ՔԿ համակարգում գերբեռնվածության խնդիր չկա. միջին խտությունը եվրոպական երկրների ամենացածր ցուցանիշներից է

2021 թվականի համար նախատեսված ծրագրերը հիմնականում կապված են քրեակատարողական հիմնարկների արդիականացման, ինչպես նաև դատապարտյալների ու կալանավորված անձանց պահման պայմանների բարելավման հետ։ Քրեակատարողական համակարգի զարգացման, օպերատիվ կառավարման կենտրոնի ստեղծման, դատապարտյալների և կալանավորների էլեկտրոնային ռեգիստրի, նախատեսվող ծրագրերի և այլ հարցերի շուրջ «Արմենպրես»-ը զրուցել է ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության պետ Արթուր Գոյունյանի հետ:

– Նշանակումից հետո խոսելով համակարգի զարգացման Ձեր տեսլականի մասին’ նշել էիք, որ վերջնական նպատակներից մեկն է ունենալ միջազգային չափանիշներին համապատասխան քրեակատարողական համակարգ և պատժողական քաղաքականությունից անցում կատարել վերականգնողական արդարադատությանը: Արդյոք հասե՞լ եք այս նպատակների իրագործմանը, թե՞ դեռ անելիքներ շատ կան:

– Միջազգային չափանիշներին համապատասխանությունը և քաղաքականության ուղղվածության փոփոխությունը տևական ջանքեր պահանջող գործընթաց է, որտեղ առանձնահատուկ կարևորվում է վճռականության և հետևողականության դրսևորումը։ Երկար տարիներ համակարգը հիմնականում ծառայել է ազատությունից զրկված անձանց նկատմամբ պատժողական տարրերի ապահովմանը, նրանց վերասոցիալականացման ուղղությամբ տարվող աշխատանքները մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով ստորադասվել են պատժողական այդ քաղաքականության սկզբունքներին։ Ներկայումս նախատեսվում է առավել կարևորություն տալ հենց իրավախախտում կատարած անձանց վերականգնմանը և վերաինտեգրմանը հասարակության մեջ՝ բնականաբար որևէ կերպ չանտեսելով նաև հիմնարկներում անվտանգության և պահպանության ապահովման մյուս գործառույթները։

Վերականգնողական արդարադատությունը ենթադրում է վերասոցիալականացման ուղղությամբ դատապարտյալների հետ տարվող աշխատանքների էական ակտիվացում, նրանց ռիսկերի և կարիքների լիարժեք բացահայտում և գնահատում, վերականգնողական տարաբնույթ ծրագրերի իրականացում և այլն։

Անցած ժամանակահատվածում քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների հետ արդեն էականորեն ակտիվացվել էին սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքները, որոնք կազմակերպվել են հիմնականում հետևյալ ուղղություններով` հոգեախտորոշում (թեստավորում, հոգեբանական զրույց), սոցիալական (խորհրդատվական) և հոգեբանական թերապևտիկ (խորհրդատվական) աշխատանքներ, իրավական խորհրդատվություն, կանխարգելիչ աշխատանքներ, ինչպես նաև արտաքին աշխարհի հետ կապի բարելավման և սոցիալական ապահովության ուղղությամբ աշխատանքներ: Ներկայումս ընթացքի մեջ են տարաբնույթ մի շարք ծրագրերի մշակումը և իրականացումը, որոնց արդյունքները տեսանելի են դառնալու միայն որոշ ժամանակ անց։

Միջազգային չափանիշներին համապատասխանող քրեակատարողական համակարգ ունենալու տեսլականի կապակցությամբ ևս հարկ է նշել, որ այն մի շարք բաղկացուցիչների համակցություն է (քրեակատարողական հիմնարկների արդիականացում և ազատությունից զրկված անձանց պահման պայմանների բարելավում, վերջիններիս իրավունքների և ազատությունների պաշտպանության մեխանիզմների կատարելագործում, բժշկական օգնության և սպասարկման պայմանների բարելավում, վերասոցիալականացում, քրեական ենթամշակույթի և կոռուպցիայի հաղթահարում և այլն), որոնցից յուրաքանչյուրը կյանքի կոչելու ուղղությամբ չնայած արդեն իսկ կատարվել են որոշ գործողություններ, բայց և շատ են անելիքները։ Հետևաբար տեսլականի և վերջնական նպատակների իրագործման մասին դեռևս վաղաժամ է խոսելը։ Ամենակարևորը, որը պետք է շեշտադրել, մեր վճռականության և հետևողական կամքի առկայությունն է, ինչը հույս է տալիս համոզմունք ունենալու, որ քայլ առ քայլ մոտենալու ենք այդ տեսլականի իրագործմանը։ Կարծում եմ, որ Ձեր հաջորդ հարցերի պատասխաններով կկարողանամ մասնակի անդրադառնալ վկայակոչածս հիմնարար ուղղություններից յուրաքանչյուրով կատարված աշխատանքներին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում