկանան՝ երկու անգամ երկու այնուամենայնիվ հավասար է չորսի, և Մոսկվան չի որոշում դա: Այսօր Հայաստանը ԵՏՄ-ում գտնվում է նույն Գիքորի կարգավիճակում, իսկ Ռուսաստանը՝ բազազ Արտեմի: Ցանկացած պահի Բազազ Արտեմը կարող է այնքան ծեծել, մինչև սպանի Գիքորին: Կուզի կսպանի, չի ուզի, չի սպանի: Դուք Գիրքոր եք ընդամենը:

Էմմա Մանուկյան

© MediaLab.am