Հեծանիվների վարձույթից օգտվողների թիվը կորոնավիրուսի օրերին շեշտակի աճել է. «Շատերը փորձել են հեծանիվ վարել՝ միգուցե առաջին անգամ»

Լուսանկարը՝ MIMO Bike-ի

Համավարակի օրերին ինչպես ակնհայտորեն ավելացել և հեծանիվների աննախադեպ վաճառք է գրանցվել Հայաստանում ու ամբողջ աշխարհում, այնպես էլ էական աճ է նկատվել հեծանիվների վարձույթի ոլորտում:

Կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության ընթացքում շատերն իրենց ազատ ժամանակն անցկացնելու, սպորտով զբաղվելու, երթևեկելու համար նախընտրել են հեծանիվը: 

Energynews.us-ի հրապարակման համաձայն՝ ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում հեծանիվների վարձույթից օգտվողների թիվը մարտին աճել է 67%-ով: Համավարակի ընթացքում հեծանիվների հանդեպ հետաքրքրության աճը հեծանիվների գնումների և վարձակալությունից օգտվելու առումով միջազգային մեդիա հրապարակումներում «հեծանվային բում է» որակվում:

Հեծանվային բումը նաև Հայաստանում է նկատելի:

«ՄԻՄՈ բայք» ընկերության տնօրեն Ռոզա Աբրահամյանը «Մեդիալաբին» ասում է, որ ՄԻՄՈ հեծանվային սմարթ վարձույթից օգտվողների թվի բավական աճ է գրանցվել կորոնավիրուսի ժամանակ:

«Կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ իրավիճակի պայմաններում շատ-շատերը փորձել են հեծանիվ վարել՝ առաջին անգամ միգուցե, և արդեն կայուն սովորություն է ձևավորվել նաև հետագայում վարելու:

Մարտից սկսած մեզ մոտ ևս գրանցվեց հաճախորդների հետաքրքրության բավական մեծ աճ, որը, կարծում եմ՝ գալիս էր նրանից, որ մարդիկ ունեին շատ ավելի ազատ ժամանակ, տանը նստած չգիտեին՝ ինչով զբաղվել, իսկ այս դեպքում սպորտով զբաղվելը և ժամանակն ընկերների հետ ապահով տրանսպորտային միջոցով անցկացնելը շատ ավելի հետաքրքիր էին հաճախորդներին»,- «Մեդիալաբին» ասում է «ՄԻՄՈ բայք» ընկերության տնօրեն Ռոզա Աբրահամյանը:

Այժմ Միմո հեծանիվների թիվն ավելացել է, քաղաքում 400-500 հասանելի Միմո նախատեսված է եղել, համավարակի պարագայում է՛լ ավելի ակտուալ է դարձել, քանի որ հաճախորդների թիվն էլ զգալի մեծացել էր:

Հայաստանում գործող Your Bike ընկերությունը, որը հեծանիվների վաճառքից զատ նաև վարձակալություն է իրականացնում, կորոնավիրուսի օրերին 30-40%-ով  աճ է գրանցել:

Ընկերության հիմնադիր Արթուր Հովակիմյանը հավաստում է, որ կորոնավիրուսի օրերին հեծանիվ նախընտրողների թիվն աճել է. «Ամբողջ աշխարհում է այդպես, մարդիկ զբաղմունք են փնտրում, 30-40%-ով աճ ենք նկատում: Հեծանիվը առողջարար է, նաև այն հանգամանքը կա, որ պարետի որոշմամբ կարելի է հեծանիվ վարելիս դիմակ չկրել: Դա էլ է նպաստում, որ մարդիկ հեծանիվ վարեն, հեծանիվը նաև որպես փոխադրամիջոց են օգտագործում»,- ասում է նա:

«ՄԻՄՈ բայք» ընկերության տնօրենի խոսքով՝ հեծանվային մշակույթը, հեծանվավարության հանդեպ հետաքրքրությունն ընդհանուր առմամբ նկատելի զարգացում է ապրում Հայաստանում:

Նրա դիտարկմամբ՝ «Միմո բայքի» շուկա մուտք գործելով նաև անձնական հեծանիվ ունեցողների թիվն է շատացել: Նկատելի է նաև աղջիկ հեծանվորդների թվի աճ:

«Երբ մարդու մենթալիտետն է փոխվում, և հասկանում են, որ հեծանիվը նախատեսված չէ միայն այգում քշելու համար, այլ կարող է աշխատանքի, դասի գնալու լիարժեք փոխադրամիջոց լինել, շատերը նույնիսկ ձեռք են բերել անձնական հեծանիվ: Կարծրատիպերը կոտրվել են աղջիկների մասով, ինչու չէ՝ նաև տղաների, ժամանակին հեծանիվ վարելը նույնիսկ տղաների համար ստերեոտիպային էր թվում:

Վերջերս նաև աղջիկների համար մրցույթ էինք կազմակերպել, ասել էինք, որ հեծանիվ կարելի է վարել նույնիսկ գեղեցիկ զգեստով: Աղջիկները գեղեցիկ զգեստներով հեծանիվ վարելիս նկարներ էին անում և ուղարկում: Տարբեր գործողությունների և քայլերի միջոցով նպաստում ենք, որ կարծրատիպերը կոտրենք, և կարողանանք առհասարակ հեծանիվներից օգտվողների շրջանակը մեծացնել»,- ընդգծում է Աբրահամյանը:

Անդրադառնալով որոշ օգտագործողների կողմից վարձույթով վերցված հեծանիվները վնասելուն՝ Ռոզա Աբրահամյանը նշում է, որ ցավոտ և խնդրահարույց է դա: Եվ նման դեպքերում փորձում են օրենքի սահմաններում վերահսկողություն իրականացնել:

«Կարծում եմ, ամեն երկրում էլ կան մարդիկ, որ պարկեշտ են, օրինակելի, կան մարդիկ էլ, որ փչացնելու, վնասելու սովորություն ունեն: Մենք և մեր գործընկերները փորձում ենք այնպիսի քայլեր ձեռնարկել, որ բացատրենք մարդկանց, որ իմաստ չունի հեծանիվը վնասելու: Նախ՝ դու դրանից չես շահում, հակառակը՝ գործ ենք հարուցում, փորձում ենք այդ ամեն ինչը վերահսկել օրենքի սահմաններում: Վնասողները 99% դեպքերում գտնվում են, և շատ գործեր են եղել, որ հարուցվել են, բայց մեր նպատակը, ի վերջո, դատի տալը չէ, այլ որ մարդ հասկանա, որ չի կարելի վնասել: Փորձել ենք լուծումներ գտնել, ընդհանուր հայտարարի ենք եկել, փորձել են վնասը փոխհատուցել, որ գործը դատարան չհասնի»,- նշում է Աբրահամյանը:

Հեծանվային մշակույթի զարգացմանը զուգահեռ, այդուհանդերձ, Երևանում հեծանիվների համար նախատեսված ուղիների խնդիր կա:

Աբրահամյանի խոսքով՝ քաղաքապետարանի հետ այս թեմայով քննարկումներ եղել են, սակայն խնդիրը դեռևս լուծում չի ստացել:

«Շատ անգամ զրուցել ենք քաղաքապետարանի հետ, փորձել ենք ինչ-որ լուծումներ առաջարկել, բայց, կարծում եմ՝ այդ խնդիրը պետականորեն լուծելու կարիք ունի: Մեր քաղաքում մի ճանապարհ կառուցելով ոչինչ չի փոխի, դա պիտի լինի ավելի գլոբալ և կանոնակարգված՝ ճանապարհներ գծվեն, որ քաղաքի մի ծայրից հեծանվաուղին տանի մյուս ծայրը, ընդհատումներ չլինեն: Մենք մեր մասով ևս պատրաստ ենք ներդրումներ անելու, բայց դեռևս, ցավոք սրտի, փոփոխություններ չունենք»,- նշում է նա: 

Արփինե Արզումանյան

MediaLab.am