ՀՀ ԱԳՆ հայտարարությունը վերջին շրջանում արտերկրում հայերի դեմ բռնությունների հրահրման վերաբերյալ

Հեղինակ MediaLab

«Վերջին շրջանում արձանագրվում են աշխարհի տարբեր երկրներում ՀՀ քաղաքացիների, հայ համայնքների անդամների հանդեպ բռնության դեպքեր և փորձեր: Եղել են նաև արտերկրում ՀՀ դիվանագիտական ծառայության և հայ համայնքների բնականոն աշխատանքի խոչընդոտման, նրանց պատկանող անձնական և ծառայողական գույքի դիտավորյալ ոչնչացման դեպքեր, որոնք առանձին դեպքերում սպառնացել են նաև դիվանագիտական անձնակազմի անվտանգությանը:

Ռասիստական բնույթի քայլեր են ձեռնարկվում խոչընդոտելու Հայաստանի առևտրատնտեսական կապերը տարբեր երկրների հետ: 

Այս գործողությունների ընդլայնվող աշխարհագրությունը և ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների դեմ իրականացվող գործողություններում Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչների ներգրավման փաստերը վկայում են, որ վերոնշյալ գործողություններն ուղղորդվում են Ադրբեջանի պետական կառույցների կողմից:

Մենք խստորեն դատապարտում ենք տարբեր երկրներում ազգամիջյան բախումներ հրահրելու գործելակերպը, որը Բաքվի անպատասխանատվության հերթական դրսևորումն է և ամբողջովին տեղավորվում է Ադրբեջանի ղեկավարության՝ երկու ժողովուրդների միջև առանց աշխարհագրական սահմանափակման թշնամության հրահրման  հռետորաբանության և քաղաքականության մեջ:

Կոչ ենք անում մեր հայրենակիցներին ցուցաբերել զգոնություն, չտրվել որևէ սադրանքի, նման իրավիճակներում անմիջապես կապ հաստատել տեղի իրավապահ մարմինների, հայ համայնքային կառույցների և ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչների հետ»,- այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը: