ՆԳՆ-ն հերքել է լուրերը, թե ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ են փակել մարդկանց մասնակցությունը երևանյան հանրահավաքին կանխելու նպատակով

Հայաստանի ներքին գործերի նախարարությունն արձագանքել է սոցիալական ցանցերով տարածվող լուրերին, թե ոստիկաններն Աբովյանում փակել են ճանապարհները, որպեսզի մարդիկ չկարողանան լքել քաղաքն ու հասնել Երևան՝ մասնակցելու «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հրավիրած հանրահավաքին։

«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանն ասել է․

«Նշված ճանապարհի երթևեկությունը մի պահ դադարեցվել է դեպի Երևան եկող երթի մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով։ Երթի այդ հատվածով անցնելուց հետո ճանապարհը բացվել է։ Այս պահին դադարեցված է միայն Հանրապետության հրապարակի երթևեկությունը՝ հավաքի մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով, իսկ հանրապետությունում այլ փակ ճանապարհներ չկան։ Կոչ ենք անում չճշտված տեղեկություններ չհրապարակել»։