Փաշինյանը ենթադրում է, որ Բրյուսելի հանդիպումը չի կայանալու Ալիևի կողմից իր մասնակցությունը չհաստատելու պատճառով

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ենթադրում է, որ Բրյուսելում հոկտեմբերի վերջին նախատեսված հանդիպումը չի կայանալու այն պատճառով, որ Ադրբեջանի նախագահը չի հաստատել իր մասնակցությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով հարցին՝ այն չեղարկվե՞լ, թե՞ հետաձգվել է:

«Նախատեսված է այդպիսի հանդիպում: Բայց հիմա փաստն այն է, որ հոկտեմբերին դա չի կայանա: Ենթադրում եմ՝ պատճառն այն է, որ Ադրբեջանի նախագահը չի հաստատել իր մասնակցությունն այդ հանդիպմանը: Բայց նաև կան աշխատանքային  մանրամասներ, որոնց առնչությամբ մենք առաջիկա օրերին Եվրամիության գործընկերներից կփորձենք պարզաբանումներ ստանալ և հասկանալ հետագա անելիքները»,-ասաց Փաշինյանը:

Թեև Հայաստանը որոշ հարցերի պատասխաններ արդեն ունի, վարչապետը չշտապեց դրանց վերաբերյալ գնահատական հնչեցնել: Հայաստանն այդ հանդիպմանը մասնակցելու պատրաստակամություն է հայտնել: