Ավելի բարձր տուգանքներ կսահմանվեն.շրջանառության մեջ է դրվել նոր նախագիծ

Ազգային ժողովի պատգամավորներ Զարուհի Բաթոյանը, Սոնա Ղազարյանը և Ծովինար Վարդանյանը նոր նախագիծ են ներկայացրել, որով առաջարկվում է փոփոխություններ և լրացումներ կատարել Քրեական, Քաղաքացիական դատավարության, վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում, ինչպես նաև «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում։Այս մասին տեղեկացնում է պատգամավոր Զարուհի Բաթոյանը:

Առաջարկվող իրավական ակտով նախատեսվում է՝

  • հստակեցնել առկա սահմանումները, դրանք համապատասխանեցնել ՀՀ Քրեական օրենսգրքի սահմանումներին, լրացնել նոր սահմանումներով,
  • հստակեցնել օրենքում կիրառվող սահմանումները եւ դրանք համապատասխանեցնել «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքին,
  • սահմանափակել նախազգուշացման կիրառումը, այն պարագայում, երբ դա վերաբերում է ֆիզիկական կամ սեռական բռնությանը՝ այն տարածելով միայն հոգեբանական եւ տնտեսական բռնության ձեւերի վրա,
  • հստակեցնել անհետաձգելի միջամտության եւ պաշտպանական որոշման ժամկետները,
  • սահմանել պարտավորություն՝ անհետաձգելի միջամտության որոշման պատճենը հանձնելու բռնության ենթարկված անձին,
  • հստակեցնել ոստիկանության ծառայողի պարտականությունները բռնության ենթարկված անձին ապաստարան տեղափոխելու գործընթացը կազմակերպելու ընթացքում, ինչպես նաեւ սահմանել հսկողության էլեկտրոնային համակարգի կիրառումը բռնություն կիրառած անձանց շրջանում մոնիթորինգի իրականացման ընթացքում,
  • ուժը կորցրած ճանաչել հաշտեցման ընթացակարգի վերաբերյալ սահմանումը,
  • հստակեցնել կանխարգելիչ հաշվառման շրջանակում ընտանեկան բռնության դեպքերի մոնիթորինգի պատասխանատուների շրջանակը եւ մեխանիզմները,
  • հստակեցնել ընտանիքում բռնության կանխարգելման եւ ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում լիազոր մարմնի եւ մյուս դերակատարբերի լիազորությունները,
  • վերանայել ՀՀ Քրեական Օրենսգրքի մի շարք հոդվածների ծանրացնող հիմքերը, սահմանված պատժի ձեւերը, հետամտումը սահմանել որպես հանցակազմ,
  • հստակեցնել եւ դյուրինացնել ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված պաշտպանական որոշմանն առնչվող հայցադիմումի ընթացակարգերը, քննության եւ ծանուցման ժամկետները եւ պայմանները,
  • սահմանել ավելի բարձր տուգանքներ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքով սահմանված Անհետաձգելի միջամտության որոշումը կամ Պաշտպանական որոշումը դիտավորությամբ չկատարելու դեպքում: