Նիդերլանդների պատգամավորներն աշխատելու են համոզել կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Նիդերլանդների խորհրդարանի պատգամավորները ցավում են, որ իրենց կառավարությունը դեռևս խուսափում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Նրանք նման տեսակետ են հայտնել «Արմենպրես»-ին տրամադրած ուղերձներում:

Խորհրդարանի պատգամավոր Ռայմոնդ վան դե Ռունը նշել է, որ Նիդերլանդների Ազատություն կուսակցությունը աշխարհի շատ մարդկանց հետ միասին ոգեկոչում է 1915 թ. հայերի, արամեացիների և հույների հանդեպ իրականացված ցեղասպանության զոհերի հիշատակը: Նա հիշեցրել է, որ Նիդերլանդների խորհրդարանը տարիներ առաջ արդեն իսկ ճանաչել է դա որպես ցեղասպանություն, սակայն Նիդերլանդների կառավարությունը մինչ օրս՝ ոչ: «Մենք աշխատելու ենք համոզել մեր կառավարությանը, որ նույնպես ճանաչի 1915 թ.-ի իրադարձությունները՝ որպես ցեղասպանություն: Այս տարի մենք հիշատակում ենք նաև Արցախի Հանրապետության դեմ հարձակման արդյունքում զոհվածներին: Հուսով եմ, որ այս տարին և գալիք տարիները արգասաբեր կլինեն ձեզ համար»,-ասել է պատգամավորը:

Նա հույս է հայտնել, որ հաջորդ տարի կկարողանան ներկա գտնվել Երևանում անցկացվող ոգեկոչման արարողությանը:

Նիդերլանդների խորհրդարանի պատգամավոր Ջասպեր ֆան Դայկն էլ, խոսելով Սոցիալիստական կուսակցության անունից, նշել է, որ կուսակցությունը տարիներ շարունակ պայքարում է Հայոց ցեղասպանության ճանաչման համար։ «Քանի որ Հայոց ցեղասպանությունը մինչ օրս պարբերաբար նսեմացվում է, պայքարը շարունակում է անհրաժեշտություն լինել։ Ցավալի է նաև այն, որ Օսմանյան կայսրությունում՝ ներկայիս Թուրքիայում, հայերի նկատմամբ ցեղասպանությունից խոսելիս անգամ Նիդերլանդների կառավարությունն է շարունակում օգտագործել «հարց» տերմինը»,-ասել է Ջասպեր ֆան Դայկը:

Նա վստահեցրել է, որ Սոցիալիստական կուսակցությունը հորդորելու է կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ «Իմ կուսակցությունը չի հանգստանա, քանի դեռ մեր կառավարությունն արդար կերպով չի առերեսվում պատմությանը։ Քաղաքական նկատառումները չպետք է արգելք հանդիսանան այս հարցում»,-նշել է պատգամավորը:

Եվրախորհրդարանի՝ Նիդերլանդներից պատգամավոր Աննի Սխրայեր-Պիրիկն էլ կարևոր է համարել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի առիթով ցեղասպանության հարցին կրկին ու կրկին անդրադառնալը՝  այդ թվում Եվրոպայից և, մասնավորապես, Նիդերլանդներից։ Նա նկատել է, որ ցեղասպանությունը ճանաչելով, թույլ չեն տա դրա կրկնությունը: «Եվ հենց դա է պատճառը, որ Հայոց ցեղասպանության ճանաչումն այդքան կարևոր է։ Այսուհանդերձ, մենք դեռևս լիարժեքորեն չենք անում դա»,-նշել է ԵԽ պատգամավորը:

Նիդերլանդների «Դեմոկրատներ 66» կուսակցությունից Շուրդ Շուրդսման էլ նկատել է, որ Հայոց ցեղասպանությունից 106 տարի անց կա մտորելու, հիշելու, բայց ամենից շատ ճանաչման պահ: «Մենք պետք է ճանաչենք վայրագություններն այնպես, ինչպիսին դրանք կան: Մենք պետք է ընդունենք, որ սա ցեղասպանություն էր: Ապագա ցեղասպանությունը կանխելու համար մենք պետք է կարողանանք նայել անցյալի աչքերի մեջ, պատմության մութ էջերին և ամբողջությամբ ճանաչել կատարվածը: Հայերի հետ կատարվածը ցեղասպանություն է»,-նշել է նա:

Նա վստահեցրել է, որ «Դեմոկրատներ 66»-ը կանգնած է բոլոր նրանց կողքին, ովքեր դեռ զգում են այդ սարսափելի իրադարձությունների հետևանքները:

Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն է: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը: Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է մոտ երեք տասնյակ պետություն՝ Արգենտինան, Ավստրիան, Բելգիան, Բոլիվիան, Բրազիլիան, Կանադան, Չիլին, Կիպրոսը, Չեխիայի Հանրապետությունը, Դանիան, Գերմանիան, Հունաստանը, Իտալիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Նիդերլանդները, Պարագվայը, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Ռուսաստանը, Սիրիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Ուրուգվայը, Ֆրանսիան, միջազգային հեղինակավոր կազմակերպություններ: