«Խաղաղություն մեր տարածաշրջանում մոտակա հարյուրամյակում չի ստացվի, և մեր տարածաշրջանը անընդհատ լինելու է տարբեր հակամարտությունների գոտի»․ Վերլուծաբան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքական հարցերով վերլուծաբան Ռոբերտ Ղևոնդյանը

– Պարո՛ն Ղևոնդյան, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամենաթարմ հայտարարության հետքերով՝ ի՞նչ եք կարծում, այդ ձևաչափը փորձում է վերակենդանանա՞լ: Ի՞նչ տպավորություն ունեք:

– Ռուսաստանը բավական ակնհայտ կերպով խնդիրների լուծման հետ կապված հարցերով Հայաստանին ուղղորդում է դեպի Մինսկի խումբ, իսկ մյուս կողմից էլ՝ որոշ հարցերով չի ցանկանում սեփական մոնոպոլիան զիջել այլ կենտրոնների, օրինակ՝ գերիների հարցով ԵԽԽՎ քվեարկությունը: 

Կարելի է ասել, որ այս դեպքում երկակի խաղի նշաններ են առկա, և Ռուսաստանը վատ է վերաբերվում, երբ Հայաստանը հարցը փորձում է բարձրացնել այլ հարթակներում: Կարծում եմ՝ այս իրավիճակում Մինսկի խումբը ոչ թե ռեստարտ է ապրում, այլ տրանսֆորմացվելու խնդիր ունի, և եթե դա հնարավորություն լինի իրականացնելու, գուցե Հայաստանը կարողանա իր շահերը առաջ մղել Մինսկի խմբի միջոցով:

– Իսկ ո՞րն է Հայաստանի շահը:

– Հայաստանի շահը Արցախի կարգավիճակի հարցի շուրջ քննարկումների շարունակումն է: Բացի այդ, կան նաև ընթացիկ հարցեր, որոնցից մեկը գերիների հարցն է, ինչպես նաև ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցը, որի շուրջ կարծես թե Հայաստանում ու Ադրբեջանում մոտեցումները տարբեր են: Կան նաև այլ հարակից հարցեր, որոնք կապված են իմ նշած գլխավոր հարցերի հետ:

– Իսկ դուք տեսնո՞ւմ եք ԵԱՀԿ Մինսկի խմբի տրանսֆորմացման հնարավորություն:

– Մենք տեսնում ենք, որ վերջին շրջանում Մինսկի խումբը ակտիվ որևէ գործողություն չի ծավալում: Վերջին այցերը Հայաստան և Ադրբեջան ցույց են տալիս, որ նույնիսկ հանդիպումների հետ կապված խնդիրներ կան: Եվ որպեսզի այդ խնդիրները լուծվեն, ու սկսի աշխատել, Մինսկի խումբը պետք է տրանսֆորմացվի ու համապատասխանի նոր պայմաններին, որովհետև հետպատերազմյան իրականությունը այլ է, մենք գտնվում ենք նոր պայմաններում: 

Եթե ստացվի տրանսֆորմացումը իրականացնել ու աշխատել, ապա դրանից հետո հայկական կողմի, հայկական դիվանագիտության համար կգա սեփական շահերը այդ հարթակում իրացնելու հնարավորությունների պահը: Մենք չպետք է միանգամից ելնենք ու մեր շահերը կապենք Մինսկի խմբի հետ, քանի դեռ Մինսկի խումբը չի տրանսֆորմացվել:

– Ալիևը պատերազմից հետո էլ է շարունակում ռազմատենչ հայտարարություններ անել, հավակնություններ ներկայացնել Հայաստանի սուվերեն տարածքների նկատմամբ: Ի՞նչը կարող է փոխել ստեղծված վիճակը:

– Ես երկար ժամանակ է՝ ասում եմ՝ ռազմատենչությանը այլընտրանք չկա, և Ադրբեջանը անընդհատ ռազմատենչ հայտարարություններ է անելու: Եվ ես զարմանում եմ, որ դեռ կան մարդիկ, որոնց համար սպասելի չեն նման ռազմատենչ հայտարարությունները: 

Պատերազմը կարծես թե հաստատեց, որ ես ճիշտ եմ, սակայն այսօր նորից մարդիկ կան, որ չգիտես որտեղից վերցնում ու խոսում են խաղաղության մասին: Խաղաղություն մեր տարածաշրջանում մոտակա հարյուրամյակում չի ստացվի, և մեր տարածաշրջանը անընդհատ լինելու է տարբեր հակամարտությունների գոտի:

Դրանք որոշ դեպքերում կարող են առնչվել Հայաստանի հետ, որոշ դեպքերում չեն առնչվի, և մեր երկրին մնում է անընդհատ պատրաստ լինել այդ հակամարտություններին: Իսկ դրա համար պետք է վերականգնել ու հզորացնել տնտեսությունը, ուժեղ ռազմական միավոր ստեղծել, բանակը տրանսֆորմացնել, արտաքին դիվանագիտության մեջ սկսել ինքնիշխան պետականամետ արտաքին դիվանագիտություն վարել: Ուրիշ տարբերակ, ուրիշ ճանապարհ Հայաստանի համար չկա:

– Կարծում եք՝ հնարավո՞ր է այս ամենից հետո ինքնիշխան դիվանագիտություն վարել:

– Դե, ես ասում եմ, որ պետք է զարգացնել ու այնպիսի երկիր ստեղծել, որը կարողանա ինքնիշխան գործընթացներ իրականացնել: Իհարկե, ինքնիշխանությունը չի ենթադրում բացարձակ վակուումում գործել, բնականաբար դաշնակիցներ պետք է լինեն, դաշնակիցների հետ պետք է հաշվի նստել, բայց սեփական անվտանգությունը դաշնակիցներին զիջելը կարող է բերել այնպիսի հետևանքների, ինչպիսիք ունեցանք 2020 թվականին:

Հայաստանը ուղղակի պետք է աշխատի իր վրա, ձևավորի սեփական անվտանգության համակարգը, հզորացնի տնտեսությունը: Այսինքն՝ պետք է իրականացնել մի շարք գործողություններ, որոնց դեպքում միայն Հայաստանը կկարողանա ինքնիշխան, պետականակենտրոն դառնալ: Հակառակ դեպքում մենք կգնանք պետականության խարխլման:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am