Պարո՛ն վարչապետ, ձեզ դժոխք նկարագրող Դանթե է պետք

Մհեր Արշակյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամեն օր կազմակերպում է բրիֆինգներ, որտեղ իրենից բացի առողջապահության ոլորտի և իրավապահ համակարգի այլ ծառայողներ ներկայացնում են իրավիճակը։ Չի օգնում։

Հասարակությունը տեղեկացված է, սակայն, կներե՛ք ձևակերպման համար, իր էշն է քշում։ Վարակը ավելի ու ավելի անկառավարելի է դարձնում։ 

Վարչապետն ասում է, որ մենք արդեն քայլում ենք դժոխքի միջով։ Բնական է։ Հասարակությունն առաջին ցնցումն անցել է վարակի առաջին երկու ամսում։ Կարանտինը նրան այնքան է սթրեսավորել, որ ինքը չի ուզում վերադառնալ այդ օրերին։

Պարո՛ն վարչապետ, դուք ուզում եք, որ հասարակությունը զգա այդ դժոխքը և լինի առավել զգոն, ու չեք ուզում դա անել կարանտինի միջոցով։ Ես նույնպես չեմ ուզում։

Դուք «Նորք» համաճարակային կլինիկայի տնօրենին բրիֆինգի ժամանակ հուշում եք, թե ինչ պիտի ասի, գրեթե ծամում-դնում եք բերանը, որ խոսի դժոխքից, միայն դժոխքից, իսկ մարդը ասում է ամենահերթապահ բառեր, որոնք նույնիսկ մահամերձին չեն սթափեցնի։

Սակայն նրա կեցվածքը հասկանալի է, նա պատասխանատու մարդ է, նա չի կարող խուճապ տարածել, ինքը բժիշկ է և ուզում է չլինել սարսափեցնողների մեջ։ 

Դուք սակայն դեմ չեք սարսափեցնելուն։ Ես դա հասկանում եմ և ինքս էլ դեմ չեմ սարսափեցնել մարդկանց, որոնք վտանգը լավ չեն հասկանում։

Ուրեմն ի՞նչ պետք է անել, որ հայաստանցին հասկանա, որ բանը բանից անցել է, և կորոնավիրուսը ոչ միայն իր անձնական խնդիրն է, այլև իր երեխայի և բոլորի, որոնց ինքը թանկ է գնահատում։

Ուրեմն բրիֆինգներին հրավիրի՛ր դժոխքի միջով անցածներին, ամենասովորական մարդկանց, հրավիրի՛ր այն ծեր, 102 տարեկան կնոջը, որը կարողացել է բուժվել։

Հրավիրի՛ր խոսքի ուժ ունեցող մտավորականների, մարդկանց, որոնց հասարակությունը վստահում է, ձեզ պետք են դժոխքը նկարագրողներ, ոչ թե մարդիկ, որոնք անընդհատ կասեն՝ դիմակ կրեք, ձեռքերը հաճախ լվացեք, ԱՀԿ-ն արդեն ճանաչել է դիմակների օգտակարությունը և այլն։ 

Դուք ուզում եք տեսանելի՞ դարձնել դժոխքը։ Գտե՛ք մեր հասարակության դանթեներին։

Կան, չէ՞, մարդիկ, որոնք «այն աշխարհից» են վերադարձել, գտե՛ք այդ մարդկանց ու հրավիրե՛ք բրիֆինգներին։ Թող անձամբ պատմեն, հիմա ամեն այդպիսի մեկը մի Դանթե է։

Այո՛, հասարակությունում ակնհայտ անլրջություն կա այս վարակի հանդեպ, մի մասը նույնիսկ չի հավատում, որ վարակ կա ընդհանրապես, մյուս մասը համոզված է, որ էդ «չոռն» իրեն չի դիպչի։ Հասարակությանը մատուցեք սարսափը, եթե խուճապն անհրաժեշտ է, սակայն ոչ միայն խուճապ է պետք հասարակությանը։ 

Կորոնավիրուսը մի տեսակ փոխել է պետության առանցքը, մենք կիսակյանքով ենք ապրում։ Բոլորն արագորեն ուզում են դուրս գալ այս վիճակից։ Ու ձեզ՝ խոսքի մարդուն, վեպի հեղինակին, պարո՛ն վարչապետ, խոսք է անհրաժեշտ։

Այդ խոսքը սովորաբար օգտագործում են ընտրությունների ժամանակ, երբ ուզում են, որ հեղինակավոր մեկը խոսի իրենց մասին, այդ խոսքը օգտագործում են պատերազմի ժամանակ, երբ ուզում են, որ ինչ-որ մեկը գոտեպնդի ժողովրդին։

Այդ խոսքը պետք է օգտագործել նաև հիմա։ Որովհետև հիմա չես նկարի բուժման ընթացքը ու գցես ասպարեզ։ Մնում է պատմել միջից, մնում է, որ դրսից պատմողն ունեցած լինի դժոխքի զգացողությունը, մնում է, որ հասարակությունը կորոնավիրուսի իրական վտանգների մասին լսի նույն ագահությամբ, որով լսում է, ասենք, ինչ-որ սարսափելի մի միջադեպի վկային։ Թերևս նաև այսպես ժողովուրդը կհասկանա, թե ինչի՛ մեջ է ինքը։

Թե չէ կանգնել եք արևի իսկապես գեղեցիկ ճառագայթների տակ, հաճելի կանաչի ֆոնին, կոկիկ բառերով, դեմքի կատարյալ խաղաղ արտահայտությամբ ասում եք, որ անցնում ենք դժոխքի միջով։ Բայց այդպես հենց հիմա դժոխքում գտնվողները կծիծաղեն մեզ վրա այն դեպքում, երբ նրանց գործը վայ թե լացելն է։ 

Մհեր Արշակյան

MediaLab.am