«Ադրբեջանին որևէ հարցում համոզել, առավելևս՝ ստիպել չի հաջողվի, այսօր Ռուսաստանը չունի այդ ռեսուրսը». Ռոբերտ Ղևոնդյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը

 – Պարո՛ն Ղևոնդյան, հայկական կողմն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության պայմանագրին առնչվող նոր առաջարկություններ ու սպասում է արձագանքի։ Ըստ ձեզ՝ ադրբեջանական կողմը կընդունի՞ այդ առաջարկները, և ի՞նչ է տալու հայկական կողմին այսպես կոչված շրջանակային պայմանագիրը։

– Հնարավոր չէ խոսել ադրբեջանական կողմի պատասխանի մասին, քանի որ առաջարկներն ամենայն մանրամասնությամբ հայտնի չեն, մյուս կողմից՝ պետք է նշել, որ տարբեր առաջարկներ Հայաստանից Ադրբեջան ու հակառակ ուղղությամբ տեղի են ունենում, ու դրանք ընդհանուր գործընթացի մաս են, որը շարունակական է լինելու, բայց դա չի նշանակում, թե մենք պետք է սպասենք թեկուզ շրջանակային համաձայնության կամ ինչ-որ փաստաթղթի ստորագրման, քանի որ առկա են բավականին լուրջ խնդիրներ, որոնց լուծումն այսօր գոյություն չունի։

Այդ խնդիրները կապված են Ադրբեջանի հավակնությունների հետ, ու այդ խնդիրները լուծելու համար դեռևս բավական մեծ աշխատանք կա անելու, ինչը, կարծում եմ, շաբաթների կամ նույնիսկ ամիսների հարց չէ։

– Այսինքն՝ անգամ միջնորդ կողմերի՞ն չի հաջողվում Ադրբեջանին համոզել, որովհետև, ըստ էության, Հայաստանի իշխանությունները պատրաստ են այդ պայմանագրի կնքմանը։

– Խնդիրը ոչ թե այն է, որ Ադրբեջանը պատրաստ չէ պայմանագրի կնքմանը, այլ այն, որ պայմանագրի առանձին կետերի վերաբերյալ կան հակասություններ, որոնք այսօր հաղթահարելի չեն, միջնորդ կողմերն էլ ունեն սեփական շահերը, ու այնպես չէ, որ միջնորդ կողմերը համոզում են կողմերին կնքել այդ պայմանագիրը, նրանք էլ ունեն մոտեցումներ, որոնք դեռևս հստակեցման կարիք ունեն։ Այնպես որ, գործընթացը շարունակական է լինելու, բայց հանգուցալուծման մասին խոսելն առայժմ իրատեսական չէ։

– Համակարծի՞ք եք Նիկոլ Փաշինյանի այն մտքին, որ Արցախի հարցի կարգավորման մասով ներհայաստանյան շրջանակներում կա կոնսենսուս՝ ի դեմս ռուսական առաջարկի, պարո՛ն Ղևոնդյան։

– Ստացվում է այդպես, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի ներկայացրած առաջարկը փաստացի չի մերժվել Հայաստանի իշխանության կողմից, իսկ իրեն ընդդիմություն համարող հատվածն էլ որևէ դեմ բան չի ասել այդ մասով։ Ստացվում է, որ, այո՛, կա կոնսենսուս, այնուամենայնիվ, այդ առաջարկը ևս գործընթացային իմաստ ունի, որովհետև առաջարկում կա կետ, որին Ադրբեջանը չի համաձայնում ու չի էլ համաձայնելու, ու որևէ մեկն էլ չի կարող ստիպել նրան համաձայնել դրան։ Թեև Նիկոլ Փաշինյանը ճիշտ է, որ կա կոնսենսուս, բայց այդ փաթեթը որևէ դեպքում չի ընդունվելու ու չի կարող ստորագրվել։

– Փաշինյանն ասել է, որ «Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը հստակ է, որ Ադրբեջանի զորքերը պետք է դուրս գան Հայաստանի օկուպացված տարածքներից։ Ըստ էության, միջազգային հանրությունը աջակցում է մեր այս դիրքորոշմանը։ Հույս ունենք, որ ՀԱՊԿ-ը մեր այս դիրքորոշումը նույնպես կպաշտպանի»։ ՀԱՊԿ կայանալիք գագաթնաժողովում Ռուսաստանը հստակ արձագանք կտա՞ ադրբեջանական գործողություններին, և ՀԱՊԿ-ի մասով Փաշինյանի սպասելիքները կարդարացվե՞ն։

– Իհարկե չի արձագանքի։ ՀԱՊԿ-ն այսօր առաջին հերթին խնդիր ունի պատերազմում Ռուսաստանի ներգրավված լինելու հետ, երկրորդը՝ ՀԱՊԿ-ի գլխավոր դերակատարները, նկատի ունեմ առաջին հերթին Ռուսաստանի ու Բելառուսի նախագահներին, իրավիճակների ու միջազգային հարաբերությունների վերաբերյալ առանձնահատուկ պատկերացումներ ունեն, որոնք չեն համապատասխանում միջազգային հարաբերություններում գործող պատկերացումներին, նրանց համար շատ ավելի կարևոր են անձնական կապերը, քան պայմանագրային պարտավորությունները, ինչի մասին էլ վերջին տեսակապի ժամանակ բացահայտ ասաց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

ՀԱՊԿ-ից ուղղակի պետք է սպասել այն, ինչը հնարավոր է այդ դաշտում իրականություն դարձնել, ուրիշ ոչինչ։

– Եթե Ռուսաստանն իրերն իրենց անունով չի կոչում, որքանո՞վ կկարողանա ստիպել, համոզել Ադրբեջանին, որ անգամ իրեն ձեռնտու կետերը տեղ գտնեն Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք հնարավոր փաստաթղթում։

– Ադրբեջանին համոզել, առավելևս՝ ստիպել չի հաջողվի, այսօր Ռուսաստանը չունի այդ ռեսուրսը։ Պետք է հասկանալ, որ ցանկացած միջնորդ, լինի Ռուսաստանը, ԱՄՆ-ն կամ մեկ ուրիշը, սեփական շահերն ու մոտեցումներն է փորձում ներառել այդ վերջնական համաձայնության ու ընթացիկ գործընթացների մեջ։ Ռուսաստանը, իհարկե, փորձելու է առաջ շարժվել հենց այս տրամաբանությամբ։

Կստացվի՞, թե՞ ոչ՝ կախված է աշխարհաքաղաքական իրավիճակից, ու քանի դեռ Ռուսաստան-Արևմուտք բախումը շարունակվում է, և Ուկրաինայում չկա գոնե միջանկյալ համաձայնություն, այս իրավիճակը՝ առանց հանգուցալուծումների գործողությունների ընթացքը, շարունակական է լինելու ու չի փոխվելու։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am