ԵՄ-ն 2․6 մլրդ եվրոն Հայաստանին հատկացվելու է տարատեսակ գործիքների միջոցով, այդ թվում՝ վարկային. Աշոտյանը մասամբ ճիշտ է․ FIP.am

ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ

Եվրամիության կողմից Հայաստանին հատկացվելիք 2,6 միլիարդ եվրոյից փոքր մասն է անվճար փող, մնացածը պարտք է. Արմեն Աշոտյան

Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը «5-րդ ալիքի» «Հարցազրույց» հաղորդման ժամանակ հայտարարել է, որ առաջիկա 5 տարիների համար Եվրամիության կողմից Հայաստանին հատկացվելիք 2,6 միլիարդ եվրո գումարից փոքր մասն է «անվճար փող, մնացածը պարտք է»։ 

«2․6 միլիարդ փաթեթի մեջ դրված են և գրանտեր, այսինքն՝ անվճար փող՝ փոքր հատվածը, իմ ունեցած տեղեկություններով՝ 1,6 միլիարդից (նախնական հաստատված գումարն է նշում- խմբ.) ընդամենը 200 միլիոն եվրոն է լինելու 5 տարվա մեջ անհատույց աջակցություն, մնացածը պարտք է, մնացածը շրջանակային պարտք է»,- հստակեցրել է Աշոտյանը։ 

Ավելին, ըստ ՀՀԿ փոխնախագահի, այդ գումարները պարտքով տրամադրվելու են միջազգային ֆինանսական ինստիտուտների ներգրավմամբ։

«Այդ պարտքը լինելու է միջազգային ֆինանսական ծրագրի ներքո՝ Համաշխարհային բանկ, Արժույթի միջազգային հիմնադրամ։ Այսինքն, սրանից հետո, Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկը, միջազգային մյուս դոնորները էն փողը, որ տալիս էին, հիմա տալու են այս ծրագրի տակ, այսինքն՝ այս ծրագիրը շրջանակային է, այդ թվում նաև համաշխարհային դոնորների համար…։ Տոկոսը վստահաբար ավելի քիչ կլինի, այստեղ ԵՄ-ն ունի գործիքակազմ սպասարկելու տոկոսը, էժանացնելու փողը։ Բայց զգալի մասը կլինի արտաքին պարտք, իսկ մենք գիտենք արտաքին պարտքը կրիտիկական ինչ մակարդակի է»,- ընդգծել է Աշոտյանը։ 

Ըստ նրա, 2․6 միլիարդի մեջ մտնելու են նաև մասնավոր ներդրումները։

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Երևանում հուլիսի 17-ին հանդիպումից հետո ներկայացրել էին, թե ինչ ուղենիշային ծրագրերի են տրամադրվելու գումարները։ Դրանց թվում են՝ Հյուսիս-հարավի կառուցումը, Հայաստանի հարավային շրջանների դիմակայունության ամրապնդումը, փոքր և միջին բիզնեսի զարգացումը, կանանց տնտեսական գործունեության և առաջնորդության քաջալերումը, բնապահպանական խնդիրների լուծումը ու կանաչ օրակարգի խթանումը, նորարարության, գիտության և տեխնոլոգիաների զարգացումը և այլն։

«Փաստերի ստուգման հարթակը» փորձեց պարզել, թե արդյո՞ք առաջիկա 5 տարիների համար Եվրամիության կողմից Հայաստանին հատկացվելիք 2․6 միլիարդ եվրոն տրվելու է որպես դրամաշնորհ, թե՞ հիմնական մասը տրվելու է որպես վարկ։ 

2․6 մլրդ եվրոն հատկացվելու է տարատեսակ գործիքների միջոցով, այդ թվում՝ վարկային 

Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի խորհրդական Մանե Ադամյանը FIP.am-ի հետ զրույցում հստակեցրեց, որ 2.6 մլրդ եվրոն հատկացվելու է տարատեսակ գործիքների միջոցով, այդ թվում՝ վարկային, դրամաշնորհային և երաշխիքային գործիքների միջոցով։

Մինչդեռ Աշոտյանի տեղեկությունը, թե միայն 200 մլն եվրոն է տրամադրվելու անհատույց, Մանե Ադամյանը չհաստատեց։ 

«Դրամաշնորհի և վարկի բաղադրիչների տեսանկյունից հստակություն դեռևս չկա և սահմանվելու է յուրաքանչյուր ծրագրի բնույթից ելնելով»,- ասաց նա։ 

Ինչ վերաբերում է պետական վարկի ավելացմանը, ապա փոխվարչապետի պաշտոնակատարի խորհրդականը նկատեց, որ խոսքը գնում է վարկային գործիքի մասին։ «Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ խոսքը չի գնում բացառապես սուվերեն վարկային ծրագրերի մասին, այսինքն՝ պետական վարկի ավելացման մասին, այլ այս գործիքակազմը թույլ է տալիս հասանելի, մատչելի վարկեր տրամադրել բիզնեսին՝ տարատեսակ ֆինանսական գործիքների միջոցով։ Այսինքն՝ այս գործիքակազմը չի ենթադրում, որ մնացածը պետության վարկն է, լիքը փողեր կան, որոնք դառնալու են բիզնեսի համար հասանելի վարկեր»,- ասաց նա։ 

Այսպիսով, կարող ենք եզրակացնել, որ Արմեն Աշոտյանի դիտարկումը, թե 2․6 միլիարդ եվրոյից փոքր մասն է անհատույց, ճիշտ է։ Գումարը հատկացվելու է տարատեսակ գործիքների միջոցով, այդ թվում՝ վարկային, դրամաշնորհային և երաշխիքային գործիքների միջոցով։ Իսկ նրա տեղեկությունը, որ միայն 200 մլն եվրոն է լինելու 5 տարվա մեջ անհատույց աջակցություն, հստակ չէ, քանի որ ինչպես նշվեց, դրամաշնորհի և վարկի համամասնության հաստատված թիվ չկա և այն պետք է սահմանվի ըստ ծրագրի։ 

Փաստերի ստուգման հարթակ