Երկրորդ նամակը Վաշինգտոնից

Արեգ Քոչինյանը

Վաշիգտոնում թե՛ պետական պատասխանատու գերատեսչություններում և թե՛ փորձագիտական հանրույթում բավականին ուժեղ է հակաիրանական սենտիմենտը, այն այս պահին իհարկե զիջում է հակառուսականին կամ բացարձակ դոմինանտ հանդիսացող հակաչինականին, բայց կայուն կերպով կա։ 

Այդ մոտեցումը հիմնված է բազմաթիվ շերտերի վրա, առաջին հերթին դա իհարկե աշխարհաքաղաքական անհամաձայնություններն են, իսրայելական հարցը, Իրանի միջուկային ծրագիրը, Իրանում գոյություն ունեցող համակարգի անընդունելիությունը Նահանգների համար և այլն։ Իրանն ընդհանուր առմամբ ընկալվում է որպես թշնամական միավոր բացարձակ մեծամասնության կողմից, և այդ հայացքն է՛լ ավելի է ամրապնդվում, ինչպես Վաշինգտոնում են ասում՝ Պեկին-Մոսկվա-Թեհրան առանցքի ձևավորմանը զուգընթաց։ 

Նահանգները մշտապես աշխատում է իր դաշնակիցների և գործընկերների հետ գործողությունների ու սկզբունքների «սինքրոնացման» ուղղությամբ, և աշխարհի գրեթե բոլոր մասերում էլ ակնհայտ է Նահանգների դերը տարբեր հարցերում ձևավորվող տարածաշրջանային կամ կոլեկտիվ դիրքորոշումների մեջ։ Այս առումով բացառություն չէ նաև Իրանը։ 

Հենց այստեղ է, որ Երևանում որոշ շրջանակներ հայ-ամերիկյան հետագա մերձեցումը սկսում են հակադրել ոչ միայն Երևան-Մոսկվա հարաբերությունների ներկայիս պատկերին, այլ նաև Երևան-Թեհրանին։

Սակայն եթե Երևան-Մոսկվա հարաբերությունները, բացի գաղութային, շահագործող և ներծծող լինելուց, հատկապես վերջին շրջանում դարձել են նաև հակամարտային, ինչն իր հերթին մասնավորապես կապված է Ռուսաստանի կողմից դաշնակցային պարտավորությունները չկատարելու հետ, Հայաստանի ժողովրդավարական ուղի ընտրելով, Հայաստանի որոշ արտաքին քաղաքական սխալներով, Ռուսաստանին հետաքրքրող ենթակառուցվածքային նախագծերով, որոնք անհամատեղելի են ՀՀ տարածքային ամբողջականության հետ, ապա այլ է վիճակը ՀՀ-Իրան հարաբերությունների համայնապատկերում։

Իրանը Հայաստանի համար շարունակում է մնալ գերլարված ներտարածաշրջանային դրվածքի հիմնական զսպող գործոններից մեկը։ Իրանը Հայաստանի երկու հիմնական մատակարարման ուղիներից մեկն է՝ հարավայինը։ Իրանը էներգակիրների պահեստային մատակարարն է, որի կարիքը հատկապես զգացվեց այս տարի ռուսական էներգակիրների մատակարարման խափանումների հետ կապված։ 

Այս ամենը հասկանում են Վաշինգտոնում և ճիշտ աշխատանքի ու ճիշտ հաշվարկների իրացման պարագայում կշարունակեն ըմբռնումով մոտենալ։ Հայաստանը պետք է անի ամեն հնարավորը պահպանելու համար այս յուրահատուկ ստատուս քվոն, որ կա այս հարցում Վաշինգտոնի մոտեցումների մեջ։

Նույնը պետք է ասել Թեհրանի մասին։ Թեպետ պաշտոնական Թեհրանը հանդես է գալիս տարածաշրջանում արտաքին ուժերի ներգրավումը բացառելու մոտեցմամբ, մենք տեսանք, որ ԵՄ դիտորդների Հայաստան ժամանումը ընդունվեց ըմբռնումով։

Պետք է արձանագրել, որ մինչ այս պահը Հայաստանին հաջողվել է մանևրել և պահպանել նուրբ հավասարակշռությունը, մասամբ՝ սեփական աշխատանքի, մասամբ էլ՝ աշխարհաքաղաքական գործընթացների հետևանքով։

Հայաստանի կենսական շահերից է բխում այդ մանևրականության շարունակությունը։ Աշխատանքները երկու մայրաքաղաքների հետ էլ պետք է շարունակվեն, և եթե անգամ Հայաստանը մնա աշխարհում միակ վայրը, որտեղ Թեհրանն ու Վաշինգտոնը պատրաստ են հանդուրժելու միմյանց ներկայությունը, թող այդպես լինի։

Կարևորն այն է, որ երկու մայրաքաղաքներում էլ լինի հստակ ընկալում, որ Հայաստանում հակառակ կողմից ներկայությունը չի կարող օգտագործվել մյուսի դեմ։

Արեգ Քոչինյան

MediaLab.am