Ձմեռային զորակոչը կմեկնարկի հոկտեմբերի 25-ից

2021 թվականի հոկտեմբերի 25-ից կմեկնարկի ձմեռային զորակոչը, որը կշարունակվի մինչև 2022 թվականի հունվարի 31-ը ներառյալ։ Այս մասին որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։ Ձմեռային զորակոչին պարտադիր զինվորական ծառայության կմեկնեն արական սեռի այն անձինք, որոնց 18 տարին լրանում է մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիները, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:

Որոշման համաձայն` Զինված ուժերի համալրումը շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության կամ այլընտրանքային զինվորական ծառայության ենթակա քաղաքացիներով իրականացվում է 2021 թվականի դեկտեմբերի 20-ից մինչև 2022 թվականի հունվարի 31-ը ներառյալ, իսկ օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումն իրականացվում է 2021 թվականի դեկտեմբերի 16-ից մինչև 2022 թվականի հունվարի 31-ը ներառյալ։