«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը
– Տիկի՛ն Հայրապետյան, Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Հուդրաթ Հասանղուլիևը հայտարարել է, թե մինչև Հայաստանում կայանալիք ընտրությունները Ադրբեջանը կարող է Հայաստանի հետ ստորագրել խաղաղության պայմանագիրը: Սա արդյոք պետակա՞ն մոտեցում է, որը հնչում է պատգամավորի շուրթերով, թե՞ ադրբեջանական կողմն ամենևին էլ չի շտապում կնքել այդ պայմանագիրը:
– Եթե նկատել եք, ապա առհասարակ խաղաղության պայմանագրի, դրա ստորագրման մասին խոսակցություն չկա, նույնիսկ հայկական կողմից որևէ հայտարարություն չկա, ամբողջ շեշտադրումը TRIPP-ի հետ է կապված: Անցած տարվա դեկտեմբերին, երբ Ադրբեջանի արտգործնախարարը ամփոփիչ ասուլիսով էր հանդես գալիս, շեշտեց, որ որևէ թղթի ստորագրման նախապայմաններից մեկն էլ TRIPP-ի ամբողջական իրագործումն է, իհարկե դժվար է ասել, թե ինչ նկատի ունի ամբողջական իրագործում ասելով, բայց Սահմանադրության փոփոխության նախապայմանին գումարվեց այս նախապայմանը ևս:
Ձեր հիշատակած պատգամավորի նույն հայտարարության մեջ ևս խոսվում է Սահմանադրության փոփոխության մասին, հետևաբար նախապայմանները շարունակվում են: Ես կարծում եմ, որ դա ավելի շուտ հայտարարություն է այն մասին, որ եթե իրենք տեսնեն Նիկոլ Փաշինյանի իշխանությանը սպառնացող իրական վտանգ, որը փաստացի ծառայեցվում է իրենց շահերի սպասարկմանը՝ իր գործողություններով պահելով Հայաստանը թույլ, կախյալ վիճակում, Ադրբեջանից եկող սպառնալիքների առումով իրական ոչ մի խնդիր չլուծելով, հնարավոր է, որ գնան այդ քայլին:
Բայց այստեղ մեկ այլ կարևոր բաղադրիչ կա. բավականին հավաստի ու վստահելի ընկերությունների անցկացրած բոլոր սոցհարցումները ցույց են տալիս, որ մեր հանրությունը ակնհայտ դրական դիրքորոշում չունի այդ մասով, այսինքն՝ այնպես չէ, որ եթե այդ պայմանագիրը ստորագրվի, ապա իշխանության վերաբերյալ հայ հանրության դիրքորոշումը փոխվելու է, կարող է նույնիսկ հակառակ էֆեկտը ունենալ:
Ես շարունակում եմ մնալ իմ այն համոզմանը, որ Ադրբեջանը շահագրգիռ չէ Հայաստանի հետ վերջնական պայմանագիր ունենալ ու ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, որովհետև ամբողջ խոսույթը հակառակի մասին է փաստում:
– Այսինքն՝ բացառո՞ւմ եք, որ մինչև հայաստանյան ընտրությունները Ադրբեջանը կհամաձայնի ստորագրել այդ փաստաթուղթը:
– Այս անտրամաբանական աշխարհում մի քիչ անշնորհակալ գործ է ինչ-որ բան բացառելը, բայց Ադրբեջանի քաղաքականությունը ճանաչելով, ես կարծում եմ, որ նրանք հակված չեն լինի այդ տարբերակին, ամեն դեպքում, կփորձեն քայլեր անել Նիկոլ Փաշինյանի իշխանության պահպանմանը նպաստելու համար, որովհետև ակնհայտորեն այդ իշխանության պահպանումը իրենց շահերից է բխում:
– Նիկոլ Փաշինյանը այսօր Աբու Դաբիում մասնակցում է Շեյխ Զայեդ հիմնադրամի «Մարդկային եղբայրության համար» 2026 թվականի մրցանակաբաշխությանը, Իլհամ Ալիևը ևս: Կարծո՞ւմ եք, նրանց հանդիպումը կարող է քաղաքական կամ բանակցային նշանակություն ունենալ:
– Հնարավոր է ունենան, հնարավոր է, որ չունենան, այս պահին դա առանձնապես ոչինչ չի որոշում, հաշվի առնելով ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի առաջիկա այցը ու դրա հետ կապված քննարկումները: Կարծում եմ, որ գլխավոր շետը դա է, Ադրբեջանն այդ շրջանակներում փորձելու է հասնել 907 բանաձևի չեղարկմանը, ու այդ բոլոր քայլերը, որ հիմա արվում են՝ իբրև սահմանափակումների վերացում, տարանցիկ ճանապարհի տրամադրում, այդ նպատակով են արվում: Իրական շրջափակում տեղի չի ունենում, ու զավեշտալին այն է, որ Ադրբեջանն ինքն է իրեն դրել շրջափակման մեջ՝ քովիդից ի վեր փակելով իր բոլոր ցամաքային սահմանները ու մինչ օրս չի էլ բացում: Ադրբեջանի գործողությունների նպատակն այն է, որ ԱՄՆ-ին ցույց տա խաղաղության գործընթաց, որի շնորհիվ էլ հասնել այդ բանաձևի չեղարկմանը:
Հայաստանի իշխանությունները, կարծում եմ, կփորձեն օգնել Ադրբեջանին այդ հարցում, բայց եթե անգամ օգնեն, գոնե լավ կլինի դիմացը մի բան ստանան, ինչը կարող է լինել բոլոր գերիների ազատ արձակումը։ Ես սա համարում եմ այս պահին եղած լավագույն հնարավորությունը այդ հարցի լուծմանը հասնելու համար ու վստահ եմ, որ դրան հնարավոր է հասնել ԱՄՆ միջնորդությամբ, որովհետև դա նաև ԱՄՆ հեղինակության տեսանկյունից արդյունավետ քայլ է լինելու: Չեմ կարծում, թե այս հարցի լուծումը բարդ է ԱՄՆ-ի համար, ուղղակի հայկական կողմը պետք է կարողանա արդյունավետ աշխատանք տանել նրանց հետ:
– Կարծում եք՝ Ադրբեջանին կհաջողվի՞ հասնել այդ բանաձևի չեղարկմանը, տիկի՛ն Հայրապետյան:
– Դժվարանում եմ ասել, կախված է բանակցությունների որակից, բնույթից, ամերիկյան կողմի տեղեկացվածությունից: Ի վերջո, ես հույս ունեմ, որ բացի Ադրբեջանի ու Հայաստանի իշխանությունների ներկայացրած ճշմարտություններից, ամերիկյան կողմը տեղյակ է նաև իրական ճշմարտությանը, ու ավելի շատ կգերադասեն իրենց հիմարի տեղ չդնել: Ադրբեջանի գլխավոր խնդիրներից մեկը հիմա 907 բանաձևի չեղարկմանը հասնելն է:
1992-ին ընդունված 907 բանաձևը, որը կոչվում է Ազատության աջակցության ակտ, Կոնգրեսի ընդունած դրույթ է, որը վերաբերում է միայն Ադրբեջանին: Բանաձևով արգելվում է ԱՄՆ կառավարության կողմից ուղղակի պետական օգնության տրամադրումը՝ հատկապես զինտեխնիկայի տեսքով Ադրբեջանին, քանի դեռ Ադրբեջանը չի դադարեցրել Հայաստանի շրջափակումը:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am

















