«Երևանում այսօր ամենամեծ աղտոտիչը փոշին է, և քաղաքում պետք է զանգվածային կանաչապատում իրականացվի». Քրիստինա Վարդանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է բժշկական գիտությունների թեկնածու, ԵՊԲՀ հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի դոցենտ Քրիստինա Վարդանյանը

– Տիկի՛ն Վարդանյան, վերջին շրջանում մասնագիտական գերատեսչությունից պարբերաբար հաղորդագրություններ ենք ստանում, որ օդի աղտոտվածությունը Երևանի տարբեր վարչական շրջաններում բարձր է: Բացի այդ, օգոստոսին Երևանի կենտրոնում տեղի ունեցավ ողբերգական պայթյուն: Որպես մասնագետ խնդրում եմ նշեք՝ որքա՞ն է բարձրացել աղտոտվածության մակարդակը, և որքա՞ն վտանգավոր դա կարող է լինել մարդկանց համար:

– Երևանի Կենտրոն վարչական շրջանում օդի աղտոտվածության խնդիրը պայմանավորված չէ միայն պայթյունով: Առհասարակ, Երևանում փոշու ու արտանետումների հետ կապված մեծ խնդիր կա: Պատճառները տարբեր են՝ մենք Երևանում ունենք շատ մեծ ավտոպարկ, և օդի հիմնական աղտոտիչը հենց ավտոպարկն է, ինչպես նաև հսկայածավալ շինարարություն է ընթանում: Երևանում որևէ շինարարություն չի կատարվում շինարարական նորմերին համապատասխան՝ տարածքը խոնավացնելու, հատուկ ցանցերով փակելու, շինհրապարակից դուրս գալիս անիվները լվանալու միջոցով:

Բացի այդ, Երևանում մենք ունենք բաց հանքեր, որոնք աշխատում են առանց սանիտարական պաշտպանության համապատասխան գոտիների, մինչդեռ դրանք պետք է լինեն նման տիպի գործունեության պարագայում:

Ինչ վերաբերում է պայթյունին, ապա կարող եմ ասել, որ մեր ունեցած խնդիրներին ավելացել է օդի ավազան արտանետված թունավոր նյութերի գոյությունը: Հաշվի առնելով վտանգավոր նյութերի գոյությունը՝ ես տարբեր միջոցներով հորդորում էի քաղաքապետարանի կանաչապատման ծառայությանը, որ բարձր շիթով մակերեսների, ծառերի լվացում կատարեն, պետք էր ամեն ինչ անել, այդ վտանգավոր նյութերը բարձր մակերեսներից իջեցվեին հողի մակերևույթ, որպեսզի չվնասեն մեր օգանիզմը: Խնդիր է, որ մենք Հայաստանում չունենք մշտադիտարկման հնարավորություն, թե ինչ նյութեր են արտանետվել մթնոլորտ:

– Կմանրամասնե՞ք, խնդրում եմ, ո՞ր մարմինն է դրա վերահսկողությունն իրականացնողը:

– Մենք ունենք տեսչական մարմիններ, և ոլորտային տեսչական մարմինն էլ հենց վերահսկողն է: Պետական մարմինները պետք է լրջորեն զբաղվեն այդ հարցով, որովհետև Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը օդի աղտոտվածությունը համարում է «անտեսանելի քիլլեր»:

Մենք պետք է ունենանք օդը ֆիլտրող համապատասխան ծավալի կանաչ ենթակառուցվածքներ, իսկ դրանք պակաս են, քան անհրաժեշտ նորմատիվն է: Մենք չունենք բնական անտառներ, որոնք կարող էին ֆիլտրել օդը:

Խորհրդային Միության ժամանակ Երևանում մեծ նշանակություն ունեին ջրային շատրվանները, ջրային մակերեսները, այդ տարինեին Երևանյան լիճը, Հրազդանի կիրճը հենց դրանով պայմանավորված խոշոր հանգստյան գոտիներ են եղել: Օրինակ՝ Հրազդանի կիրճում 400 հա կանաչ գոտի է, բայց այսօր իր ֆունկցիան լիարժեք չի կարողանում կատարել:

Իսկ ջրավազանները նախկինում եղած ծավալով չեն աշխատում: Շատ կարևոր է, որ դրանք վերականգնվեն, որովհետև Երևանում խոնավության մակարդակը դեռ շատ ցածր է, իսկ հավելյալ խոնավությունը նստեցնում է փոշին ու հարմար միջավայր ստեղծում մարդու համար, քանի որ Երևանի կլիման շատ ծայրահեղ կլիմա է:

– Ի՞նչ է հավելյալ խոնավությունը, ինչպե՞ս է այն ստացվում:

– Հավելյալ խոնավությունը ավելի հարմար է դարձնում չոր օդը: Ինքներդ էլ նկատած կլինեք, որ երբ դուք շատրվանի մոտ եք գտնվում, մի տեսակ ավելի զով է: Օրինակ՝ հիմա կան սրճարաններ, որոնք վարագույրի նման մանր ջրի շիթեր են ցողում, դա հավելյալ զովություն է հաղորդում, քանի որ օդի ջերմաստիճանը այս ամիսներին խիստ բարձր է, ու օդը՝ չոր:

Հիմա ամբողջ գիշեր քաղաքը չի զովանում, որովհետև քարն ամբողջ գիշեր իր ջերմությունը բաշխում է շրջակա միջավայր, և հատկապես քաղաքի կենտրոնական մասում առաջանում են ջերմային կղզիներ, որոնք ևս հավելյալ ծանրաբեռնվածություն են մեր առողջության համար:

Երբ մենք խոսում ենք էկոլոգիական խնդիրների, ջերմային աղտոտիչների մասին, անտեսում ենք աղմուկը, որը նույնպես շրջակա միջավայրի ֆիզիկական աղտոտիչ է: Երևանում մենք ունենք աղմուկի գերազանցման խնդիր, և մարդիկ նույնիսկ գիշերը չեն կարողանում ապահով վայելել:

– Իսկ հնարավո՞ր է Երևանում ստեղծել բնական կանաչ միջավայր, կա՞ն տարածքներ:

– Այո՛, իհարկե: Ոչ թե հնարավոր է, այլ պարտավոր ենք մեծ զանգվածներով կանաչապատ տարածքներ ավելացնել: Տեղեր դեռ կան՝ Ծիծեռնակաբերդի կանաչ լանջն է, Սարալանջը՝ ամբողջությամբ, Սիլիկյան թաղամասում կան հատվածներ: Այո՛, կան հողատարածքներ, որ հնարավոր է ստեղծել բուֆերային գոտիներ:

Այսօր Երևանում ստեղծված էկոլոգիական վիճակը կարող է բարելավվել, եթե կարողանանք զանգվածներով կանաչապատել: Խոսքը հեկտարների մասին է: Քաղաքում բաց հողային մակերեսներ չպետք է լինեն՝ դրանք կամ պետք է խոտածածկ լինեն, կամ լինեն թփեր:

Այսօր ամենամեծ աղտոտիչը փոշին է, և մեր շնչառության համակարգն այնպիսին է, որ այդ փոշու մասնիկները կարողանում են անցնել այդ համակարգի ամենաստորին հատվածը և ներծծվել արյան մեջ, առաջացնել փոփոխություններ թոքային հյուսվածքներում:

Ավելին ասեմ՝ կան 2021 թվականի գիտական ուսումնասիրություններ, որոնց համաձայն՝ այն երկրներում, որտեղ օդի ավազանի աղտոտվածությունը բարձր է, քովիդն ընթացել է բարդ ձևով, իսկ մահացության ցուցանիշը՝ ռեկորդային:

Այսինքն՝ մենք պետք է ամեն ինչ անենք, որ քաղաքում ջրային մակերեսները շատ լինեն, շատրվաններն անընդհատ աշխատեն, ցայտաղբյուրները աշխատեն:

– Մասնագիտական կառույցի տարածած պարբերական հաղորդագրությունների համաձայն՝ Երևանի Կենտրոնում է օդի ավազանն աղտոտված: Կբացատրե՞ք՝ ինչու է այդպես:

– Քաղաքն ունի գոգավորություն, և մեզ անհրաժեշտ են քամիներ, որ օդի ավազանը մաքրվի: Թամանյանը հենց այնպես չէր որոշել, որ ամենամեծ շեշտը պետք է դրվի կանաչապատման բաշխվածության վրա և հատկապես լանջերի կանաչապատման վրա, քանի որ գոգավորության լանջերից մաքուր օդն իջնում էր քաղաքի կենտրոն, ու արդյունքում օդի ավազանի ինքնամաքրման գործընթաց էր տեղի ունենում: Հիմա այդպես չէ:

Հիմա մեր առաջնահերթ խնդիրներից մեկը լանջերը նորից վերականգնելն է, որովհետև Կենտրոնը գոգավորության կամ, եթե պարզ ասեմ՝ փոսի մեջ է, այդ իսկ պատճառով քաղաքի ամենաաղտոտված մասը լինելու է Կենտրոնը:

Բացի այդ, գերկառուցապատումը Կենտրոն վարչական շրջանում է, օդի ավազանի աերացիան խախտված է Կենտրոն վարչական շրջանում:

– Տիկի՛ն Վարդանյան, ձեր շփումներն ի՞նչ են ասում՝ մարդկանց շրջանում կա՞ գիտակցում՝ գնալ, ապրել այնպիսի տարածքում, որտեղ օդը համեմատաբար մաքուր է, հեռանալ Կենտրոնից:

– Այո՛, բնակչությունը հասկանում է, որ Կենտրոն վարչական շրջանում ապրելը առողջությանը սպառնացող վտանգներ է պարունակում և պետք է աշխատել դուրս գալ Կենտրոնից: Ժամանակի ընթացքում պետք է անել այնպես, որ Կենտրոնը դառնա բիզնես հատված, ինչպես զարգացած երկրներում է:

Խցանումների քանակն աճում է և գնալով ավելի է աճելու, որովհետև մեր քաղաքում տրանսպորտային համակարգը զարգացած չէ, և մարդիկ նախընտրելու են իրենց սեփական մեքենայով տեղ հասնել, քան օգտվել հասարակական տրանսպորտից: Ժամանակի ընթացքում այս վիճակը խնդիրներ է առաջացնելու:

Լուրջ ծրագրեր պետք է իրականացնել, օրինակ՝ շաբաթ-կիրակի օրերը փակել Կենտրոնը և հետիոտների համար հարմարություններ ստեղծել, մարդիկ քայլեն դեպի կանաչ գոտի, կարգավորեն իրենց հոգեվիճակը, փոխեն տրամադրությունը և, վերջապես, օդ շնչեն:

Սա շռայլություն չէ, բնակչության կենսապահովման համար նորմալ պայմանների ապահովում է:

Հասմիկ Համբարձումյան