«Չկա հիվանդ երեխա, կա հիվանդ հասարակություն և հիվանդ անտեղյակություն». փակ պատերի հետևում`ազատության դռների բացվելուն սպասելիս

«Չկա հիվանդ երեխա, կա հիվանդ հասարակություն և հիվանդ անտեղյակություն». փակ պատերի հետևում`ազատության դռների բացվելուն սպասելիս
«Չկա հիվանդ երեխա, կա հիվանդ հասարակություն և հիվանդ անտեղյակություն». փակ պատերի հետևում`ազատության դռների բացվելուն սպասելիս

«Տաշի՜-տաշի՜»,- այսպես է Ալբերտը դիմավորում հյուրերին, բռնում ձեռքից, տանում դեպի հայելին ու ցույց տալիս, թե ինչպես են կանայք հարսանիքներում պարում, նվերներ փոխանակում:
12-ամյա տղան ընդամենը մեկ անգամ է հարսանիք գնացել, այնքան է տպավորվել հարսանիքից, որ մանկավարժներին համոզում է հարսանյաց հանդեսի երգեր միացնեն, ինքն էլ «տաշի-տաշի» անելով՝ պարում է:
Ալբերտը Խարբերդի մասնագիտացված մանկատան նորեկ սաներից է: Կանոնադրության համաձայն՝ մանկատուն բերելուն պես ծնողը պետք է փաստաթղթերով հրաժարվի երեխայից: Ալբերտի մայրը՝ Լիլիթ Չ.-ն, երեխային մանկատուն է բերել խնամքի փորձի պակասի պատճառով, ասում է՝ տանն այլ երեխաների հետ դժվարանում է մեծացնել տղային:

«Հայաստանում ծնողների համար որևէ կենտրոն չկա, որտեղ կարող ենք այցելել, մասնագիտական խորհուրդներ հարցնել, իմանալ` ինչպես մեծացնենք հաշմանդամություն ունեցող մեր երեխաներին, իսկ ես ամեն օր, ամեն ժամ եմ բախվում խնդիրների՝ տանը մյուս երեխաների հանդեպ ագրեսիվ վարքից մինչև փողոցում տղայիս ձեռքը բռնած քայլելու ընթացքում մեզնից փախչող մարդկանց չար հայացքներից»,- ասում է Լիլիթը, ով ուրբաթ երեկոները որդուն տուն է տանում՝ կիրակի մանկատուն հետ բերելու գրությամբ:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Խարբերդի մասնագիտացված մանկատանը 295 երեխա է խնամվում, նրանց 65 տոկոսը հարազատների, ծնողների հետ որևէ շփում չունի: Հաշմանդամություն ունեցող 6 տարեկանից բարձր երեխաների խնամքի համար Հայաստանում գործող միակ հաստատությունն այսօր նոր երեխաներ ընդունելու տեղ չունի, Գյումրու «Երեխաների տուն» մանկատանը, որտեղ մինչև 7 տարեկան երեխաների խնամքն է ապահովվում, 7 տարին անց 15 երեխա սպասում է իր հերթին, շատ են նաև դիմումները ընտանիքներից:

Մանկատունն ի սկզբանե ստեղծված էր մինչև 18 տարեկան երեխաների համար, սակայն 100-ից ավելի 18-ն անց հաշմանդամություն ունեցող մարդիկ դեռևս չեն տեղափոխվել: Մանկատան տնօրեն Հարություն Բալասանյանը նշում է, որ միայն փոքր մասին կարողացել են տեղավորել Վարդենիսի տուն-ինտերնատում, որը ևս հագեցած է և այլևս նոր անդամներ ընդունել չի կարող:

«Ավելի բարձր տարիքովներից մի քանի հոգի տեղափոխվել են Գյումրիի հաշմանդամների տուն, բայց այլևս որևէ կենտրոնում չենք կարող մարդ տեղավորել: Որպեսզի մեծահասակների խնդիրը լուծվի, պետք է կոմպլեքս միջոցառումներ իրականացվեն, որոշակի սոցիալական պաշտպանվածության կարիք կա, ընտանիքներին ուժեղացնելու անհրաժեշտություն կա, այլընտրանքային ծառայություններ են պետք»,- ասում է Բալասանյանը:

