«Թուրքիայի դերակատարումը Հարավային Կովկասում ավելի վաղ է եղել, պատերազմի հետևանքով ամրագրվեց՝ որպես անմիջական դերակատար ու խաղացող»․ Հակոբ Բադալյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը

– Պարո՛ն Բադալյան, Հռոմում անցկացվող մեծ քսանյակի գագաթնաժողովի շրջանակներում տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Բայդենի ու Թուրքիայի նախագահ Էրդողանի հանդիպումը։ Ի թիվս այլ հարցերի, նախագահները խոսել են նաև Հարավային Կովկասում տարվող դիվանագիտական ջանքերի մասին։ Նախ՝ կխնդրեմ գնահատեք երկկողմ այս հանդիպումը, և կարո՞ղ ենք արձանագրել, որ Թուրքիան մեր տարածաշրջանում արդեն դերակատար է դարձել։ 

– Տարբեր ամերիկացի դիվանագետներ, որոնք մասնակցություն են ունեցել անցնող երկու տասնամյակի քաղաքական գործընթացներին, արձանագրում են, որ Թուրքիայի դերակատարությունը Հարավային Կովկասում շատ ավելի վաղ արձանագրված փաստ է, այլ խնդիր է, թե ի՛նչ ռեժիմով է դրսևորվել։ 

Հիմա տեսնում ենք, որ Թուրքիան ավելի ուղիղ ներկայություն ունի Կովկասում, ինչի հետևանքն էր նաև 44-օրյա պատերազմը, մյուս կողմից նաև այս պատերազմի՝ մեզ համար՝ հետևանքով, իսկ Թուրքիայի համար՝ արդյունքում, Թուրքիան ավելի ամրագրվեց Կովկասում՝ որպես անմիջական դերակատար ու խաղացող։ Այս տեսանկյունից գործ ունենք դերակատարման ռեժիմի փոփոխության հետ։

Ինչ վերաբերում է Բայդեն-Էրդողան հանդիպմանը, գնահատելու համար տեղեկատվությունը բավական սուղ է։ Անշուշտ հանդիպումն ուղղված է մի կողմից ընդհանուր շահեր ու հետաքրքրություններ քննարկելուն, որոնք իհարկե կան, մյուս կողմից՝ այն հարցերը, որոնք տարակարծության տեղիք են տալիս։ Կարծում եմ, ԱՄՆ-ի համար սկզբունքային խնդիր է Թուրքիան, հատկապես էրդողանյան այդ հավակնոտ ու ինքնուրույն խաղալու ձգտում ունեցող Թուրքիան, առավելագույնս Նահանգների ռազմավարության ուղեծրում պահելու հնարավորությունը, այսինքն՝ Նահանգները դիտարկում է այն հնարավոր տարբերակները, ազդեցության միջոցները, որպեսզի թույլ չտա Թուրքիային ամբողջապես դուրս գալ իր ռազմավարական վերահսկողության տիրույթից։

– Իսկ ԱՄՆ-ն ունի՞ Թուրքիային վերահսկողության տակ պահելու հնարավորություններ։

– Իհարկե ունի։ Ունի թե՛ ռազմատեխնիկական, թե՛ տնտեսական իմաստով։ Միևնույն ժամանակ թուրքերն էլ, իհարկե փորձելով շարունակել ինքնուրույն դերակատար լինելու ու դրա աստիճանը բարձրացնելու ուղղությամբ քայլերը, այդուհանդերձ, լավ են պատկերացնում, որ թողնել Արևմուտքը, մեղմ ասած, ի վիճակի չեն ու չի էլ բխում իրենց շահերից ու փորձում են այս փուլում, մասնավորապես, ԱՄՆ-ի հետ հարաբերությունների իմաստով գալ իրենց համար առավելագույն բարենպաստ ռեժիմի ու պայմանների։ 

Սա ընդհանուր առմամբ, իսկ Էրդողանի համար մասնավորապես, կարծում եմ, ընդհանրապես արտաքին քաղաքական և ռազմաքաղաքական շրջանակում առանցքային հարցերն ածանցվում են գլխավոր խնդրից, դա 2023 թվականի նախագահի ընտրության հարցն է, հատկապես այն պարագայում, երբ Թուրքիայի տնտեսությունը լրջագույն ցնցումներ է ապրում, ինչն ի դեպ հենց ԱՄՆ-ի ազդեցության առանցքային ուղղություններից մեկն է, որտեղ կարող է ազդել Թուրքիայի վրա։ Թուրքիայի ներսում տնտեսական այս հանգամանքն էապես ազդում է Էրդողանի վարկանիշի վրա՝ լրջագույն բարդություններ առաջացնելով նախագահական ընտրությունների հեռանկարում։

– ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները, ձեր գնահատմամբ՝ այսօր ինչպիսի՞ բնույթ են կրում։

