Հոսպիտալացվել են Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած անձինք

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 23-ին, ժամը 00։34-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 59 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Պարզվել է, որ բախվել են «KIA Forte» (վարորդ՝ Ս․ Ղ․, ծնված 1997 թ․) և «Toyota Camry» (վարորդ՝ Պ․ Բ․, ծնված 1997 թ․) մակնիշների ավտոմեքենաները, այնուհետև բախվել ճամփեզրին կայանած «BMW 750LA» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Հ․ Մ․, ծնված 1963 թ․)։

«KIA Forte» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ս․Ղ․-ն, ուղևոր Մ․ Մ․-ն և «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա․ Բ․-ն հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները Ս․Ղ․-ի և Մ․ Մ․-ի առողջական վիճակը գնահատել են կայուն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «KIA Forte» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։