Կվերանայվեն 2022 թվականի պետական բյուջեի սոցիալական ոլորտի հատկացումները

ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի  ապրիլի 7-ի նիստում քննարկվեց  ««ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական տարբերակում ներառված սոցիալական ոլորտի բյուջետային ծրագրերի վերաբերյալ» հարցը:

Հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանն ու ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը մինչ նիստը կանանց եւ աղջիկներին շնորհավորեցին  Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ:

Մեսրոպ Առաքելյանը տեղեկացրեց, որ առաջարկվում է որոշ փոփոխություններ կատարել հաջորդ տարվա պետական բյուջեի սոցիալական ծախսերի հոդվածներում: Նախատեսվում է որոշ ծրագրերի իրականացումը դադարեցնել, մի քանի  հոդվածներում էլ ավելացնել ֆինանսական միջոցները:  Ընթացիկ տարում  սոցիալական ոլորտի  ծախսերը   նախատեսված է իրականացնել  503 մլրդ դրամի  շրջանակում,  իսկ 2022-ի համար նախնական հայտը կազմում է մոտ  550  մլրդ դրամ:  Առաջարկները  պայմանավորված են շահառուների թվի փոփոխությամբ: Մասնավորապես, նախատեսվում է փոփոխել անապահով սոցիալական խմբերի աջակցության բյուջեն:  Նախարարը տեղեկացրեց, որ այժմ շրջանառության մեջ է «Բազմազավակ ընտանիքների մասին» օրենքի նախագիծը, որի ընդունման պարագայում «Փարոս» համակարգում ընդգրկված  բազմազավակ ընտանիքները սոցիալական աջակցությունները կստանան այդ օրենքի  շրջանակներում նախատեսված  համակարգով:  Մոտ 6.5 մլրդ դրամով կավելացվի սոցիալական ոլորտի բյուջեն, որը կուղղվի ժողովրդագրական վիճակի բարելավմանը:

Նախարարությունն իրականացրել է զբաղվածության ապահովման  ծրագրերի գնահատում եւ դադարեցրել  5 ծրագիր,  որոշ ծրագրեր էլ վերանայվել են:

Գալիք տարում էապես կավելացվեն  հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական աջակցության միջոցները, ինչը հնարավորություն կտա իրականացնելու ավելի հասցեական եւ որակյալ ծառայություններ: «2 մլրդ դրամ՝ 900 մլնի փոխարեն»,-հստակեցրեց նախարարը:

Հանրապետության որոշ մարզերում կստեղծվեն վերականգնողական ծառայություններ իրականացնող 6 կենտրոններ, որոնցում առողջությունը կվերականգնեն զինվորական ծառայության ժամանակ հաշմանդամություն ստացած անձինք:  Այժմ Երեւանում գործում է նման 2 կենտրոն:

Սոցիալապես անապահով ընտանիքներին բնակարանով ապահովելու համար Կառավարությունը  յուրաքանչյուր տարի նախատեսում է հատկացնել 2 մլրդ դրամ: Խոսքը վերաբերում է այն ընտանիքներին, որոնք չունեն հիմնական բնակության վայրեր:  Նախատեսվում է ծրագիրն իրագործել գալիք տարվանից:

Հանձնաժողովը Կառավարության զեկույցն ընդունեց ի գիտություն: