Հարգել Վարդենիս համայնքի ընտրողների կամարտահայտությունը․ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի հայտարարությունը

Դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում Վարդենիս համայնքում «Ահարոն Խաչատրյան» և «Միասնական Վարդենիս» դաշինքները ստացել են ընտրողների մեծամասնության քվեն՝ 14 մանդատ ձեռք բերելով 27 անդամից բաղկացած ավագանիում։

Սա ամրագրվել է Վարդենիս համայնքի ավագանու դեկտեմբերի 30-ի նիստում, որի ժամանակ համայնքապետի թեկնածու Ահարոն Խաչատրյանը ստացել է 14 կողմ քվե։Հայաստանի քաղաքական իշխանության աջակցությամբ, ոստիկանության ռեպրեսիվ մեթոդների կիրառմամբ՝ դեկտեմբերի 5-ի ընտրություններում պարտված ՔՊ-ական քաղաքապետ Արամ Մելքոնյանը 2020թ-ի դեկտեմբերի 30-ին դիմել է անարդյունք սադրիչ գործողությունների՝ ավագանու առաջին նիստը ու համայնքապետի ընտրությունները տապալելու նպատակով, իսկ այսօր վիժեցրել է Վարդենիս համայնքի նորընտիր ղեկավար Ահարոն Խաչատրյանի երդմնակալության արարողությունը համայնքապետարանի շենքում։

Այս ամենը տեղի է ուենում Հայաստանի քաղաքական ղեկավարության լուռ համաձայնությամբ, ոստիկանության ուժերի գործուն մասնակցությամբ։

Վարդենիսում ՔՊ թեկնածուն կատարում է գործողություններ, որոնք իրենց մեջ պարունակում են կոնկրետ համայնքում իշխանությունը յուրացնելու, քաղաքացիական բախումներ հրահրելու հատկանիշներ։

Որպես «Ահարոն Խաչատրյան» դաշինքը ձևավորած քաղաքական ուժ՝ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը կոչ է անում իշխանություններին՝ հարգել Վարդենիս համայնքի ընտրողների կամարտահայտությունը, ի գիտություն ընդունել Վարդենիս համայնքի ավագանու 2020թ-ի դեկտեմբերի 30-ի նիստի որոշումը, համաձայն որի՝ համայնքի ղեկավար է ընտրվել Ահարոն Խաչատրյանը

։Հակառակ պարագայում՝ իրավիճակի լարման ողջ պատասխանատվությունն ընկնելու է Հայաստանի քաղաքական իշխանության, նրան հլու հնազանդ ծառայող ոստիկանության ու կառավարող ՔՊ-ի վրա»։