Մոլորվելու հետևանքով Հայաստանում հայտնված ադրբեջանցիներ այս պահին չկան. Փաշինյան

RA Prime Minister Nikol Pashinyan holds a meeting with media representatives

Հայաստանում այս պահի դրությամբ չկան ադրբեջանցիներ, որոնք երկրում են հայտնվել մոլորվելու հետևանքով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես հաստատում եմ, որ կա ըմբռնում, որ մոլորվելու հետևանքով հակառակ կողմում հայտնված զինծառայողները, քաղաքացիները պետք է հեշտացված կարգով հետ վերադառնան: Բայց նաև հաստատում եմ, որ այս պահի դրությամբ մոլորված լինելու հետևանքով Հայաստանում հայտնված ադրբեջանցիները չկան: Բոլոր ադրբեջանցիները, որոնք այս պահին Հայաստանում են, նրանք իրենց որոշմամբ են հատել սահմանը՝ իմանալով, որ հատում են Հայաստանի հետ սահմանը»,-ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետ նաև հավելեց, որ ցանկացած ադրբեջանցի, որը մոլորված լինելու հետևանքով կհայտնվի Հայաստանի Հանրապետությունում, հեշտացված կարգով հնարավորինս արագ կվերադարձվի Ադրբեջանին: Բայց այս պահին այդպիսի քաղաքացիներ Հայաստանում չկան:

Վերջերս Ադրբեջանի Զինված ուժերի երկու զինծառայող հատել էին Հայաստանի հետ սահմանը և հայտնվել Հայաստանի տարածքում։ Հայաստանի իրավապահները նրանց ձերբակալել են, նրանց սահմանն ապօրինի հատելու մեղադրանք է առաջադրվել։ Ադրբեջանցի զինծառայողներից մեկը մեղադրվում է նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահակին սպանելու մեջ։ Անդրադառնալով հարցին, թե արդյոք բացառվո՞ւմ է, որ Հայաստանի սահմանը հատած 2 ադրբեջանցիներին ՀՀ-ն կարտահանձնի՝ Փաշինյանն ասաց, որ հարաբերությունների կարգավորումը կարևոր ու բարդ որոշումների կայացում է նախատեսում, բայց դա միակողմանի չի կարող լինել:

«Այո, մենք պատրաստ ենք քննարկել, իհարկե իրավական ընթացակարգերն անցնելուց հետո: Որովհետև մյուս կողմից մենք չենք կարող ուղղակի անտեսել, որ Հայաստանի քաղաքացի է սպանվել, բայց որևէ մեկի անմեղության կանխավարկածն էլ չենք խախտում: Հարցը նախաքննության փուլում է»,-ասաց վարչապետը:

Նա նշեց՝ երբ դատարանը որոշում կայացնի, դրանից հետո իրավական ընթացակարգերը հնարավոր են համարում ամենատարբեր լուծումներ: