Ժողովրդավարության, ոստիկանների ու թաղային հեղինակությունների համերաշխության եւ այլնի մասին. Ավագանու ընտրություններ

Ժողովրդավարության, ոստիկանների ու թաղային հեղինակությունների համերաշխության եւ այլնի մասին. Ավագանու ընտրություններ
Ժողովրդավարության, ոստիկանների ու թաղային հեղինակությունների համերաշխության եւ այլնի մասին. Ավագանու ընտրություններ

Քիչ առաջ ավարտվեցին Երեւանի ավագանու ընտրությունները, եւ մինչ հաշվարկի առաջին արդյունքները, ներկայացնում ենք մեր թղթակցի դիտարկումները երկու ընտրատեղամասերից: 

Թաղային հեղինակությունները, խախտումներ, խոչընդոտներ: Այս եւ նմանատիպ բազում դեպքեր այսօր գրանցվեցին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 179 դպրոցում տեղակայված  8/08 և 8/09 ընտրատեղամասերում, ուր աշխատում էր «Մեդիալաբի» թղթակիցը:  

Երևանի ավագանու ընտրություններն այս երկու ընտարտեղամասերում ամենաթեժերից էին, ինչի մասին պարբերաբար հաղորդումներ էին ստացվում թե դիտորդներից, թե լրագրողներից եւ թե ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ներկայացուցիչներից:

Ինչպես տեղեկացնում է «Մեդիալաբի» թղթակիցը, պատգամավոր օլիգարխ Սամվել Ալեքսանյանի հայրենի թաղամասում, թաղային հեղինակությունները պարբերաբար խմբով հավաքվում էին ընտրատեղամասերի բակում`ակնհայտ խոստովանելով, որ քարոզչություն են անում ՀՀԿ-ի օգտին:

Նույն անձինք բազմաթիվ անգամներ ելումուտ էին անում ընտրատեղամասում, ընտրողներից ոմանց մնում էին ընտատեղամասում:

Թաղային հեղինակություններից «Մոնղոլը», պարտականություն  էր ստանձնել խոչընդոտել լրագրողների աշխատանքը:

Նա տեսանկարահանում էր լրագրողներին, սադրում ու կռիվ հրահրում: Այս ամենին համարժեք պատասխան չէին տալիս ոստիկանները, ովքեր ձևացնում էին, որ ոչ մի արտառոց դեպք էլ չեն արձանագրել այս ընտրատեղմասերում:

Ավելին, ոստիկանները թաղային հեղինակությունների հետ շատ համերաշխ էին ու միասին ելումուտ էին անում ընտրատեղամասեր:

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանն ակնհայտորեն խառնված էր ընտրական գործընթացներին, ինչի իրավունքը չուներ:

Ընտրախախտումների վերաբերյալ ահազանգերից հետո, որքան էլ տարօրինակ է, ընտարտեղամասեր այցելեց Սամվել Ալեքսանյանը: Դա դեռ բավական չէ, նա անգամ միջամտեց ընտրական գործընթացներին, ցուցումներ տվեց դիտորդներին ու հանձնաժողովի ադնամներին:

Ակնհայտ է, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ընտրական գործընթացները վերահսկում էր հենց Սամվել Ալեքսանյանը, դա հերթական անգամ փաստեց և նրա, և թաղային հեղինակությունների պահվածքը, ովքեր չէին թաքցնում, որ ՀՀԿ-ի օգտին են աշխատում: ՀՀԿ-ի ձայներն արհեստականորեն մեծացնելու ուղղությամբ այս տարածքում գործի դրվեցին բոլոր հնարավոր մեթոդները: Դիտորդները ֆիքսել են, որ որոշ մարդիկ ընտրողների ցուցակների են տիրապետում և դրսում ներկա-բացակա են արել ընտրողներին:
Նշված ընտրատեղամասեր այցելելով՝ Սամվել Ալեքսանյանն ասել է, որ ահազանգերի հետքով է եկել: ՀՀԿ-ական դիտորդներից մեկին Սամվել Ալեքսանյանն ասաց. «Ընենց արա, որ պրոբլեմ չըլնի:

Մի հատ եթե զգացի պրոբլեմ կա, պրծաք արդեն, ֆսյո: Եթե մի հատ էլ ըստից զանգ եկել ա, ինձնից չնեղանաք»:

Լրագրողները հետաքրքվեցին, թե ի՞նչ իրավունքով է Սամվել Ալեքսանյանը վերահսկում ընտրական գործընթացները, երբ դրա իրավունքը չունի: «Ցավդ տանեմ, ես չեմ վերահսկում, ես իմացել էի, որ խնդիր կա, դրա համար եկա»,- ասաց նա՝ միաժամանակ նշելով, որ վստահված անձի թուղթ ունի:

Նշենք, որ դիտորդներից ոմանք էլ ՀՀԿ-ի օգտին էին աշխատում: «Կյանք» մարդու իրավունքների միջազգային ասոցիացիայի Էդուրադ Մելքոնյանն, ով դիտորդ էր այս ընտրատեղամասում և ում հանձնարարական տվեց Սամվել Ալեքսանյանը, ակնհայտորեն ՀՀԿ-ի օգտին էր աշխատում:

Նշենք, որ Սամվել Ալեքսանյանի «հանձնարարականը» չկատարվեց: Նրա հեռանալուց հետո այս երկու ընտարտեղամասերում դարձյալ անվերահսկելի իրավիճակ էր՝ խմբերով մարդիկ էին ներս մտնում, կրկնակի քվեարկության փորձեր եղան, ընտրողները մի քանի անգամ էին մտնում ընտարտեղամաս: Ոստիկաններն ցուցաբերում էին կատարյալ անտարբերություն:

© Medialab.am