ՄԱԿ-ը շարունակում է Ադրբեջանի եւ ՀՀ-ի հետ համաձայնեցնել Լեռնային Ղարաբաղ համալիր գնահատման առաքելություն ուղարկելու հարցը

ՄԱԿ-ի կառույցները շարունակում են Ադրբեջանի եւ Հայաստանի հետ համաձայնեցնել Լեռնային Ղարաբաղ համալիր գնահատման առաքելություն ուղարկելու հարցը:  Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մենք օգտակար ենք համարում միջազգային պրոֆիլային կառույցների միացումը։ Ներկայումս Լեռնային Ղարաբաղում եւ հարակից շրջաններում ակտիվորեն աշխատում է ԿԽՄԿ-ն: Ինչ վերաբերում է ՄԱԿ -ի մասնագիտացված գործակալություններին, ապա ՄԱԿ-ի ղեկավարությունը շփման մեջ է ադրբեջանական և հայկական կողմերի հետ և շարունակում է համաձայնեցնել Լեռնային Ղարաբաղ համալիր գնահատման առաքելություն ուղարկելու հարցը», – ասել է նա: