Տարոն Մարգարյանը շնորհավորել է եզդիների Նոր տարին

Տարոն Մարգարյանը շնորհավորել է եզդիների Նոր տարին
Տարոն Մարգարյանը շնորհավորել է եզդիների Նոր տարին

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել եզդիական համայնքին նոր տարվա` Տաուսի Մալակի կապակցությամբ: Շնորհավորանքն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ: 

«Եզդիական համայնքի հարգելի ներկայացուցիչներ,ի սրտե շնորհավորում եմ ձեզ եզդիների Նոր տարվա՝ Տաուսի Մալակի կապակցությամբ:

Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը դարերի պատմություն ունի և այդ ողջ ընթացքում երկուստեք բազում առիթներ ենք ունեցել համոզվելու, որ այն իսկապես անկեղծ ու անշահախնդիր է: Մեր երկիրը հայաստանաբնակ եզդիների համար իրապես հարազատ տուն է, և այդ տեսանկյունից բնավ զարմանալի չէ, որ աշխարհի եզդիները ևս անմասն չեն մնում Հայաստանի, այդ թվում նաև քաղաքամայր Երևանի շենացման ու հզորացման գործում իրենց ներդրումն ունենալու հարցում:

Թե՛ փորձության, և թե՛ ուրախության պահին հայերն ու եզդիները մշտապես եղել են կողք կողքի, ինչը գնահատվել ու գնահատվելու է ըստ արժանավույն: Դրա վառ օրինակն է նաև Երևանի ավագանու «Հանրապետական» խմբակցության կազմում եզդի համայնքի ներկայացուցչի առկայությունը, ինչը լավագույնս փաստում է, որ եզդիները լիարժեք ինտեգրված են նաև մեր հասարակությանը հուզող խնդիրների կարգավորման ուղղությամբ որոշումների կայացման գործում:

Մեկ անգամ ևս շնորհավորելով Տաուսի Մալակի կապակցությամբ՝ մաղթում եմ ձեզ քաջառողջություն, նորանոր ձեռքբերումներ և երջանկություն ու բարեկեցություն ձեր ընտանիքներում»:

© Medialab.am