Երևանը խեղդվում է փոշու ու անգրագիտության մեջ, 550 միլիոն՝ Նոր տարվա համար, ոչինչ՝ մաքուր օդի համար. Քրիստինա Վարդանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը 

– Տիկի՛ն Վարդանյան, ըստ օդի աղտոտվածության մոնիթորինգի ցուցանիշների` մայրաքաղաքում օդի աղտոտվածության ցուցանիշը 5-7 անգամ գերազանցում է համաշխարհային առողջապահական ցուցանիշները։ Նորմայում աղտոտվածության ինդեքսը չպետք է գերազանցի 50-ը, սակայն Երևանում վերջին օրերին այն հասել է 430-ի, ինչին վերջերս անդրադարձավ նաև քաղաքապետը։ Կխնդրեմ ասեք, թե ինչի՛ հետևանք է այս վիճակը, ու քաղաքապետարանը ի՞նչ պետք է աներ, որպեսզի օդի աղտոտվածության այս ցուցանիշը չլիներ։ 

– Քաղաքապետարանը սկզբից քաղաքապետի դեմքով ասում էր, թե օդի աղտոտվածությունը լեգենդ է, երբ մենք անընդհատ բարձրաձայնում էինք, որ Երևանում ունենք անթույլատրելի իրավիճակ, որն ուղղակիորեն սպառնում է բնակչության առողջությանը, այսինքն՝ նորածին երևանցին Երևանում մաքուր օդի հետ կապված պրոբլեմ ունի։ 

Հիմա, երբ խնդիրն ավելի խորացավ, որովհետև մենք ձմռան սեզոնում ենք, իսկ Երևանի համար ավելի խոնավ օդն ու մառախուղի առկայությունը այս գոգավորության պարագայում բերում են օդի շարժի խաթարմանը, ու նաև մենք այս սեզոնին չունենք քամիներ, որ ունենում ենք գարնանն ու ամռանը, այսինքն՝ մենք ունենք խնդրի ավելի խորացում։ 

Միայն խնդրի խորացման պարագայում արձագանքվեց՝ առանց հասկանալու, որ մենք ի սկզբանե ելակետային շատ վատ տվյալներ ունենք, դրա համար այս տարի մենք ունեցանք աննախադեպ աղտոտման ինդեքսը, որը դեկտեմբերի 12-ին հասավ 435-ի։ Եթե կհիշեք, ես ծառերը հատելիս էլ էի ասում, որ մենք Երևանում հենց փոշով պայմանավորված 12 անգամ գերազանցելու ենք օդի աղտոտվածության ցուցանիշը, իսկ Երևանի համար դա սովորական աղտոտիչ է: Մենք ելակետային շատ վատ իրավիճակ ունենք, այսինքն՝ սա շատ կանխատեսելի երևույթ է, որովհետև ունենք հինգ անգամ ավելի պակաս կանաչ ֆոն, որը ֆիլտրելու է: 

Մենք չունենք ծովեր, գետեր, որոնք օգնում են խնդրին, Գետառն էլ սարսափելի է, այսինքն՝ մենք գետն ուղղակի ծածկել ենք, իսկ Հրազդանն ինքը շատ մեծ օգնության կարիք ունի, որովհետև բազմաթիվ խնդիրներ ունենք Գետառի հետ կապված։ 

Մենք ունենք ահռելի չկարգավորվող շինարարություն, որը ոչ մի հիգիենիկ նորմի չի համապատասխանում, մենք չունենք բաց ու փակ տարածքների այն հիգիենիկ փոխհարաբերությունը, որը հնարավորություն է տալիս օդի աերացիայի նորմալ գործընթացներին, այսինքն՝ այս քաոտիկ շարված շենքերը նաև խանգարում են օդի բնականոն շարժի ընթացքին։ Բացի սրանից՝ շինարարությունը չի ընթանում շինհրապարակներին համապատասխան պահանջներով՝ մեքենան դուրս է գալիս փողոց կեղտոտ անիվներով, բաց թափքով, շինանյութը թափում են բաց ձևով, պատերի հղկում են էլի բաց ձևով, ու այդ փոշին թափանցում է շրջակա միջավայր, մարդիկ էլ դա շնչում են։ 

Էլ չեմ ասում, որ մենք աղետի նման ունենք աղբավայրը, որն այս տարի ամբողջ ամառ այրվում էր, և ունենալով նման ելակետային խնդիրներ, քաղաքապետարանն ուղղակի միլիոններ է ծախսում Նոր տարվա համար։ Այն, ինչը պարտավոր ենք ապահովել քաղաքապետարանի ու քաղաքապետի մակարդակով, չենք ապահովում, միայն խանգարում են։ 

Հատուկ ուզում եմ նշել, որ 2023-24-ին, երբ սկսվեցին ծառերի հատումները, ես անընդհատ ասում էի, որ էտի վիճակով պայմանավորված՝ մենք ունենք օդի ավազանի շատ վատ ցուցանիշներ: Խնդիրն ավելի է խորանալու, երբ դուք հինգ անգամ պակաս կանաչ ֆոնդի պարագայում հանում եք այդ խոշոր սաղարթ ունեցող ծառերը, այսինքն՝ միակ ֆիլտրող մակերեսը, իսկ փողոցների ծառերը նաև համարվում են բնակչության պաշտպանության առաջին շերտը, ու հիմա մենք պետք է տասը տարի սպասենք, մինչև այդ ծառերը մեծանան: Դրանց մեջ կան նաև այնպիսիք, որ մեծանան-չմեծանան, միևնույն է՝ էկո ծառայություն մատուցելու ֆունկցիա չունեն, քանի որ ունեն փոքր սաղարթ ու բացառապես դեկորատիվ, էսթետիկ հատկանիշներ։ 

 – Ձեր ասած ծառերը չկան, ունենք այն, ինչ ունենք, իրավիճակի կարգավորման համար ի՞նչ է անհրաժեշտ։

– Քաղաքի առաջին դեմքի մակարդակով նախ պետք է իրական վերահսկողություն սահմանել։ Երբ հայտարարում են, որ քաղաքում ունենք աննախադեպ թվով մեքենաներ, ու դրան զուգահեռ ասում են, որ չունենք ազոտի օքսիդներով առհասարակ աղտոտում, ու դա ասում է բնապահպանության վարչության պետի տեղակալը, ինքնին հակասում են իրենց, որովհետև մեքենաների շատ քանակը հենց ազոտի օքսիդներով աղտոտվածության հիմքն է, ու այդ ցուցանիշը մենք Երևանում ունենք։ 

Մեքենաների շատ լինելու պատճառը պետք է քննենք, եթե հանրային տրանսպորտը հասանելի լինի, մարդիկ այսքան մեքենաներ չեն գնի, այս քանակը պայմանավորված է նրանով, որ մենք չունենք նորմալ հասարակական տրանսպորտ։ 

Ոլորտային մասնագետներ են անհրաժեշտ, բնապահպանության վարչության պետը իրավաբան է, նա պետք է բնապահպանություն սովորի, որ հիմա նրան հանձնարարվել է գրել ռազմավարական ծրագիր: Անձը, որն այդ ոլորտի հետ առնչություն չունի, ինչպե՛ս պետք է գրի ռազմավարական ծրագիր Երևանի նման բարդ քաղաքի համար, որն ունի այսպես զուգակցված, տարատեսակ խնդիրներ։

Վերահսկողության հարցը պետք է դրվի, պրոֆեսիոնալ կադրերի հարցերը պետք է դրվեն, որովհետև մենք ունենք շատ ծանր առողջական վիճակում գտնվող Երևան քաղաք, որի համար որպես բժիշկ ընտրել ենք մասնագետների, որոնք բժշկության հետ որևէ կապ չունեն։ Այն վայ ռեֆորմները, որ արվում են այս հիվանդ քաղաքում, պարզ անգրագիտություն են։ 

– Տիկի՛ն Վարդանյան, այդ անգրագիտությունն ի՞նչ հետևանքներ է ունենալու մարդկանց առողջության վրա։

– Այդ անգրագիտության հետևանքներն ամեն օր մենք տեսնում ենք, դրա հետևանքն օդի վիճակի ավելի ու ավելի վատթարացումն է, որովհետև երբ ասում են, որ աննախադեպ ծառեր են տնկել, ասեմ, որ իրենց տնկած ծառերն ուղիղ համարժեք են այն ծառերի 30 տոկոսին, որ հատել են: 

Մենք դեռ տասը տարի պետք է սպասենք, որ այդ ծառը ծառ դառնա, որովհետև ծառն առաջին տասը տարիներին էկո ծառայություն չի մատուցում։ Էլ չեմ խոսում զանգվածային տոկոսներով չորացման մասին, որ և՛ Սայաթ-Նովայում չորացան, և՛ Մաշտոցի պողոտայում։ Ես՝ որպես մասնագետ ասում եմ, որ աննախադեպ է այն, ինչ արվեց բնապահպանական ոլորտում՝ բացասական իմաստով։

– Այսինքն՝ հիմա մեզ ի՞նչ է սպասում, տասը տարի պետք է սպասենք, մինչև ծառերը կարողանան էկո ծառայությո՞ւն մատուցել։

– Ամենատարրական բանը՝ պետք է սկսել փողոցները մաքրելուց, փոշեկուլներով մաքրելուց։ 550 միլիոն ծախսում են Նոր տարվա համար մեկ ամիս ուրախանալու նպատակով, իսկ հավաքարարներն ամբողջ տարին ավելը ձեռքներին փողոցներում են ու չեն էլ կարողանում փողոցները մաքրել։ Ամբողջ կենտրոնը կեղտի, փոշու մեջ կորած է։ 

Ժամանակին փոշեկուլներ էին գնվել, երկար տարիներ է՝ ես չեմ տեսնում այդ մեքենաները, որ Երևանում փոշին մաքրեն։ 21-րդ դարում, երբ դուք ձեզ թույլ եք տալիս այդչափ գումարներ ծախսել Նոր տարվա, բալետներ անելու համար, բնակչության՝ մաքուր օդ շնչելու սահմանադրական իրավունքը պարտավոր եք ապահովել:

Գնեք սարքեր, որոնք կմաքրեն փողոցները պատշաճ ձևով, փողոցները պետք է լվացվեն, ինչը ևս երկար տարիներ չենք տեսնում։ Զբաղվեք աղբավայրով, որովհետև դրանք ֆունդամենտալ գործեր են, որոնք պետք է իրականացնենք։ Չի կարելի չարորակ գոյացություն ունեցող հիվանդի համար գնել շատ թանկ զարդեր, որ ինքը ապաքինվի ու դրանք կրի, չի կարելի, չէ՞, այս աստիճան աչք փակել ու ջայլամի քաղաքականություն վարել։ Մենք ուզում ենք, որ մեր երեխաներն ուրախ լինեն, համեմատեք Երևանի տոնածառը Լոնդոնի, Հռոմի, Լոնդոնի տոնածառերի հետ, իրենք չե՞ն ուզում, որ իրենց երեխաները երջանիկ լինեն։ 

Չի կարելի այսպես, արդեն ամեն ինչ հատել է սահմանները, այստեղ առաջնորդվում են երեխաները լինեն երջանիկ ու հիվանդ տրամաբանությամբ, այսինքն՝ մենք մահանանք ծաղկող ծառերի ներքո, այ դա շատ ուրախալի է։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am