««3+3» ձևաչափով Թուրքիան հանդգնում է մեր տարածաշրջան մտնել, գնալով ուժեղացնել իր ազդեցությունը». Ռուբեն Սաֆրաստյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը

– Պարո՛ն Սաֆրաստյան, այսօր Անկարայում հանդիպել են Ռուսաստանի ու Թուրքիայի արտգործնախարարները: Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, խոսել են Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի, նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասին: «Թուրքիան կարծում է, որ խաղաղության համապարփակ համաձայնագրի ստորագրումը, հատկապես Ադրբեջանի և Հայաստանի միջև, կարևոր է տարածաշրջանում կայունության համար»,- ասել է Չավուշօղլուն: Թուրքիայի ընդհանուր աշխարհաքաղաքական նպատակն այսօր ո՞րն է, ու Թուրքիան իսկապե՞ս ուզում է Հայաստան-Ադրբեջան կարգավորված հարաբերություններ տեսնել:

– Թուրքիայի հիմնական նպատակը մեր տարածաշրջանում Հարավային Կովկասն իր ազդեցության ոլորտ դարձնելն է: Թուրքիան այդ նպատակը սկսել է իրականացնել դեռևս 1991 թվականից, երբ փլուզվեց Խորհրդային Միությունը, ու հիմա Թուրքիայի համար ստեղծվել են ավելի բարենպաստ պայմաններ՝ այդ նպատակն իրականությանը մոտեցնելու համար: Մասնավորապես՝ 44-օրյա պատերազմում Հայաստանի կրած պարտությունը հնարավորություն է տալիս Թուրքիային, օգտագործելով Ադրբեջանը, ավելի ինտենսիվ, ավելի ագրեսիվ կերպով իր այդ նպատակն իրականություն դարձնել: 

Թեև բոլոր պետություններն են այդպես, բայց Թուրքիայի արտաքին քաղաքականությունն առանձնանում է նրանով, որ իր ծավալապաշտական նպատակները քողարկում է խաղաղության, համագործակցության, հակամարտությունների կարգավորման մասին խոսակցություններով: Ըստ էության, ես կարծում եմ, որ «3+3» ձևաչափը, որը հիմա դարձել է «3+2», որովհետև Վրաստանը չի մասնակցում, և որի հեղինակը Թուրքիան է, տարածաշրջանում Թուրքիայի դերակատարությունը մեծացնելու ձևերից մեկն է: 

Փաստորեն, այս ձևաչափով Թուրքիան հանդգնում է մեր տարածաշրջան մտնել, գնալով ուժեղացնել իր ազդեցությունը՝ հասցնելով այն Ռուսաստանի ազդեցությանը, գուցե նաև անցնել դրան: Իրանը, փաստորեն, այս ձևաչափով ավելի երկրորդական դիրքերում է: Ձևաչափի աշխարհաքաղաքական նպատակը հենց դա է, ոչ թե տարածաշրջանում խաղաղությանն ու համագործակցությանը նպաստելը:

– Ակնհայտ է, որ Ադրբեջանն իր բոլոր քայլերը նախապես համաձայնեցնում է Թուրքիայի հետ: Հաշվի առնելով այս փաստը՝ ինչ եք կարծում, Ադրբեջանը ո՞ր դեպքում կհամաձայնի ստորագրել, Չավուշօղլուի ասած՝ խաղաղության համապարփակ համաձայնագիրը:

– Համոզված եմ, որ Ադրբեջանն ու Թուրքիան կձգտեն ստորագրել խաղաղության այնպիսի պայմանագիր, որը Ադրբեջանի հաղթանակի արդյունքները թղթին կհանձնի: Նպատակն է օրինականացնել Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի հետևանքով Արցախի տարածքի մի մասի բռնազավթումը:

– Միայն մի մասի՞նը, որովհետև իրենք ամբողջ Արցախի մասին են անընդհատ խոսում, պարո՛ն Սաֆրաստյան:

– Քանի որ հիմա միջազգային տարբեր հարթակներում սկսեց քննարկվել Արցախի վերջնական կարգավիճակի խնդիրը, Ադրբեջանի համար շատ դժվար կլինի միանգամից դնել կարգավիճակի խնդիրը, իհարկե, նա ձգտում է դրան: Ակնհայտ է, որ Ադրբեջանն ամեն բան անելու է, որ զավթի Արցախը, հայաթափի այն, փաստորեն ցեղասպանություն իրականացնի այնտեղ. սա՛ է նպատակը: Բայց ես չեմ կարծում, որ Ադրբեջանին մոտ ապագայում կհաջողի հասնել դրան, որովհետև այսօր միջազգային տարբեր հարթակներում խոսվում է Արցախի վերջնական կարգավիճակը ճշգրտելու մասին, ինչը խանգարում է Ադրբեջանին միանգամից հասնել նպատակին, հետևաբար, իրենք քայլ առ քայլ կփորձեն դրան հասնել:

– Այդ նպատակին հասնելու քայլերից մեկն էլ տարածաշրջանում այդ «3+3» ձևաչափի կիրարկո՞ւմն է:

– Թուրքիայի համար առաջինը, իհարկե, իր ազդեցության ուժեղացումն է, բայց Թուրքիան կփորձի նաև այդ հարթակն օգտագործել՝ մեկ անգամ ևս իր աջակցությունը Ադրբեջանին հայտնելու համար:

Պարո՛ն Սաֆրաստյան, իսկ Թուրքիան Թուրքիե անվանափոխելու Էրդողանի բուն նպատակը ո՞րն է:

-Էրդողանի կարևորագույն նպատակը 2023 թվականն է, երբ հոկտեմբերին կլրանա Թուրքիայի Հանրապետության 100 տարին, ու նա պատրաստ կլինի հայտարարելու, որ սկսվում է նոր էջ Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ: «Նոր Թուրքիեն» Էրդողանի սիրած արտահայտություններից է, ու նա պետք է հիմնադրի այն ու դառնա Նոր Թուրքիեի հիմնադիրը, ինչպես Աթաթուրքն էր ներկայիս հանրապետության հիմնադիրը: 

Այդ նպատակի սիմվոլիկ ու կարևոր արտահայտություններից մեկը հենց պետության անվան փոփոխումն է: Փաստորեն, Թուրքիան վերանվանելով Թուրքիե, նրանք ոչ միայն լուծում են այն խնդիրը, որ Turkey բառն անգլերենում նշանակում է հնդկահավ, ինչը ևս Էրդողանին դուր չի գալիս, բայց հիմնական նպատակը 2023-ին պատրաստվելն է, որ այդ նոր Թուրքիեն պետք է տարանջատվի Աթաթուրքի Թուրքիայից նաև անվանումով:

– Էրդողանը դժգոհ է Աթաթուրքի հիմնած Թուրքիայից, դրա համա՞ր է անվանափոխություն անում, թե՞ ավելի շատ ձգտում է արժևորել իր անձը:

– Իմ ընկալմամբ՝ երկուսն էլ կա: Տասնյակ տարիներ հետևելով Էրդողանի գործունեությանը՝ կարող եմ ասել, որ նա շատ ամբիցիոզ մարդ է և անընդհատ ուզում է լինել առաջին դիրքերում: Կա նաև այն հանգամանքը, որ ձգտելով Թուրքիան դարձնել աշխարհի հզոր պետությունների թվին պատկանող պետություն, Էրդողանը փորձում է նաև լուծել այն խնդիրները, որոնք, ինչպես ինքն է հայտարարում, Աթաթուրքը չհասցրեց լուծել, մասնավորապես, տարածքային խնդիրները: 

Դեռևս 1920 թվականին Աթաթուրքի նախաձեռնությամբ ընդունվել է ազգային ուխտը, որում նախանշվել են այս Թուրքիայի Հանրապետության սահմանները, բայց այդ ազգային ուխտի սահմաններից մի մասը դուրս է մնացել Թուրքիայի Հանրապետութան տարածքից՝ Հյուսիսային Սիրիան, Հյուսիսային Իրաքը, Կիպրոսը, Հայաստանը, Բալկաններում տարածքներ, ու հիմա, փաստորեն, Էրդողանը հայտարարում է, որ պետք է ավարտի այդ գործը, որ սկսել է Աթաթուրքը ու չի կարողացել ավարտին հասցնել:

– Այսինքն՝ դրանո՞վ էլ կարելի է բացատրել Թուրքիայի ակտիվությունը թե՛ Սիրիայում, թե՛ մեր տարածաշրջանում:

– Իհարկե, նա կոնկրետ աշխարհաքաղաքական, աշխարհառազմավարական խնդիրներ է լուծում:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am