«ԿԸՀ-ն կարող էր լինել լիովին անկախ մարմին, բայց այդպիսին չդարձավ». Վարդինե Գրիգորյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ժողովրդական ինստիտուտների մոնիթորինգի և զեկուցման համակարգող Վարդինե Գրիգորյանը:

– Վերջերս ԿԸՀ նախագահ և կազմ ընտրվեցին ԱԺ-ում: Արդեն մամուլը գրում է, որ մինչև ԿԸՀ նոր կազմի ձևավորումը Ընտրական օրենսգրքում պարզեցվել են ԿԸՀ անդամին ներկայացվող պահանջները, և դա արվել է, որ, մասնավորապես, Վահագն Հովակիմյանը կարողանա դառնալ ԿԸՀ նախագահ: Խոսքը մասնագիտական ստաժի պահանջի մասին է, որը չի ունեցել Հովակիմյանը: Արդյոք այս փոփոխությունները իշխանությունը հենց այդ նպատակո՞վ էր արել:

– Ես սրա մասին նախկինում էլ եմ խոսել: Այս փոփոխությունը, այսինքն՝ կարգի պարզեցումը, նախատեսված էր 2018 թվականից, այն նախատեսված էր 2018-ին Ընտրական օրենսգրքի նախագծում, որը չընդունվեց: Այս փոփոխությունը հետագայում մոռացվեց ավելի մեծ փաթեթի մեջ, բայց ամեն դեպքում տրամաբանությունն այն է, որ ԿԸՀ նախագահի և անդամների համար Սահմանադրությունը նախատեսում է, որ ներկայացվում են այն պահանջները, որոնք ներկայացվում են ԱԺ պատգամավորի համար, և կարող են լինել անհամատեղելիության լրացուցիչ պահանջներ: Այսինքն՝ Սահմանադրությունը չի ենթադրում, որ պետք է լինեն այլ պահանջներ, խոսվում է միայն անհամատեղելիության պահանջների մասին:

Տրամաբանությունից ելնելով խոսվում էր, որ պետք է պարզեցվեն պահանջները, չնախատեսվեն այնպիսի պահանջներ, որոնք փաստացի հակասում են Սահմանադրությանը: Այդ պահանջները պետք է լինեն ավելի պարզ՝ մտածելով, որ քաղաքական ուժերը կունենան պատասխանատվություն և կներկայացնեն թեկնածուների, որոնք իրապես համապատասխանում են որակավորմանը, այլ ոչ թե քաղաքական նախապատվությանը: Քանի որ այս փոփոխությունը նախատեսված էր 2018-ից, չեմ կարող պնդել, որ սա ուղիղ Վահագն Հովակիմյանի հետ կապ ունի: Հատկապես որ, ինքը, ամեն դեպքում, իրավաբանի դիպլոմ ունի:

– Այո, ավարտել է մասնավոր մի բուհ, նախորդ տարի:

– Այդպիսի մի մասնավոր համալսարան էլ ես եմ ավարտել և պատկերացնում եմ, որ դա կարող էր բավական հեշտ լինել: Ուզում եմ ասել, որ բարձրագույն կրթություն ստանալու դեպքում ինքը կարող էր առաջին կուրսից չնստել և ավելի քիչ ժամանակում ավարտել կուրսը: Ես կոնկրետ այդ դիպլոմի լեգիտիմությունը վիճարկել չեմ կարող, որովհետև դրա հիմքերը չունեմ:

Մի բան ակնհայտ է, այս փոփոխությունը նախատեսվում էր 2018 թվականին: Այն, որ հիմա այդ փոփոխությունը շատ արագ բերվեց, իհարկե կապ ուներ ԿԸՀ նոր կազմի հետ: Չգիտեմ՝ կոնկրետ հենց Վահագն Հովակիմյանի՞ հետ, թե՞ պարզապես նրա համար, որ հնարավորությունը ավելի լայն լինի ընտրելու, թե ում են ներկայացնում ԿԸՀ-ում:

Իրոք, այդ սահմանափակման կարիքը չկա, բացի այն, որ այդ սահմանափակումը, ըստ էության, հակասահմանադրական էր: Մենք կարող ենք վիճարկել, թե արդյոք ճի՞շտ է, որ Սահմանադրությունը չի սահմանափակում, բայց դա այլ հարց է: Փաստ է, որ Սահմանադրությունը չի սահմանափակում, և փաստ է, որ այն ձևակերպումը, որ կար Ընտրական օրենսգրքում, հակասում էր Սահմանադրությանը:

– Փաստորեն, եթե այս փոփոխությունը չկատարվեր, ԿԸՀ անդամ լինելու համար պարտադիր էր լինելու իրավաբանական կրթությունը, իսկ հիմա բավարար է միայն բարձրագույն կրթություն ունենալը:

– Սահմանադրությունը հենց այդպես էլ ասում է, որ ԿԸՀ անդամը պետք է լինի պատգամավորին ներկայացվող պահանջներին բավարարող անձ: Այսինքն՝ եթե 4 տարի ՀՀ քաղաքացի է, մշտական բնակություն ունի Հայաստանում, 25 տարին լրացել է և այլն:

– Եթե այդ փոփոխությունը չլիներ, փաստորեն Աննա Գրիգորյանը և Արուսյակ Տերչանյանը ԿԸՀ անդամ դառնալ չէին կարող, որովհետև իրավաբանական կրթություն չունեին: Կարելի՞ է պնդել, որ այս որակի ԿԸՀ-ով լուրջ ակնկալիքներ չենք կարող ունենալ ընտրությունների որակի, թափանցիկության հետ:

– Ես հույս ունեմ, որ ընտրությունների որակը ամեն դեպքում այս մի փոփոխության հետ կապված չի լինելու: Կարծում եմ՝ հատկապես այս դեպքում, երբ քաղաքական ուժի ներկայացուցիչ է ներգրավված ԿԸՀ-ում, շատ կարևոր է, որ ընտրությունների հետ առնչություն ունեցող այլ մարմիններ ևս ուժեղ ու անկախ լինեն: Օրինակ՝ կուսակցությունների ֆինանսական վերահսկողության մասով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարողանա իր գործառույթներն ամբողջությամբ իրականացնել: Նաև դատական մարմինները, այլ մարմիններն իրենց մասով ընտրությունների հետ կապված իրենց գործառույթներն իրականացնեն: Որովհետև եթե ամբողջը կենտրոնանա մեկ ԿԸՀ-ի ենթակայության տակ, իհարկե դա շատ մտահոգիչ կլինի:

– Նախկին իշխանությունների ժամանակ ԿԸՀ-ի և նրա նախագահի նկատմամբ որոշակի վերապահումներ կային: Իսկ հիմա՞։

– Այսօր այդ վերապահումները հիմնված են զուտ այն փաստի վրա, որ նախագահը կուսակցական է: Ես չեմ էլ մտածում, որ այս դեպքում արժի դա անցյալով ասել՝ կուսակցական էր: Չի կարող կուսակցության վարչության անդամը 2 օրում դադարել կուսակցական լինելուց ու դառնալ անկուսակցական: Սա ամենամեծ խնդիրն է այս պահի դրությամբ: Այսինքն՝ մենք փաստ չունենք, որ նա չարաշահել է իր պաշտոնեական դիրքը, քանի որ փաստացի չունենք ընտրություններ, որոնցում ինքը վարչարարություն է իրականացնում:

Մենք այսօր ունենք այն փաստը, որ ԿԸՀ-ն կարող էր լինել լիովին անկախ մարմին, բայց այդպիսին չդարձավ: Թե այդ մարմինն ինչպե՛ս կիրականացնի ընտրությունների վարչարարությունը, դա կհասկանանք հետո, բայց կարող ենք ասել, որ ԿԸՀ հեղինակության առումով վիճակն ավելի վատացավ: Նախկին ԿԸՀ-ն արդեն ավելի բարձր հեղինակություն էր ձեռք բերել այս ընթացքում ընտրությունների վարչարարության միջոցով, քան կունենա ներկայումս ընտրվածը՝ զուտ կուսակցական լինելու փաստով պայմանավորված:

Մանե Հարությունյան

MediaLab.am