Դեռ վաղ է պնդել, որ TRIPP-ը զուրկ է միջանցքային տրամաբանությունից․ ԱՄՆ պետքարտուղարությունը կարևոր հարցերի պատասխան չի տվել․ Կարապետյան

Դեռ վաղ է պնդել, որ TRIPP-ը զուրկ է միջանցքային տրամաբանությունից․ ԱՄՆ պետքարտուղարությունը կարևոր հարցերի պատասխան չի տվել․ Կարապետյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը

-Պարո՛ն Կարապետյան, «Ազատության» հարցմանն ի պատասխան՝ ԱՄՆ պետքարտուղարությունից նշել են, որ TRIPP երթուղու սահմանային անվտանգության և մաքսային բոլոր գործառույթները մնալու են Հայաստանի վերահսկողության ներքո։ Այս պատասխանից կարո՞ղ ենք եզրակացնել, որ երթուղին չունի միջանցքային տրամաբանություն, ինչպես պնդում են Հայաստանի իշխանությունները։

– Այստեղ կա երկու կարևոր լուրջ խնդիր, որը ես դիտարկում եմ. բեքօֆիս ու ֆրոնտօֆիս խոսույթի համատեքստում առհասարակ գործարկումն ինչպե՞ս է համապատասխանեցնելու ու իրականացնելու հողի վրա, այսինքն՝ գնացող-եկողների առերեսումը, շփումն ինչպե՞ս են լինելու: Դա պատվիրակված է լինելու երրորդ երկրի ներկայացուցիչների՞ն, թե՞, ինչպես բոլոր մաքսակետերում, մեր ԱԱԾ սահմանապահ զորքերի հատուկ ստորաբաժանումն է իրականացնելու: 

Այդ նույն սկզբունքով՝ ստուգման համար փաստաթղթերը նրա՞նք են հավաքագրելու, նույն տրամաբանությամբ՝ տարանցման վճարները տրված են մե՞զ, որ մենք այդ ամենն անենք, թե՞ չէ: Սա է, որ դեռ հստակ պատասխան չունի, և երկրորդը՝ մինչև այս պահը դեռ հստակ հայտնի չէ, թե կոնկրետ որքա՞ն գումար պետք է հատկացնի ԱՄՆ-ն TRIPP-ի համար կոնկրետ իրենց մասով, ու այդ ֆինանսն իրենից ի՞նչ է ենթադրում: 

Եթե իրավական ու սուվերենության տեսանկյունից նայենք, ապա, այո՛, ստացվում է, որ սահմանային, մաքսային վերահսկողությունը պահպանվում է Հայաստանի մարմինների ձեռքին, ինչը նշանակում է, որ տարածքի նկատմամբ սուվերենությունը չի զիջվում, չկա արտատարածքային միջանցք, ինչի շուրջ հիմնականում վեճերն ու շահարկումները կան՝ հիմնավոր, երբեմն էլ անհիմն: 

Ըստ այսմ՝ Հայաստանը պահպանում է մաքսային օրենսդրության բոլոր իրավունքները, ու ստացվում է, որ կարմիր գիծը լիովին պահպանվում է: Բայց ես արդեն ասացի թե ի՛նչ կետեր կարող են թաքնված լինել այդ «վերահսկողություն» բառի ներքո, որի հստակ պատասխանը չի տրվում: 

ԱՄՆ պետքարտուղարությունը պետք է հստակ պատասխանի հետևյալ հարցերին. ո՞վ է ֆիզիկապես կանգնած լինելու սահմանին, արդյոք բեռները լիարժեք ստուգվելո՞ւ են, կա՞ «կանաչ միջանցք»՝ առանց ստուգման ռեժիմի, թե՞ ոչ: Հայաստանը կարո՞ղ է միանձնյա փակել երթուղին ճգնաժամի դեպքում կամ այլ առիթով: 

Կա՞ արտաքին օպերատոր: Բեքօֆիս ու ֆրոնտօֆիսով հողի վրա ինչպե՞ս են կարգավորվելու մեր սահմանապահ մարմինների գործառույթները: 

Եթե այս հարցերին տրվի հստակ պատասխան, նոր միայն հնարավոր կլինի լիարժեք պնդել, որ սա օգուտ կամ վնաս է Հայաստանի համար: Իմ գնահատմամբ՝ այս պահին մենք գործ ունենք ոչ թե վերջնական լուծման հետ, այլ սա բանակցային միջանկյալ փուլի պատկեր է:

–Պարո՛ն Կարապետյան, քանի դեռ այդ հարցերը հստակեցված չեն, կարո՞ղ ենք ասել, որ ԱՄՆ պետքարտուղարության արձագանքը ավելի շատ ընդհանուր դիվանագիտական ձևակերպում է, քան վերջնական հստակեցում։

– Այո՛, սա կարելի է դիտարկել բանակցային մի փուլ, ու եթե հայկական կողմը շարժվում է բացառապես ազգային, պետական շահերով, ապա պետք է իմ հնչեցրած հարցերին պաշտոնական պատասխաններ տան: Եթե հնչեն այդ պատասխանները, ու դրանք փարատեն իմ ու հայ ժողովրդի մի ստվար հատվածի մտահոգությունները, ապա հստակ կարելի կլինի գնահատական տալ, որ այս ծրագիրը հօգուտ Հայաստանի է: 

-Իշխանությունները նշում են, որ TRIPP երթուղու շինարարությունը շուտով կմեկնարկի։ Տարածաշրջանային լարվածության, մասնավորապես ԱՄՆ-Իրան հարաբերությունների ֆոնին, որքանո՞վ է իրատեսական նման մեգանախագծի շինաշխատանքների մեկնարկը մոտ ապագայում։

– Շինաշխատանքների մասին դեռ վաղ է խոսել, ես դեռ չեմ տեսել կամ դա գաղտնի կերպով է իրականացված, թե Սյունիքի հատկապես այդ 40-44 կիլոմետր հատվածում ի՛նչ աշխատանքներ են կատարվում: Ես անգամ չեմ լսել, որ մոնիթորինգային ճարտարապետաշինական աշխատանքներ են տանում, հստակեցված թվեր կան, ներդրումներն ինչպիսին են: Ես նշեցի՝ պետքարտուղարությունն արդյոք պատրաստվո՞ւմ է գումար ներդնել, ինչի՞ դիմաց ու առհասարակ որքա՞ն գումար է պատրաստ ներդնելու այդ լոգիստիկ մեգապրոյեկտն իրականացնելու համար: 

Եթե նաև դիտարկում ես աշխարհագրական դիրքը, ապա ահռելի աշխատանքներ պետք է կատարել, որոնք ոչ միայն ամիսների աշխատանք չեն, այլ նաև տարիներ են պահանջելու: Հետևաբար սա այն մեգապրոյեկտն է, որի իրագործումը պահանջելու է առնվազն 3-4 տարի, եթե արագացված ռեժիմով այն կյանքի կոչեն ու շահագործման հանձնեն: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am