Ժամը 20։00-ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է. ՊՆ

Ժամը 20։00-ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։ Այս մասին ահյտնում է ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։

«Համացանցում շրջանառվող տեղեկությունները, թե իբր հայկական որոշ բնակավայրեր անցել են ադրբեջանական վերահսկողության տակ բացարձակ կեղծիք են։ Այս առնչությամբ ևս մեկ անգամ կոչ ենք անում զերծ մնալ նմանատիպ լուրեր տարածելուց և առաջնորդվել բացառապես պաշտոնական լրահոսով»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի զինված ուժերը սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը՝ 00:05-ի սահմաններում, հարձակման են անցել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի երկայնքով՝ ռազմական գործողություններ ձեռնարկելով Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի ուղղություններով: ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը: Հարվածներ են հասցվել նաև խաղաղ բնակավայրերին և քաղաքացիական ենթակառուցվածքներին: Ինտենսիվ գործողությունները շարունակվել են ողջ գիշեր:

Սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակել է լարված մնալ։ Մասնավորապես՝ Ջերմուկի ուղղությամբ հակառակորդը կիրառել է հարվածային անօդաչու թռչող սարքեր։ Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծությամբ թիրախավորում են Ջերմուկի և Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված դիրքերը, ինչպես նաև սահմանամերձ բնակավայրերը:

Սեպտեմբերի 14-ին ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը հաղորդել է, որ ժամը 15:00-ի դրությամբ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին կրկին ծայրահեղ լարվել է: Ժամը 13:00-ից սկսած՝ Սոթքից մինչև Գորիս ընկած ամբողջ սահմանագծով թշնամին վերսկսել է ինտենսիվ հրթիռահրետանային հարվածները՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը, լայնորեն կիրառելով նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր: Հատկանշական է, որ հարվածներ են հասցվել նաև մարտական գործողությունների գոտում հումանիտար առաքելություն իրականացնող Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության տրանսպորտային միջոցներին:

Նախնական տվյալներով հայկական կողմն ուներ 49 զոհ: Սեպտեմբերի 14-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում հայտնեց, որ սեպտեմբերի 14-ի դրությամբ Ադրբեջանի հարձակման հետևանքով հայկական կողմի զոհերի թիվը հասել է 105-ի: