ԱԱԾ արխիվը կամ մի դուքյանի պատմություն

Նոյեմբերի 24-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում Կառավարությունն առաջարկել էր Ազգային ժողովին ԱԱԾ-ին վերաբերող օրինագծերի փաթեթը հրատապ կարգով ու հատուկ ընթացակարգով ընդունել, ինչը և տեղի է ունեցել: Ի թիվս մի շարք այլ փոփոխությունների՝ կատարվել է նաև մեկ չափազանց խնդրահարույց փոփոխություն։ 

Նոր օրենքը սահմանում է. «ԱԱԾ արխիվի նյութերը գաղտնազերծվում կամ ոչնչացվում են օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով»: 

Սա այն դեպքում, երբ գործող օրենսդրությամբ սահմանվում է, որ ԱԱԾ մարմինների, նրա աշխատակիցների հետ գաղտնի հիմունքներով համագործակցող կամ համագործակցած անձանց տվյալները, փաստաթղթերը և նյութերը ենթակա են պահպանման ԱԱԾ արխիվում: Իսկ ըստ նույն օրենքի՝ ԱԱԾ արխիվի նյութերը գաղտնազերծվում են օրենքով սահմանված կարգով: Այսպիսով ԱԱԾ-ն հնարավորություն է ստանում սեփական հայեցողությամբ ոչնչացնել գաղտնազերծված նյութեր (այդ թվում և՝ դրանց գաղտնազերծման պահին)՝ առանց դրանք հրապարակելու։ 

Սա չափազանց վտանգավոր որոշում է, որը հեռացնում է այս ծառայությունը հանրային հաշվետվողականությունից, թափանցիկ և լավ կառավարման սկզբունքներից։ Եթե որոշումը չվերանայվի, այն կարելի է համադրել 2008-ին պետական արխիվի այրման, 2018 թվականի Նիկոլ Փաշինյանի հայտարարության (այն մասին, որ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ արխիվից պանակներ են հանվել) կամ, օդում կախված լուրերի համաձայն՝ ԱԱԾ արխիվի մի մասի Մոսկվա տեղափոխման հետ (տեղի ունեցած տարբեր տարիներին), լոկ այն տարբերությամբ, որ սա ավելի «ինստիտուցիոնալ» որոշում է։ 

Ընդհանրապես մեր երկրում արխիվների ու, հատկապես, ԱԱԾ արխիվի նկատմամբ վերաբերմունքը մի տեսակ «դուքյանային» է. յուրաքանչյուր հաջորդ վարչակարգ իր պարտքն է համարում դրանք որևէ ճանապարհով կրճատել, մարել կամ այլ տնական մեթոդով իրեն հարմարեցնել, նույնը, ըստ էության, հիմա փորձում է անել գործող վարչակարգը։

Արխիվում պահվող անգամ ամենագաղտնի նյութերը ինչ-որ պահի կորցնելու են իրենց սրությունն ու նշանակությունը կամ գաղտնի մնալու քաղաքական նպատակահարմարությունը և հրապարակվելու են։ Դրանք առանց հրապարակման ոչնչացնելը հանցագործություն է ոչ միայն պատմության ու արդարության հանդեպ, այլ նաև վտանգավոր պրակտիկա է, որ հեռու է ժողովրդավարական ու իրավական համակարգերից և ավելի հատուկ է ՀԱՊԿ մեր դաշնակից պետություններին։ 

Ուստի հարց է առաջանում, թե ո՛րն է այս օրենքի փոփոխության նպատակը, որ այսպես հեռացնում է գործող վարչակարգը իր դավանած ժողովրդավարական արժեքներից ու թափանցիկ և լավ կառավարման սկզբունքներից։ Եթե օրենքի նշված խնդրահարույց դրույթը չվերանայվի, դա կնշանակի միայն մեկ բան՝ դրված է խնդիր թաքցնելու ինչ-ինչ փաստեր։

Իսկ գիտեք, թե ո՛րն է ամենազավեշտալին ու միևնույն ժամանակ ամենաողբերգականը. այն, որ այս ամենի մասին մենք իմացել ենք վերջերս խորհրդարան վերադարձած «խորհրդարանական ընդդիմության» շնորհիվ։ Այսինքն՝ եթե այդ մարդիկ, որոնք դեպքերի բերումով զբաղեցնում են խորհրդարանում ինչ-ինչ տեղեր, այս հարցը չբարձրացնեին, ամենը ուղղակի քվեարկվելու էր ու անաղմուկ ընդունվեր։ 

Սա ևս մեկ անգամ փաստում է խորհրդարանական ընդդիմության ահռելի նշանակությունը իրավական ու ժողովրդավարական համակարգի կայացման գործում։ 

Մեր պետականաշինության ու ժողովրդավարության զարգացման գործում խորհրդարանական ընդդիմության թափուր դերը դարձել է ամենահիմնական խոչընդոտը։ Առանց իրական, գործունյա ու հայաստանակենտրոն ընդդիմության, ներեցեք, բայց խորհրդարանը մեռած է։ 

Իսկ մեռած մարմինը ոչ միայն ընդունում ու անցկացնում է այսպիսի որոշումներ, այլ միանալով մեկ այլ մեռած մարմնի՝ դատական համակարգի հետ սպանում է ամեն տեսակի առաջընթաց ու զարգացում։

Եվ այսպես, նոյեմբերի 24-ի նիստը ևս մեկ անգամ բարձրաձայնեց մեծ ու փոքր խնդիրներ։ Մի կողմից ընդունված որոշումը սխալ է, վնասակար ու խնդրահարույց և պարտադիր պետք է վերանայվի, մյուս կողմից՝ խնդիր է ու խնդրահարույց է ինքնին այն մարմինը, որն ընդունել է այդ որոշումը առնվազն այն պարզ պատճառով, որ մեր խորհրդարանում չկա խորհրդարանի հիմնական իմաստը՝ իշխանություն-ընդդիմություն երկխոսությունը, բանավեճը ու քաղաքական պայքարը։ Իսկ առանց դրանց առանց բացառության բոլոր իշխանություններն այլասերվում են, տեղի ունեցած դեպքն էլ այդ այլասերման հերթական արարն է։

Արեգ Քոչինյան

MediaLab.am