Հայաստանի Ազգային պատկերասրահը տեղեկացնում է

Ս. թ. սեպտեմբերի 25-ին՝ Եղիշե Թադևոսյանի ծննդյան օրը, կմեկնարկի նկարչի ծննդյան 150-ամյակին նվիրված փառատոնը: Փառատոնի սկիզբը կազդարարվի Ռ. Մելիքյան 14 հասցեից՝ նկարչի հայրական տան մոտ, որտեղ տեղի կունենա Էջմիածնի քաղաքապետարանի աջակցությամբ տեղադրված հուշատախտակի բացումը (16:45):

Նույն օրը փառատոնի շրջանակներում Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղ Մհեր Աբեղյանի թանգարանում կկայանա Եղիշե Թադևոսյանի անվանական ցուցասրահի բացման հանդիսավոր արարողությունը ՀՀ ԿԳՄՍ նախարարի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ (17:00): Նորաբաց ցուցասրահում այդուհետ կգործի շուրջ հինգ տասնյակ գեղանկարչական ու գրաֆիկական բացառիկ աշխատանքներ ընդգրկող մշտական ցուցադրություն:

Ցուցասրահի բացմանը զուգահեռ Մհեր Աբեղյանի թանգարանին կից այգում տեղի կունենա Էջմիածնի Եղիշե Թադևոսյանի անվան գեղարվեստի դպրոցի և Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի սաների մասնակցությամբ պլեներ:

Սիրով հրավիրում ենք Ձեզ լուսաբանելու վերոնշյալ միջոցառումները: Նշենք, որ, պայմանավորված հակահամաճարակային կանոնների պահպանման անհրաժեշտությամբ, ներգրավված լրատվամիջոցների քանակը, ցավոք, լինելու է սահմանափակ: Այդ պատճառով ԶԼՄ բոլոր ներկայացուցիչներին խնդրում ենք գրանցվել նախապես:

Հայաստանի ազգային պատկերասրահի մամլո ծառայություն