Բայրամովը Հայաստանին մեղադրել է «ապակառուցողական դիրքորոշում» դրսևորելու մեջ

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի դիրքորոշումն անվանել է «ապակառուցողական»՝ հարաբերությունների կարգավորման տեսակետից, գրում է Factor.am-ը։

Այս մասին Բայրամովն ասել է Պակիստանի Ազգային ասամբլեայի նախագահ Ասադ Հեյսարի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։

Բայրամովը Պակիստանի խորհրդարանի խոսնակին տեղեկացրել է տարածաշրջանում առկա հետկոնֆլիկտային իրավիճակի մասին։ Նա նշել է, որ Հայաստանը, իբր, նախկինի պես ապակառուցողական դիրքորոշում է դրսևորում և Երևանին կոչ է արել «հրաժարվել սադրանքներից ու բանակցություններ սկսել սահմանի դելիմիտացիայի շուրջ՝ տարածաշրջանում կայունության ու անվտանգության ապահովման»։

Հանդիպման ընթացքում կողմերը նաև կարծիքներ են փոխանակվել տարբեր ոլորտներում համագործակցության վերաբերյալ։ Հիշեցնենք, որ մայիսի 12-ից ՀՀ սուվերեն տարածքում գտնվող ադրբեջանական ուժերն այսօր նախահարձակ գործողություններ են սկսել Հայաստանի սահմանին՝ Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում՝ փորձելով ստեղծել բարենպաստ պայմաններ առաջխաղացման համար։

Ադրբեջանական սադրանքին հակազդելու հետևանքով հայկական կողմը 3 զոհ և 4 վիրավոր ունի։