– Այսօր թե՛ Արևմուտքը՝ ի դեմս ԱՄՆ-ի, թե՛ Թուրքիան պատրաստ չեն հրաժարվել միմյանցից, երկուստեք կա շահագրգռվածություն պահել միմյանց։ Ամբողջ խնդիրն այն է, թե ի՞նչ պայմաններով է դա տեղի ունենալու: Բնականաբար, ԱՄՆ-ն ձգտում է պահել իր թելադրող ռեժիմն ու ընդհանուր վերահսկող իրավիճակը, Էրդողանն էլ փորձում է այս տարիների ընթացքում ձեռք բերած ինքնուրույնությունն ավելի ընդլայնել ու կապիտալացնել, մասնավորապես՝ ԱՄՆ-ի հետ հարաբերություններում և ստանձնել ավելի ու ավելի վճռորոշ դերակատարում տարածաշրջանային տարբեր հարցերում։ 

Կովկասից հետո Թուրքիան բավական մեծ ուշադրություն է դարձնում Միջինասիական տարածաշրջանին ու նաև ուկրաինական ուղղությամբ է հավակնում լինել անմիջական խաղացող։ Անկարան նաև շատ երկար ժամանակ փորձում է օգտագործել ԱՄՆ-Ռուսաստան կոշտ դիմակայությունն ու այստեղ իրեն իրացնել և՛ Ռուսաստանի, և՛ ԱՄՆ-ի հետ հարաբերություններում ու դրանից քաղել մաքսիմումը։

Այստեղ Էրդողանի մոտ որոշակիորեն շատ բան է ստացվել, բայց նաև որոշակի նոր իրողություններ կան, որովհետև պարզ չէ, թե 2023 թվականին ով ավելի մեծ աջակցություն կարող է ցուցաբերել Էրդողանին կամ ավելի մեծ խնդիրներ առաջացնել նրա համար։ 

– Պարո՛ն Բադալյան, այդ գագաթնաժողովում Էրդողանը դիմել է Ռուսաստանին, Իրանին, Վրաստանին, Հայաստանին ու Ադրբեջանին, որպեսզի միավորվեն ու աշխարհում խաղաղություն հաստատեն։ Նշել է նաև, որ բանակցություններն ընթանում են 3+3 ձևաչափը կյանքի կոչելու համար։ Ի վերջո, կարծում եք՝ կյանքի կկոչվի՞ այդ ձևաչափը, ու արդյոք այդ պարագայում խաղաղություն կհաստատվի՞։

– Խաղաղությունը, իհարկե, անմիջականորեն այդ 3+3-ից հազիվ թե կախված է, այստեղ խնդիրն ավելի շատ այն է, որ Կովկասում պատերազմի միջոցով ինչ-որ դիրքերի հասնելուց հետո թուրքերը փորձում են դրանք նաև քաղաքական ձևաչափերով ամրագրել։

Անկարան շատ լավ պատկերացնում է, որ, այդուհանդերձ, ավելի մեծ խաղի իմաստով իր հնարավորությունները դեռևս համեմատելի չեն Ռուսաստանի հետ, ու այստեղ վերջինս կարող է որոշակի ավելի մեծ պայմանավորվածությունների հասնել ԱՄՆ-ի հետ ու դրանք որոշակիորեն նաև կապիտալացնել Կովկասում։ Եթե խաղը կենտրոնանում է շատ սեղմ՝ տարածաշրջանային շրջանակներում, Թուրքիան ունենում է առավելություն Ռուսաստանի նկատմամբ, բայց երբ ավելի լայն իմաստով է ծավալվում, այստեղ Թուրքիայի առավելությունը զգալիորեն փոքրանում է, ու այս իմաստով է, որ թուրքերը շահագրգռված են Կովկասում այդ սեղմ ձևաչափին հասնելուն։ 

Մենք տեսնում ենք, որ Մոսկվայից, այդուհանդերձ, այդքան էլ մեծ ու խանդավառ արձագանք չկա այդ ձևաչափի հանդեպ։ Ռուսները չեն դիմադրում, ավելին՝ մասնակցում են այդ խաղին, բայց Զախարովայի վերջին հայտարարոււթյունը, որ դա ամենևին էլ Ռուսաստանի գաղափարը չէ, այլ՝ Թուրքիայի ու Ադրբեջանի, ցույց է տալիս, որ Մոսկվան վերցրել է այդ խաղի մեջ դրված գաղափարն ու փորձում է խաղալ նաև այդ տիրույթում, բայց ամենևին խանդավառված չէ դրա հեռանկարով։ 

ԱՄՆ-ն ևս խանդավառված չէ, ու այս տեսանկյունից պարզապես տեղի են ունենում քննարկումներ, ու խոսել, թե ինչպիսին կլինի այդ ձևաչափը, շատ վաղ է, առավելևս, որ այստեղ էական նշանակություն է ունենալու, թե Իրանի միջուկային գործարքն ինչպիսի ընթացք կունենա։

Թեհրանը հայտարարեց նոյեմբերի վերջին բանակցության վերադառնալու պատրաստակամության մասին, ու եթե բանակցությունն իսկապես վերսկսվի, այսինքն՝ ԱՄՆ, Իրան, եվրոպական երկրներ, ապա այստեղ Իրանի մոտեցումները կարող են փոխվել նաև տարածաշրջանային ձևաչափերի վերաբերյալ։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am