Հաշմանդամություն ունեցող մեծահասակների համար որպես լավագույն տարբերակ առաջարկվում է, աչքի առաջ ունենալով աշխարհի փորձը, ստեղծել ցերեկային կենտրոններ, որտեղ ծնողը կամ խնամակալը կկարողանա երեխային թողնել առավոտյան և երեկոյան տուն տանել՝ հնարավորություն ստանալով նաև իր աշխատանքի իրավունքը պահելու:

Հարություն Բալասանյանը նշում է, որ Հայաստանի պես երկրում, որտեղ հաշմանդամություն ունեցող մարդկանց բնակության համար միայն երեք կենտրոն կա, ցերեկային կենտրոնները օր առաջ պետք է գործարկվեն:

Արսեն Խ.-ն 18 տարեկան է, ի զարմանս բոլոր մակավարժների` զբաղվում է ասեղնագործությամբ, ասում է՝ դեռ չգիտի` ինչ կլինի իր վերջը ասեղնագործության բնագավառում, բայց ոչ մի կերպ չի հասկանում՝ մարդիկ ինչո՞ւ են տարօրինակ նայում, երբ ասեղն ու թելը ձեռքն է վերցնում:

«Ասեղնագործելու համար կտորի վրա սեղան եմ նկարում, աթոռներ ու հաց ուտող ընտանիք, հետո որոշում եմ գույները և սկսում եմ աշխատել: Հա, մեկ էլ` հենց սկսում եմ աշխատել, էլ տղաները, էլ աղջիկները գալիս են, նայում, հետո գնում, թաքուն մի տեղ ծիծաղում»,- պատմում է նա:

Արսենն ապրում է մեծահասակ տղաների խմբում, երազում է դուրս գալ մանկատնից, ընտանիք կազմել, հարցնում է՝ որքա՞ն գումար է հիմա անհրաժեշտ ընտանիք պահելու համար:

18-ն անց տղաների խումբը շարունակում է նույն կենսակերպով ապրել, զբաղվում են արտթերապիայով, այգու աշխատանքներով, այստեղ մասնագետները ձգտում են ընդգրկվածությունը զբաղվածությամբ լցնել:

Տղաների խումբը մանկավարժներից Նելլի Առուշանյանի հետ «համաձայնության է եկել», այժմ օրվա մեծ մասը «տղաների տիրուհին» անցկացնում է այգում. «Թեկուզ մեծ տղաների էներգիան պարպելու համար հիմնականում այստեղ ենք աշխատում, որպեսզի մի լավ հոգնեն մեր տղաները»:

Նրա խոսքով` բոլորը չէ, որ կարող են դուրս գալ մանկատնից և ընդունվել հասարակության կողմից. «Հնարավորինս աշխատում ենք բոլորի համար ինտեգրում ապահովել, սակայն հասարակության խնդիրն է` իր մեջ ընդունել մեր շրջանավարտներին»:

Տղաների խմբի մեծ մասի ծնողներն այցի են գալիս, սակայն այդ տարիքում արդեն հասուն տղային հետ տուն տանելը, ըստ մանկավարժի, բարդ է, քանի որ ոչ բոլորը կարող են հաղթահարել խնամքի բարդությունները:

«Մեր երկրում պակասում են հենց խնամքի կենտրոնները, եթե մենք ունենայինք նման կենտրոններ, հասուն տարիքում գտնվող հաշմանդամները հաճախեին, գիշերը տուն կգնային ու ծնողի ջերմություն կզգային, քանի որ ինչքան էլ մանկավարժը խնամք տանի, սիրի, գուրգուրի, մարդու համար ծնողի ջերմությունն ամենակարևորն է»,- նշում է նա:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հասմիկ Խաչատրյանն ասում է, որ 18 տարին լրացած շրջանավարտների համար միայն Վարդենիսի ինտերնատը բավարար չէ:

«Զարգացման խնդիրներ ունեցող երեխաների համար բավարար տեղեր չկան, անհրաժեշտ են պետական միջոցներ, որպեսզի երկրորդ նման կենտրոն կամ այլ կենտրոններ բացվեն, սակայն այս պահին դեռ չեն սկսվել նման կենտրոնների ուղղությամբ աշխատանքները»,- հավաստում է նա:

Ցերեկային կենտրոնների բացակայության խնդրին զուգահեռ նաև ծնողներին աջակցություն և հոգեբանական խորհրդատվություն տրամադրելու կարիք է նկատում հատուկ հոգեբան Էդգար Մանուկյանը: Նա նշում է, որ եթե ծնողի հետ որևէ աշխատանք տարվի, եթե ծնողին թեկուզ բացատրվեն երեխայի հաշմանդամության առանձնահատկությունները, խնամքի եղանակները, ագրեսիվ վարքից խուսափելու մեթոդներ ուսուցանվեն, մանկատուն դիմելու հերթերը զգալիորեն կնվազեն:

«Ծնողները պատրաստ են վերցնելու, տեղեկություններ ստանալու, սակայն դրա հնարավորությունը չկա: Ծնողներն իրենք լուրջ խնդիրներ ունեն, սակայն առանձին ոչ ոք տեղից չի շարժվում ծառայությունների մատուցման համար, ամենուր խախտվում է երեխայի իրավունքը, ծնողներն էլ տեղյակ չեն իրենց երեխաների իրավունքներից, շատ դեպքերում էլ լռում են՝ վախենալով, թե «դասատուն կթարսվի», իրենց երեխան առանց այն էլ հիվանդ է… Չկա հիվանդ երեխա, կա հիվանդ հասարակություն և հիվանդ անտեղյակություն»,- ասում է Է. Մանուկյանը:

Ծնողների աջակցության, հարցուպատասխանի փորձեր անում է «Փրկություն» հասարակական կազմակերպությունը, տնօրեն Արփինե Աբրահամյանի խոսքով, իրենք ամսվա մեջ մեկ անգամ հանդիպում են ծնողների հետ, զրույց տանում, պատասխանում հարցերին:

«Մենք կարող ենք աշխատել միայն մեր 54 երեխաների ծնողների հետ, իսկ դա շատ փոքր թիվ է ընդհանուր իրազեկությունը բարձրացնելու համար»,- ասում է Աբրահամյանը:

22-ամյա Արթուրը մանկատան «փիլիսոփա» մանկանունն է ստացել, ասում է՝ աջ ու ձախ մեջբերումներ է անում մեծերից, սիրում է լսել՝ ով ինչ խելոք բան կասի, ինքը դա կզարգացնի իր ներսում ու իր ձևով կբացատրի:

Արթուրը գրել-կարդալ սովորել է մանկատանը անօրինական գործող դպրոցում, որը, ինչպես տնօրեն Բալասանյանն է նշում, ստեղծվել է իրենց ձեռքով, «քանի որ այլ ելք չունեին»:

«22 երեխաներ ուսում են ստանում ոչ օրինական, բայց այլ ելք չունենք… Ամենամոտ գտնվող Խարբերդի դպրոցը պատրաստ չէ հաշմանդամություն ունեցող այսքան մեծ թվով աշակերտների ընդունելու, իսկ ո՞վ է ասել, որ մեր երեխաներին կրթություն պետք չէ»,- վրդովվում է նա:

Դպրոցում աշխատակիցներն իրենք են կազմում ծրագրեր, չափորոշիչներ, գրքեր ձեռք բերում:

Փիլիսոփա Արթուրն ասում է՝ մի օր ինքն էլ այնքան ազատ կլինի, որ դպրոց կբացի, գրել-կարդալ կսովորեցնի առանց խնամքի մնացած երեխաներին:

«Դու ամեն ինչ ունես, պարզապես պիտի գտնես դրանք քո ներսում»,- Արթուրը հիշում է, որ 9 տարեկանում ինքն իրեն ասաց այս բառերն ու որոշեց՝ պիտի քայլի, խնդրեց իրեն վիրահատության տանել, ապա քայլակի ու պատերի հետ կռիվ տալով` սկսեց քայլել:

Այսօր արդեն թութակների մեծ սիրահարը միջանցքով վազում է բնից դուրս փախչող թռչունների հետևից, բռնում նրանց, ձեռքերը դողալով փակում վանդակի դուռը, ձեռքերը դողում են, քանի որ տղան ազատության սիրահար է, ասում է՝ թռչունների, մարդու, բոլոր շնչավորների համար բոլոր վանդակների դռները պիտի բաց թողնել, պիտի թողնել մարդն ինքը որոշի՝ որ դռնից դուրս գա և որով մտնի ներս, և ամեն անգամ ազատության դուռը փակելիս իզուր չէ, որ իր ձեռքերը դողում են:

Փառանձեմ Հովհաննիսյան

Լուսանկարները` Փիրուզա Խալափյանի

© Medialab.am