Նոր նմուշի կենսաչափական անձնագրերի դիզայնը կփոխվի, էջերը կավելանան. փոխոստիկանապետ

Ոստիկանությունը այս պահին ակտիվ քայլեր է ձեռնարկում, որպեսզի կարողանանք 2022 թվականի ավարտին կամ 2023-ի սկզբին ներդնել կենսաչափական տվյալներ պարունակող լիովին նոր համակարգ, ինչի արդյունքում ամբողջությամբ կունենանք կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրերի համակարագ: Այդ մասին բյուջե-2022-ի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ոստիկանապետի տեղակալ Արա Ֆիդանյանը:

Պաշտոնյայի ներկայացմամբ, հին նմուշի անձնագրերը պետք է աստիճանաբար դուրս գան շրջանառությունից, ինչի հետ կապված էլ որոշման նախագիծ է դրվել շրջանառության մեջ: Ֆիդանյանը բացատրեց, որ նախագծով հնարավորություն է տրվում անձին երկու տարով երկարացնել անձնագրի վավերականության ժամկետը, որից հետո միայն, երբ համակարգն ամբողջությամբ անցնի կենսաչափական անձնագրի, անձը կարող է ստանալ իր կենսաչափական անձնագիրը:

«Պատկերացրեք, եթե մենք 2022 թվականին տրամադրենք 10 տարի վավերականությամբ հին նմուշի անձնագրեր, մենք ստիպված ենք լինելու մինչև 2032 թվականը կիրառել ու ՀՀ-ում շրջանառել հին նմուշի անձնագիր: Հին նմուշի անձնագրերը պետք է հետզհետե դուրս գան շրջանառությունից»,-բացատրեց պաշտոնյան:

2023-2024 թվականների ընթացքում, ըստ Ֆիդանյանի, հին նմուշի անձնագրեր նախատեսվում է չտրամադրել: Իսկ 2022-ից սկսած կենսաչափական նմուշի անձնագրերի տրամադրումը ծրագրում են հասցնել տարեկան 250 հազարի՝ զուգահեռ նվազեցնելով հին նմուշի անձնագրերի տրամադրումը:

«Հին և նոր նմուշի կենսաչափական անձնագրերը իրավական առումով լիովին նույնն են լինելու: Բայց միաժամանակ նախատեսում ենք դիզայնի փոփոխություն, էջերի ավելացում, որը հնարավորություն կտա շատ ավելի երկար ծառայել քաղաքացուն», -հավելեց պաշտոնյան: